«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց ու հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք նաև պահանջում են իրավիճակի հստակեցում:
«Լիդիան Արմենիա»-ի աշխատակից, կենսաբազմազանության մասնագետ Մխիթար Արշակյանը նշում է, որ հանքի շահագործումը որևէ վտանգ չի պարունակում:
«Ես 10 տարի առաջ պայքարել եմ հանքի շահագործման դեմ, բայց սկսեցի աշխատել «Լիդիան Արմենիա» ընկերությունում և հասկացա, որ այն շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում»,- ասաց նա:
Բնակիչները մինչ այդ երկու նամակ են փոխանցել վարչապետին և այժմ սպասում են պատասխանի: Իրենց խոսքով' չեն հեռանալու Կառավարության շենքի դիմացից, մինչև իրենց պահանջը չբավարարվի:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Միքայել Նահապետյանը հայտնեց, որ ընկերության աշխատակիցների պահանջը փոխանցել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին:
Հուլիսի 13-ին հայտարարություն են տարածել նաև Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի բնակիչները՝ դիմելով կառավարությանն ու կոչ անելով վերջ տալ Ամուլսարի ճանապարհների շրջափակմանը և ապահովել արժանապատիվ աշխատելու մեր սահմանադրական իրավունքի վերականգնումը։
Հուլիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա:
Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը փակ են պահում բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանք պահանջում են դադարեցնել հանքի շահագործումը, քանի որ գտնում են, որ դրա շահագործումը վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, նշում է, որ բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցվել: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով ընկերությունն օրական 500 հազար դոլարի վնաս է կրում: Շրջակա համայնքների 500 աշխատողները զրկվում են ապրուստի հիմնական միջոցից, և կրքերը բորբոքվում են: Ընկերությունը դիմել է կառավարություն և բոլոր պատկան մարմիններին և սպասում է կոնկրետ գործողությունների: