Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած բարեփոխումներն ու տարկետման իրավունքների տրամադրման վերաբերյալ օրենքի նախագիծն այս օրերին հասարակության շրջանում դարձել են քննարկումների և քննադատությունների առարկա: Այս հարցում հասարակությունն ունի իրարից տարբեր երկու հակադիր տեսակետներ: Իրավիճակն այլ է ՀՀ ԱԺ-ում, որտեղ որպես օրենքի նախագծի քննադատներ և ընդդիմախոսներ՝ հանդես եկան միայն ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորները, որոնց բերած պատճառաբանություններին ի պատասխան՝ նախարարը նշում էր, որ բոլորը պետք է ծառայեն բանակում՝ այդ թվում և հոգևորակնները:

Հոգևորականներին զինծառայության ուղարկելու՝ նախարարի այս տեսակետի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ.

-Սրբազա՛ն, Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, որն արժանացավ բուռն քննադատության հատկապես մեր երիտասարդների շրջանում: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետն այս նախագծի վերաբերյալ:

-Ես կարծում եմ, որ բոլորը պետք է գնան՝ բանակում ծառայեն: Այս ընդդիմախոսներին ասում եմ՝ եղբա՛յր իմ,  տղամարդու համար բանակը նույնպես շատ կարևոր միջավայր է, տղամարդը պետք է ծառայի՝ լինի նա հոգևորական, թե գիտությամբ զբաղվող ուսանող: 

-Ի դեպ, հեգևորականներին զինծառայության ուղարկելու հարցը նույնպես ընդդիմախոսների քննադատության թիրախ դարձավ: Արդյո՞ք մեր հոգևոր դասի ներկայացուցիչները պետք է մեկնեն ծառայության և կանգնեն առաջնագծում:

-Ես դեռ այս նախագծի շուրջ ծավալված քննարկումներից առաջ էլ ասել եմ՝ այո՛, հոգևորականները պետք է գնան բանակ և անցնեն ոչ թե հոգևոր ծառայության, այլ՝ հենց զինվորական, ուստի՝ այս նախագծին երկու ձեռքով  կողմ եմ: Նրանք, ովքեր բռնում են հոգևորականի ուղին, թող նախ ծառայեն որպես զինվոր, որից հետո կծառայեն որպես հոգևորական: Ի՞նչ է եղել, ինչպես ես, այնպես էլ իմ սերնդակից այլ հոգևորականներ՝ ճեմարանում սովորելը կիսատ ենք թողել և մեկնել զինվորական ծառայության, և դրանից միայն շահել ենք: Նա, ով ամուր է կանգնած և գիտի իրեն ինչ է պետք, այդ 24 ամիսներից հետո էլ կարող է գալ և իրագործել այն, ինչն իրեն պետք է:

-Այս նախագծի քննադատները չմոռացան հիշել նաև ճեմարանում սովորող երիտասարդներին՝ ընդգծելով, որ շատ հաճախ Հայաստանում մարդիկ իրենց որդիներին ուղարկում են ճեմարան միայն նրա համար, որ բանակում չծառայեն: Այս տեսակետն արդյո՞ք չի նվաստացնում ճեմարանի դերը մեր կյանքում, նման դեպքերի ականատես եղե՞լ եք:

-Այո՛, հենց դրա համար պետք է հոգևորականներին էլ տանել զինվորական ծառայության: Այո՛, շատ հաճախ մարդիկ գալիս են հոգևոր ճեմարանում սովորելու միայն նրա համար, որ չգնան բանակ: Ուստի, հոգևորականներն էլ, գիտությամբ զբաղվողներն էլ պետք է հավասար լինեն հարության մեջ: Թող օրենք ընդունվի և այդ տարբերությունը վերացվի:  

Աղավնի Սուքիասյան