«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Հանգստյան օրերին սահմանում պահպանվել է միջին լարվածությունը
Հանգստյան օրերին հայ-ադրբեջանական սահմանին կրկին գրանցվել է լարվածություն: Հակառակորդն ավելի քան 200 կրակոց է արձակել հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ: Եղել են նաեւ կրակոցներ փոքր տրամաչափի ականանետերից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական զինված ուժերում այս իրավիճակը որակում են սահմանային միջին լարվածություն: «Կրակել են հիմնականում Տավուշի մարզի գյուղերի դիրքերի ուղղությամբ:
Սովորաբար նրանք կրակում են թե՛ դիրքերի, թե՛ բնակավայրերի ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Հանգստյան օրերին հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են 200 կրակոց: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են: Չեն թուլացնում զգոնությունը սահմանին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
***
Դատարանը Հայրապետյանի տնային կալանքի բողոքարկման քննությունը հետաձգել Է փետրվարի 11-ին
Մոսկվայի քաղաքային դատարանը հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի երկարացման բողոքարկման քննությունը հետաձգել Է փետրվարի 11-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում: Ավելի վաղ Մոսկվայի Բասմանյան դատարանում, որը որոշում Էր ընդունել երկարացնել խափանման միջոցը, հայտնել Էին, որ նիստը կկայանա փետրվարի 9-ին, բայց այնուհետեւ դատարանը այն նշանակել Է փետրվարի 11-ին:
Մեղադրյալը քննչական մեկուսարանից ազատվել եւ տնային կալանքի տակ Է դրվել, բայց պաշտպանությունը խնդրում Է Էլ ավելի մեղմացնել խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել գրավով կամ չմեկնելու մասին ստորագրությամբ:
Հետաքննությունը Հայրապետյանին մեղադրում Է 2009 թվականի ապրիլին «Սիստեմա» բանկային արդյունաբերական խմբի կառույցներին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքին մեղսակից լինելու մեջ, որը վերջինս գլխավորում Էր երեք տարի: Ընդգրկուն արբիտրաժային գործընթացի արդյունքում «Բաշնեֆտ»-ը վերադարձվել Է պետությանը:
Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն, ինչպես նաեւ անշարժ գույք՝ արտասահմանում: Մասնավորապես, վերջին ժամանակներս նա ապրում Էր Մոնակոյում: Հետաքննությունն այս փաստով Էր հիմնավորում նրան մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին գործարարին տեղափոխել Էին տնային կալանքի տակ
***
«Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք». բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ոստիկանություն
«Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի ոստիկանության շենք: Այս մասին փոխանցում է Լուրեր.com-ի թղթակիցը:
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, բողոքի ակցիային միացել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, Վարդան Օսկանյանը:
Պատգամավորները հանդես եկան ակտիվիստին ծեծի ենթարկելու դեպքի դատապարտմամբ:
Դրանից հետո «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ոստիկանություն:
***
ԼՂՀ ոստիկանությունը քրեական գործեր է հարուցել Բերձորի միջադեպի կապակցությամբ
Բերձորում 2015թ. հունվարի 31-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանությունը, քրեական գործեր են հարուցվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով' Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1966թ. ծնված Մ. Ա-ին, Շուշի քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1957թ. ծնված Ք. Ղ-ին, Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչներ' 1978թ. ծնված Մ. Բ-ին և 1966թ. ծնված Գ. Հ-ին 2015թ. հունվարի 31-ին' ժամը 13:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու և Ք. Ղ-ին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ու Մ. Բ-ին պատկանող «ՎԱԶ-21061» ավտոմեքենաների տարբեր մասերը վնասելու փաստերի կապակցությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Հուժկու պայթյուն Է տեղի ունեցել Դոնեցկի քիմիական գործարանում
Դոնեցկի լաքաներկանյութերի եւ չոր խանուրդների գործարանի տարածքից, որը գիշերը հրետակոծության Է ենթարկվել ուկրաինացի ուժայինների կողմից, վտանգավոր նյութերի արտանետման սպանռնալիք գոյություն չունի:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հաղորդել Է Դոնեցկի նորությունների գործակալությունը: «Հրդեհը տեղափակվել Է: Մթնոլորտ քիմիական նյութերի արտանետման սպառնալիք չկա»,- գործակալությանը հայտնել Է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:- Ամենայն հավանականությամբ, դա եղել Է խոշոր տրամաչափի հրանոթային արկ»:
Գերատեսչության ներկայացուցիչը հերքել Է զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե գործարանում տեղի Է ունեցել ռազմամթերքի օգտահանում:
Ինքնահռչակ հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տեղեկատվությամբ՝ ձեռնարկության հրետակոծման հետեւանքով բուն գործարանում զոհեր չկան:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, գիշերը Դոնբասի աշխարհազորայինները հայտնել են, որ Դոնեցկի Կույբիշեւի շրջանի Տեքստիլշչիկ միկրոշրջանում տեղի Է ունեցել հուժկու պայթյուն: Ականատեսների տվյալներով՝ այն լսելի Է եղել քաղաքի գրեթե բոլոր շրջաններում:
***
Հայտնի է եռյակի լիդերների հանդիպման օրը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը և Հայ Ազգային Կոնգրեսը պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ին երեք ուժերի ղեկավարների հանդիպում անցկացնելու մասին՝ Համաժողովրդական Շարժման առաջիկա անելիքները քննարկելու և որոշելու նպատակով։
Եռյակի լիդերները կհանդիպեն համաժողովրդական շարժման առաջիկա անելիքները քննարկելու և որոշելու նպատակով։
Բարգավաճ Հայաստան կուսակցություն
Ժառանգություն կուսակցություն
Հայ Ազգային Կոնգրես
***
Գողերն իշխանության մեջ են, իսկ իշխանությունները գողությամբ են զբաղվում. Արամ Մանուկյան
Այսօր կառավարության շենքի դիմաց հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն փետրվարի 7-ին առևանգված ու բռնությունների ենթարկված՝ շրջանառության հարկի դեմ բողոքի ակցիաների ակտիվիստ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի:
Այնտեղ էր նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց.
«Սա օրինաչափ է, քանի որ գողերն իշխանության մեջ են, իսկ իշխանությունները գողությամբ են զբաղվում: Երբ խորհրդարանում լցված են հանցագործներ, երբ որ իշխանությունները կազմակերպում են գողերի «սխոդկա», պարզ է, որ այսպես է լինելու: Իրենց համար քաղաքացիական հասարակություն, քաղաքական կուսակցություններ, ազատ խոսք, հասարական-քաղաքաական ընդվզում անհասկանալի է»:
Արամ Մանուկյանի խոսքով՝ սա ձեռնոց նետել է բոլորին և եթե պատասխան չտան, շարունակվելու է: Ըստ պագամավորի՝ իշխանությունները փաստաբանական ծառայություններ են մատուցում այս ամենը կազմակերպողներին:
***
«Երկիրը վերածվում է գանգստերական բանդիտական Հայաստանի». Նաիրա Զոհրաբյան
«Երկիրը վերածվում է գանգստերական բանդիտական Հայաստանի: Ես նկատի ունեմ ոչ միայն Արտակի հետ տեղի ունեցած զազրելի հանցագործությունը, ես նկատի ունեմ նաև վերջին ամիսներին տեղի ունեցած բազմաթիվ բռնարարքները, երբ խնդիրներն օրենքի դաշտում լուծելու փոխարեն առևանգում են, ծեծում են, սպառնում են, երեխաների ներկայությամբ մեքենաներ են ջարդում, եթե իրենց նպատակը գանգստերական Սիցիլիա կերտելն է, ապա կարծում եմ՝ քաղաքական իշխանությունն այդ մասին պետք է անի հայտարարություն, որ իրենց ծրագիրը գանգստերական Հայաստան կերտելն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով՝ այս հանցագործությունը պետք է սեղմ ժամկետում բացահայտվի, պատվիրատուները պետք է բացահայտվեն, այլապես այս ամենին հետևելու են բազմաթիվ հրաժարականների կոնկրետ պահանջներ:
***
Արաբկիրցի 35 ծնողներ տեսակցել են Արցախում ծառայող իրենց զավակներին
Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության' փետրվարի 6-8-ը ԼՂՀ կատարած այցի ընթացքում վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը հանդիպել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդի պման ընթացքում քննարկվել են Երևանի Արաբկիր վարչական շրջանի և ԼՂՀ Մարտունու շրջանի համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել է նաև Մարտունի քաղաքում Երևանյան պուրակ կառուցելու նախագիծը:
Հրայր Անտոնյանն այցելել է նաև Մարտունիում կառուցվող կրթահամալիր, որտեղ գործելու է շախմատի դպրոց, և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը կտրամադրի անհրաժեշտ գույք:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ ԼՂՀ Մարտունու շրջանում արաբկիրցի 35 զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել հանդիպելու իրենց զավակներին: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը ողջունել է նրանց և մաղթել բարի ծառայություն, ինչպես նաև արաբկիրցի աշակերտների կողմից փոխանցել նվերներ, նամակներ, սննդի փաթեթներ: Գերազանց ծառայությամբ աչքի ընկած զինվորականները պարգևատրվել են շնորհակալագրերով: Հանդիպումն ամփոփվել է տոնական միջոցառմամբ:
Զինծառայողներն ու նրանց ծնողները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար և նշել, որ նման նախաձեռնությունների արդյունքում զինվորների շրջանում բարոյահոգեբանական ու մարտական ոգին ավելի բարձր է լինում:
Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը ԼՂՀ այցելության ընթացքում հանդիպել է նաև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, վերջիններիս նվերներ հանձնել Երևանի քաղաքապետի կողմից, ինչպես նաև սննդի, քաղցրավենիքի փաթեթներ:
***
Քառամյա փոքրիկի վիճակը համեմատաբար լավացել է ոտքի անդամահատումից հետո
Նռնակի պայթյունից վնասվածքներ ստացած 4-ամյա Ելենա Դալլաքյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, դեռ մի քանի օր պետք է հետևել նրա վիճակին: «Ի սկզբանե երեխան ծայրահեղ ծանր վիճակում էր, այդ վիճակից դուրս է եկել, բայց տարբեր վտանգներ դեռ կան»,- հայտնեցին բաժանմունքից' հավելելով, որ երեխայի գիտակցությունը տեղում է:
Բժիշկներն ստիպված են եղել անդամահատել երեխայի ոտքը, քանի որ հակառակ պարագայում ինքնաթունավորման գործընթաց կսկսվեր, ինչը կտաներ մահվան:
Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանը, ով խորհրդատվություն է տրամադրել վիրահատող բժիշկներին:Շարունակությունն՝ այստեղ:
***
Ոստիկանությունը բացահայտել է ավազակային հարձակումը
ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել ու բերման է ենթարկել ավազակային հարձակման մեջ կասկածվող երեք անձի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հունվարի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 2 ինքնաձիգներով և 1 ատրճանակով զի նված, դիմակավորված երեք անհայտ անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի տներից մեկը, զենքի սպառնալիքով տանտիրոջն ու տան մյուս անդամներին պառկեցրել հատակին և, հափշտակելով ոսկյա մատանի, դիմել են փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական բազմաբնույթ միջացառումների շնորհիվ՝ ոստիկանության ծառայողները, ակտիվ համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ, բացահայտել են հանցագործությունը:
Վերը նշված երեք անձինք ձերբակալված են: Կատարվում է քննություն: