«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Ուրուգվայի նախագահը ազգային հեռուստատեսությամբ շեշտել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան երկրի ազգային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված իր ելույթում խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին եւ կարեւորել 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, Ուրուգվայի նախագահը մասնավորապես ասել է:
«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում հրեա ժողովրդին: Նրանք մեր ազգի կարեւորագույն մասերից են: Մենք չպետք է մոռանանք նաեւ Հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը: Ուրուգվայը պնդում է, որ պատշաճ հարգանք ու հանդուրժողականություն պետք է լինի մարդկության դեմ գործած բոլոր հանցանքների համար»,- ասել է Մուխիկան' հավելելով, որ միայն խիստ եւ ուժեղ կրթո ւթյունը, եւ հանդուրժողականությանն ուղղված թրեյնինգները կարող են դառնալ աշխարհում խաղաղ գոյակցության երաշխավորը:
***
Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Երևանի տոնավաճառների աշխատակիցները, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր պայքարելու են եկել փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։
Առևտրականները հայտարարեցին, որ ցանկանում են գործունեություն ծավալել նախկինի պես՝ վճարելով հաստատագրված վճար, և իրենց պահանջն է՝ կասեցնել նոր օրենքի կիրառումը: Նրանց խոսքով՝ փոքր և միջին բիզնեսը չի կարող այդպես աշխատել, քանի որ չունեն մեծ եկամուտներ:
***
Հարուցվել է քրեական գործ՝ Երեւանում տեղակայված N զորամասի զինծառայողին սպանելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում տեղակայված N զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։
2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
***
Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ
Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 4 անձ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:
***
Գագիկ Ծառուկյանը՝ ժողովրդի հետ, ժողովրդի համար. ԲՀԿ-ն աջակցում է ՓՄՁ ցուցարարներին
Այսօր բավականին լարված մթնոլորտում կառավարության շենքի առջև շարունակվեց Երևանի և մարզերի տոնավաճառների աշխատակիցների, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ակցիան, ովքեր պայքարում են փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։
Թեպետ առավոտվանից կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում էին վարչապետից ներքև իջնել, բայց որոշվեց, որ քաղաքացիներից 15 հոգի բարձրանա կառավարության շենք՝ վարչապետի հետ հանդիպելու:
Վարչապետի և ՓՄՁ ներկայացուցիչների հանդիպման ավարտից հետո որոշվել է, որ գործադիրի ղեկավարը հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի երկուշաբթի օրը՝ ժամը 18.00-ին:
***
Լիովին համաձայն եմ փոքր ու միջին ձեռներեցների պահանջին. Կարեն Կարապետյան
««Շրջանառության հարկի մասին» չարաբաստիկ օրենքը կարծես պատուհաս է դարձել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այլև կառավարության համար: Անսխալական մարդիկ չեն լինում, կարևորը ժամանակին սխալը շտկելու ունակությունն է: Այնինչ, օրենքի հեղինակների կողմից կատարված սխալն ընդունելու քաջության բացակայության արդյունքում հազարավոր մարդիկ չեն գտնում իրենց հարցի լուծման այլ ճանապարհ, քան փողոց դուրս գալն է: Փաստը մնում է փաստ, որ հանրապետության տարբեր բնակավայրերի փոքր ու միջին ձեռներեցության բազմաթիվ ներկայացուցիչներ փորձում են իրենց պահանջը հասցնել պատկան մարմիններին: Կտրականապես դեմ լինելով որևէ հարցում ծայրահեղ ցանկացած քայլի, այդուամենայնիվ չեմ կարող մեղադրել այդ մարդկանց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում սպառնում են գործադուլով: Հարցն այն է, որ այսպես թե այնպես, օրենքի կիրառումը լուրջ հարվածներ է հասցնելու փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող այս քաղաքացիներին, ուստի հասկանալի է իրենց տրամաբանությունը, թե ավելի լավ է չաշխատել, քան վնասներ կրել:
Ես առիթ ունեցել եմ քանիցս իմ տեսակետն արտահայտել այս հարցի կապակցությամբ և հիմա էլ իմ համաձայնությունն եմ հայտնում այդ քաղաքացիների հետ, որ այս օրենքն առաջին հերթին մեծ ռիսկայնություն է պարունակում կոռուպցիայի տեսակետից, քանզի հավելյալ սուբյեկտիվ հնարավորություններ են ընձեռվում հարկային մարմիններին: Մյուս կողմից, իսկապես անթույլատրելի է խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերել փոքր ու միջին ձեռներեցության միջոցով, քանի որ, ինչպես արդարացիորեն նշում են վերջիններիս ներկայացուցիչները, փոքրերը տուժելու են, քանի որ մեծերն ունեն ավելի շատ լծակներ իրենց ճնշելու համար:
Ուղղակի անթույլատրելի եմ համարում նման հակադրության ձևավորումը, առավել ևս ի վնաս փոքր ու միջին բիզնեսի: Վստահ եմ, որ համապատասխան մարմինները շատ լավ գիտեն ստվերում գտնվողների տեղը ու խոշոր ձեռներեցների իրական շրջանառությունը: Իսկ եթե չգիտեն, ապա մնում է տարակուսել, թե ինչի համար են հարկատուների հաշվին պահվում այդ կառույցները: