Այսօր առավոտից Կառավարության շենքի մոտ երթով, իրենց աշխատանքային համազգեստով բողոքի ակցիա էին անցկացնում Ջերմուկում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Լիդիան-Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու հարակից գյուղերի բնակիչները:
Նրանք իրենց հետ բերել էին «Վե՛րջ սաբոտաժին», «Մենք ենք տերը մեր հանքի» գրառումներով պաստառներ և պահանջում են հարգել իրենց աշխատանքային իրավունքն ու վերականգնել օրինականությունը։
Նրանց խոսքով՝ Ջերմուկի բնակչությունն ու մի խումբ բնապահպաններ խոչընդոտում են իրենց աշխատանքը` արդեն 10 օր փակելով աշխատավայր տանող ճանապարհը։
Քիչ առաջ նրանց մոտեցավ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նարեկ Սարգսյանը, լսեց նրանց պահանջը ու խոստացավ ներկայացնել վարչապետին։
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ իրենց խնդրանքն է վարչապետին՝ հորդորել բացել դեպի հանք տանող ճանապարհը. «Մենք ցանկանում ենք վարչապետին ասել, որպեսզի հորդորի՝ ճանապարհները բացեն և վերականգնվի օրինականությունը և չխոչընդոտեն մեր աշխատանքին: Մենք վստահում ենք նրան, ինքը մշտապես ասել է, որ նման քայլերի չդիմեն, բայց 1 ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ է, որ դեպի հանք տանող ճանապարհները փակվում են՝ 1 անգամ 5 օրով, և հիմա արդեն 10 օր է՝ աշխատանք չի իրականացվում»,- ասաց նա:
Նշենք, որ բողոքի ակցիան ավարտելուց հետո, «Լիդիան-Արմենիա» ընկերության աշխատակիցները կրկին երթով շարժվեցին դեպի իրենց ընկերության գրասենյակ, որտեղ կարճ քննարկում կունենան։
Հիշեցնենք, որ արդեն 11 օր է, ինչ Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչները շարունակում են փակ պահել Ամուլսարի հանք տանող բոլոր հողային ճանապարհները: Երեկ հաջակցություն ցուցարանների՝ բնապահպանները Երևանից ավտոերթ էին կազմակերպել դեպի Ջերմուկ: Իսկ ճանապարհները փակած ցուցարարներն անդրդվելի են և վճռական են տրամադրված. նրանք բողոքի ակցիաները կշարունակեն այնքան ժամանակ, մինչև հանքը վերջնականապես փակվի: