Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ բանաձևում կողմ են քվեարկել ադրբեջանական այն առաջարկությանը, համաձայն որի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին կանվանափոխվի Ղազանչի։ Առաջարկությունը ներկայացրել էր ադրբեջանական պատվիրակությունը, իսկ հայկական պատվիրակությունը դեմ էր արտահայտվել՝ նշելով, որ այն կառուցվել է հայերի կողմից հայերի համար, սակայն, առաջարկությունն ընդունվել էր ԵԽԽՎ մեծամասնության կողմից:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը զարմանք արտահայտեց, թե ինչպես կարելի է համակերպվել այն մտքին, որ մեր եկեղեցին ուրիշի տիրապետության տակ է․ «Որքան հիմարություն է ադրբեջանցիների առաջարկը, նույնքան տխմարություն է հայերի պահանջը։ Ոչ մի խելացի բան չկա, պարզապես փոթորիկ, ջուր են ծեծում, կարծում են, թե մի մեծ գործ են անում։ Հիմա, եթե նույնիսկ ադրբեջանցիներն անվանեն Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցի, դրանից բա՞ն է փոխվում, այսինքն դա մխիթարո՞ւմ է հայ ժողովրդին, եթե մեկ է՝ մնալու է նրանց իշխանության տակ և օգտագործեն կամ իբրև մզկիթ, կամ իբրև թանգարան, կամ որևիցե այլ բան, դրանով մխիթարվել, բավարարվել կլինի՞։ Ցավոք, մեր հազարամյա պատմության 200 տարին դրանով ենք զբաղված՝ ապացուցելու, որ Աղթամարը հայկական է։ Եթե հայկական է ՝պետք է լինի հայի տիրապետության ներքո, եթե ոչ՝ ի՞նչ են ջուր ծեծում, եռանդ ու էներգիա վատնում դրա վրա»,- ասաց Սրբազանը։
Ըստ Աջապահյանի՝ մեր եկեղեցիները պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, որպեսզի դրանց դեմ ոտնձգություններ չլինեն․ «Շուշին պետք է լինի մեր վերահսկողության տակ, հայկական զորքերը պետք է լինեն այնտեղ, մնացած բոլորը հեքիաթներ են և այդ հեքիաթներով ապակողմնորոշել պետք չէ։ Դրանցով պետք է ոչ ոգևորվել, ոչ մխիթարվել։ Շուշին կամ հայկական պետք է լինի, կամ չի լինի ընդհանրապես, ուրիշ ճանապարհ չկա և ուրիշ ճանապարհ չկար։ Շուշին հանձնել և հետո աղաչել, պաղատել, խնդրել, որ եկեղեցին չքանդեն՝ դա հայկական հինավուրց, հիմար ավանդույթ է։ Որպեսզի եկեղեցին չքանդեն՝ այդ եկեղեցին պետք է լինի քո վերահսկողության ներքո, եթե չէ, ուրեմն ինչ ուզենան՝ կանեն»,- նշեց Աջապահյանը։
Ինչ վերաբներում է անվանմանը, որ Սուրբ Ամենափրկիչն անվանափոխվի Ղազանչի, ապա Սրբազանը նկատեց, որ այն եկեղեցու անուն լինել չի կարող․ «Անիմաստ բան է, ես չեմ հասկանում Ղազանչին ի՞նչ կապ ունի էդ եկեղեցու հետ։ Եկեղեցու անունը Սուրբ Ամենափրկիչ է, Ղազանչեցոց կոչվել է, որովհետև հիմնականում ղազանչեցիներն են կառուցել։ Ամեն տեսակ անգրագիտություն իրենց կարող են թույլ տալ բոլորը։ Եկեղեցու անունը ո՞նց կարող է լինել Ղազանչի, ասենք՝ կարո՞ղ է լինել Վլադիվաստոկ, չի կարող չէ՞»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը։
Սոնա Հարությունյան