Գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները այսօր ևս հավաքվել են Կառավարության շենքի առջև և պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխություններ:

«Բարձրացնում են պետտուրքը 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար նախկինում եղել է 100 000 դրամ՝ սահմանվում է 6 000 000 դրամ, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 դրամ»,ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գրավատան ներկայացուցիչ Արմեն Ալախվերդյանը:

Վերջինս հայտնեց, որ այս փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ գրավատները կփակվեն։ Գրավատան ներկայացուցիչները խնդիրը ներկայացրել են Ալեն Սիմոնյանին, որը խոստացել է համապատասխան մարմիններին հայտնել, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չի եղել։ Գրավատան ներկայացուցիչները սպասում են պարզաբանումների: