Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվեց Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի կարգ:

 

Տերունական աղոթքից ու կարգից հետո սրբազանը ժողովրդին հարցի պահանջատիրության, բայց նաև զգոնության կոչ արեց: «Այնքան վիշտ կա մեր սրտում, որ ասելիք չի թողնում: Համազգային ողբերգության մեջ ենք: Երեք օր է' փորձում ենք հասկանալ անհասկանալին, ըմբռնել՝ անըմբռնելին, բացատրել՝ անբացատրելին:

 

Մեր մարդկային բանականությունից վեր է այս եղեռնագործությունը հասկանալն, ընդունելն ու բացատրելը: Ոճիրը գործված է անակնկալ, և ոճրագործն արդեն իսկ կորցրել է մարդ կոչվելու իրավունքը: Այս 50 տարվա մեջ «վիժվածք» բառն ինձ հասկանալի չէր, հիմա հասկանալի դարձավ: Մենք մի պահ պատկերացրինք, որ ռազմի դաշտում ենք, և Ավետիսյանները գտնվեցին առաջին գծում և ընդունեցին հարվածն իրենց վրա:

 

Այդ մարդանման կենդանին կարող էր մեզանից յուրաքանչյուրի տուն մտնել: Սա անմեղ մանկանց կոտորած էր, ովքեր հարվածն իրենց վրա վերցրեցին և իրենց նահատակությամբ փրկել են մեզ: Այստեղ առաջանում են հարցեր, որոնց պատասխանը մենք ակնկալում ենք ստանալ, մենք ուրիշ բան չենք ուզում՝ եթե ոչ ապահովություն ու խաղաղություն:

 

Մենք զինվորին միշտ համարել ենք իբրև խաղաղության երաշխավոր ու ապահովության գրավական, այլ ոչ թե որպես գիշերը մեր տունը մտնող ու մեր զավակներին սպանող: Ուրեմն, ինչ- որ բան ինչ-որ տեղ սխալ է, ու մենք այդ սխալը սրբագրել ենք պահանջում: Զինվորը չի կարող ոճրագործ լինել, ասկյարն է ոճրագործ լինում:

 

Եվ այստեղ պետք պարզվի, թե ով է մեղավոր, որ այդպիսի երևույթ կա, որ մութ ուժն է. գտնել է պետք այդ մութ ուժը: 2015 թվականին մենք հերթական եղեռնին պատրաստ չէինք, և այն էլ' եղբայրական հավատով ազգի ներկայացուցչի կողմից: Սովորական քաղաքացի չէ' հանցագործությունը կատարողը զինվոր է, ինչը նշանակում է, որ պետությունը պարտավորություն ու պարտականություն ունի պատասխան տալու դրա համար, և այդ պատասխանը Գյումրիի ժողովուրդն իրավունք ունի պահանջելու ՌԴ-ից, որքան էլ որ այդ երկիրը մեծ և հզոր երևա:

 

Գյումրեցին չի վախեցել թուրքից, պարսիկից, չի կարող վախենալ և այսուհետ չի վախենա որևէ մեկից և պատասխան է պահանջում: Մեզ կոչ են անում, և մենք էլ ձեզ կոչ ենք անում սթափության և հավասարակշռության: Ոչ մի ավելորդ քայլ չպետք է լինի: Մենք հավասարակշիռ ժողովուրդ ենք: Հիմարությանը հիմարությամբ չենք պատասխանում, բայց պատասխան ստանալու իրավունք ունենք և, եթե այս քաղաքում կա հաստատություն, որը վնաս է մեր քաղաքի բնակչությանը՝ այդ հարցը պետք է քննարկվի:

 

Մենք ընդամենը պատասխան ենք ուզում՝ հեղափոխություն, արյունահեղություն չենք ուզում: Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, մենք ուժեղ ժողովուրդ ենք, մենք եղեռն ենք տեսել և պետք է ապրենք, ստեղծագործենք ու շենանանք, և պետք է շենանա Ավետիսյանների օջախը: Աստված առողջություն տա զավակին»,- իր առաջնորդական խոսքում նշեց Միքայել սրբազանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով բոլորին աղոթելու փոքրիկ տղայի առողջության համար:

 

Արմենուհի Մխոյան