«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Վալերի Պերմյակովի հայրը խարիզմատիկ աղանդավորական եկեղեցու հոգևոր հովիվ է
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի անդամներին դաժանորեն սպանած ՌԴ ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի հայրը' Պավել Պերմյակովն աղանդավորական «Вера, Надежда, Любовь» եկեղեցու հոգևոր հովիվն է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ եկեղեցու կենտրոնը Բալեյ քաղաքն է, և ունի բազմաթիվ կենտրոններ Ռուսաստանում: ««Вера, Надежда, Любовь»-ը խարիզմատիկ եկեղեցիների շարքին է պատկանում, ինչպես օրինակ Հայաստանում գործող «Կյանքի խոսքը»: Խարիզմատիկ եկեղեցին առանձնանում է նրանով, որ իր հետևորդները կարող են ունենալ հոգեկան շեղումներ, նաև հակված լինել բռնության, դաժանության»,- ասաց Ամարյանը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
***
Ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվել է
Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն' ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անց կացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):
Ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներն՝ ելնելով անվտանգության նկատառումներից նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
***
«Խոսքը ծանրագույն հանցագործության մասին է». Հայաստանում պահանջում են պատժել Պերմյակովի հրամանատարությանը. Lenta.ru-ի անդրադարձը
Հունվարի 13-ի գիշերը հայ-թուրքական սահմանին ձերբակալված ռուս զինվոր Վալերի Պերմյակովը, ով սպանել է Գյումրիում ապրող ընտանիքի վեց անդամի, հարցաքննության ժամանակ ընդունել է իր մեղքը: Այս մասին գրել է Lenta.ru-ն:
Ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմերը քրեական գործ են հարուցել Պերմյակովի նկատմամբ:
Հայկական մամուլում, մինչդեռ, կոչ են անում դուրս բերել ռուսական ռազմակայանները:
«Հասարակությունը պետք է գնա ռացիոնալ ճանապարհով և լիակատար վերահսկողություն սահմանի հանցագործության քննության հանդեպ, հնարավորինս արագ հասնի հանցագործության հնարավորինս լիարժեք բացահայտման և ստանալով լիակատար պատկերը՝ արդեն մտածի հետագա անելիքների մասին, որի շարքում իսկապես կարող է բարձրացվել բազայի դուրսբերման կամ մի շարք կարևոր պայմանների վերանայման հարց»,- գրել է 1in.am-ը:
Ռուսական ռազմակայանի հարցի շուրջ դժգոհությունն անցյալում արդեն հայտնել է Հայաստանի ընդդիմությունը: «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները, մասնավորապես, դեմ են հանդես եկել դրա Հայաստանում տեղակայվելու ժամկետի ընդլայնմանը' պահանջելով հաստատել ռազմակայանի տեղակայման վարձավճարը (գործող պայմանագրերի շրջանակներում նման վճարումը նախատեսված չէ):
***
Իսլամիստները նոր շարժում են ստեղծել Ադրբեջանում
Ադրբեջանի իսլամիստները «Մուսուլմանների միասնություն» կոչված նոր շարժում են ստեղծել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է islamazeri.az լրատվական կայքը:
Նշվում է, որ շարժումը ստեղծել է Ադրբեջանի իսլամական կուսակցության' ներկայում կալանավորված նախագահ Թալե Բաղիրզադեն:
Ադրբեջանցի աստվածաբան Էլչին Գասըմովի խոսքով' նոր շարժումը կոչված է պաշտպանելու ադրբեջանցիների ազգային եւ հոգեւոր արժեքները: «Ադրբեջանական ժողովրդի ազգային-հոգեւոր արժեքները գործնականում ամբողջությամբ համընկնում են իսլամական արժեքների հետ: Նոր շարժումը պայքարելու է իմպերիալիստական ուժերի բացասական ազդեցության դեմ, եւ ազգային ու իսլամական արժեքներին պահապան է կանգնելու», -ասել է Գասըմովը:
***
Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա
Գյումրիում դատախազության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները քիչ առաջ որոշում կայացրին իրենց բողոքի ակցիան շարունակել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ:
Մինչ այնտեղ ուղևորվելու որոշում կայացնելը, Լևոն Բարսեղյանն ընթերցեց Քննչական կոմիտեի և ՀՀ Գլխավոր դատախազության կողմից արված հայտարարությունները:
***
Քրեական գործը Ռուսաստանի իրավապահ մարմիններին չի ուղարկվել. Շիրակի մարզի դատախազ
Քրեական գործը Ռուսաստանի իրավապահ մարմիններին չի ուղարկվել: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են Վալերի Պերմյակովին հանձնել հայկական կողմին և ՀՀ իրավապահ մարմինները քննեն գործը:
«Նախաքննությունը շարունակվում է: Այս պահին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել և սա նշանակում է, որ մենք իրականացնում ենք մեր նախաքննությունը՝ անկախ մյուս կողմից ձերբակալելու հանգամանքի»,- ասաց նա:
Դատախազըբողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկեց սպասել մի քանի օր և շարժվել Դատախազության առջև, մոտ 20 հոգանոց խմբով բարձրանալ դատախազություն, սակայն առանց լրատվամիջոցների:
Րաֆֆի Ասլանյանի պնդմամբ՝ այս բողոքի ակցիան որևէ օգուտ չի տալու գործին:
***
Ռուսական բազայի մոտ հավաքված գյումրեցիները պայմանավորվեցին մեկ օր սպասել դատախազության պատասխանին
Գյումրեցիների նախաձեռնած բողոքի երթը, որը տեղափոխվել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ խաղաղ ավարտ է ունցել: Ռուսական ռազմաբազայի մոտ երթի մասնակիցներին մոտեցավ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ով հորդորեց քաղաքացիներին միասին շարժվել դեպի մարզային դատախազության շենք:
Նա նշեց, որ Պերմյակովն արդեն որպես մեղադրյալ ներգրավվել է քրեական գործում. «Սա նշա նակում է, որ մենք իրականացնում ենք մեր նախաքննությունն, անկախ նրանից, թե ում մոտ է նա գտնվում»: Ասլանյանն առաջարկեց շարժվել մարզային դատախազության շենքի մոտ և քննարկել խնդիրն այնտեղ: Այնուհետև նա հեռախոսակապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ և երթի մասնակիցներին փոխանցեց գլխավոր դատախազի խոսքերը:
«Այսօր երեկոյան տեղի են ունենալու խորհրդակցություններ, որոնք վաղն առավոտյան նույնպես շարունակվելու են։ Խորհրդակցությունների ավարտից կլինի հայտարարություն, թե ինչ է կատարվելու նշված քրեական գործով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' փոխանցել է Ասլանյանը: Շիրակի մարզի դատախազը վստահեցրեց, որ Ավետիսյանների ընտանիքի հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության քրեական գործի քննությունն ընթանում է, և որ բոլոր մեղավորները պատժվելու են:Շարունակությունն՝ այստեղ:
***
Պատասխան ստանալու իրավունք ունենք. Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվեց Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի կարգ:
Տերունական աղոթքից ու կարգից հետո սրբազանը ժողովրդին հարցի պահանջատիրության, բայց նաև զգոնության կոչ արեց: «Այնքան վիշտ կա մեր սրտում, որ ասելիք չի թողնում: Համազգային ողբերգության մեջ ենք: Երեք օր է' փորձում ենք հասկանալ անհասկանալին, ըմբռնել՝ անըմբռնելին, բացատրել՝ անբացատրելին:
Մեր մարդկային բանականությունից վեր է այս եղեռնագործությունը հասկանալն, ընդունելն ու բացատրելը: Ոճիրը գործված է անակնկալ, և ոճրագործն արդեն իսկ կորցրել է մարդ կոչվելու իրավունքը: Այս 50 տարվա մեջ «վիժվածք» բառն ինձ հասկանալի չէր, հիմա հասկանալի դարձավ: Մենք մի պահ պատկերացրինք, որ ռազմի դաշտում ենք, և Ավետիսյանները գտնվեցին առաջին գծում և ընդունեցին հարվածն իրենց վրա:Շարունակությունն՝ այստեղ:
***
Պերմյակովի քրեական գործը կքննեն ՀՀ և ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունվարի 14-ինհանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են:
Բանակի գեներալ Ա.Բախինը հայտնել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրա վված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն ՀՀ և ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները: