Օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունն ըստ՝  «Mediamall.am» լրատվականի.




 

 







ՀՀ գլխավոր դատախազը պաշտոնապես հայտարարեց. ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում

 

 

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարեց, որ Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի վեց անդամներին սպանած մեղավոր անձը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում:

 

«Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելուն, ապա վստահեցնում եմ, որ մեղավոր անձը, ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում և մենք բոլորս ականատես ենք լինելու և հնարավորություն ենք ունենալու հետևել ամբողջ ընթացքին' վերջինիս քրեական պատասխանատվության, այդ թվում պատժի ենթարկելու ամբողջ գործընթացին:

 

Ոզում եմ ձեզ միանշանակ և պաշտոնապես որպես հայ և որպես ՀՀ գլխավոր դատախազ հայտարարել, որ սա բոլորիս ցավն է, բոլորս ունենք շատ զգացմունքային մոտեցումներ, և մեր ամբողջ իշխանությունը, ամբողջ իրավապահ մարմինները բացարձակ հետևողական են այս հարցին»,- ասաց դատախազը:

 

Գևորգ Կոստանյանի վստահեցմամբ' իրենք ամեն ինչ անում են և′ մեր օրենսդրության և′ միջազգային իրավունքի տեսակետից:

 

 

 

***

 

 

 

Դինքի սպանության գործով նոր կասկածյալ է հարցաքննվել

 

 

 

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով ներկա և նախկին պաշտոնյաների դեմ իրականացվող հարցաքննության շրջանակում ցուցմունք է տվել Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքի անվտանգության վարչության պետ Էրջան Դեմիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի հետախուզական բաժնի տնօրինությունում էմիրի պաշտոնը զբաղեցրած Դեմիրը «կասկածյալի» կարգավիճակում ցուցմունք է տվել Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում: Նա հերքել է Դինքի սպանության կանխամտածվածության վերաբերյալ բոլոր մեղադրանքները:

 

Ցուցմունք տալուց հետո Դեմիրը մեղադրվել է «կանխամտածված գործողություններով սպանության պատճառ դառնալու», «պաշտոնի չարաշահման» մեջ և կալանավորման պահանջով տարվել է դատարան: Սակայն դատարանը նրան ազատ է արձակել երկրից դուրս չգալու պայմանով:

 

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջև կատարված զինված հարձակման հետևանքով: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության է դատապարտվել, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը վերսկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք:

 

Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջալալեդդին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու որշումներ են ընդունվել:

 

 

 

***

 

 

 

ՀՀ-ում ռուսական ռազմաբազան հանդես է եկել հայտարարությամբ

 

 

 

Ռուսական ռազմաբազան Գյումրիում կատարված դաժան հանցագործության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Հարգելի քաղաքացիներ, 102-րդ ռազմակայանի հրամանատարությունը ցնցված է սարսափելի ողբերգությամբ: Մենք սգում ենք հայ եղբայրական ժողովրդի հետ միասին, ցավակցում զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Ռուս և հայ ժողովրդի երկարամյա բարեկամությունը մեծ փորձություններ է հաղթահարել՝ ինչպես թուրքական պատերազմների ժամանակ, այնպես էլ բնական աղետների:

 

Հիմա ևս մեկ փորձության ժամանակն է: Նման հանցագործություններ կատարող անձինք չունեն ազգային պատկանելիություն:

 

Վստահեցնում եմ բոլորին, որ այս սարսափելի հանցագործությունը կատարած անձը կկրի ամենախիստ պատիժը: Այժմ ՀՀ և ՌԴ քննչական մարմինները համատեղ անցկացնում են այդ տմարդի հանցագործության օբյեկտիվ և բազմակողմանի հետաքննությունը: Ռազմաբազայի հրամանատարության կողմից համակողմանի օգնություն կցուցաբերվի զոհերի ընտանիքներին: Շնորհակալություն ձեր ըմբռնման և աջակցության համար: Միայն միասին ուս ուսի տված, մենք կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն»:

 

 

 

***

 

 

 

Մենք ունենք փորձառու, բարձրակարգ սպաներ. Յուրի Խաչատուրով

 

 

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարական կազմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈւ գլխավոր շտապի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իր ելույթում դրվատեց Հայոց բանակի սպաներին, նրանց գործած անձնազոհությունն ու սխրանքները, կուտակած փորձն ու ցուցաբերած նվիրումը.

 

«20 տարուց ավելի մենք ունենք մոտ 1000 կիլոմետրի վրա ձգվող խրամատներ, պաշտպանական դիրքեր՝ մշտական հարձակման սպառնալիքի տակ, ուր անդադար կրակում են, պայթեցնում, հարձակվում դիվերսիոն խմբերով, սակայն մենք դիմանում ենք: Աշխարհի ոչ մի երկիր, անգամ ամենահզոր երկրները, նման պայմաններում չէին դիմանա:

 

Դիմանում ենք, որովհետև ունենք փորձառու, մարտերում թրծված, բարձրակարգ սպաներ, որոնց պետք է ըստ արժանվույն գնահատել: Ուզում եմ ինձ էլ համարել հայոց բանակի սպա, քանի որ արդեն կես տարով ավելի երկար եմ ծառայել Հայոց բանակում, քան ԽՍՀՄ զինված ուժերում»,- ներկաներին դիմեց Յուրի Խաչատուրովը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

 

Սեյրան Օհանյան.«2014 թվականը մեզ համար եղավ դիրքերի ամրապնդման տարի բոլոր առումներով»

 

 

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարական կազմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայոց բանակի համար հաղթական տարի որակելով 2014 թվականը, հավելեց, որ այն դիրքերի ամրապնդման տարի եղավ նաև բոլոր առումներով՝ թե պաշտպանական դիրքերում, թե հասարակության աջակցությունը ստանալու, մարդկանց մեջ բանակի հանդեպ հարգանք ներշնչելու առումներով:

 

«Անցած տարին մեզ համար հաղթական եղավ ոչ միայն մարտական դիքերում, երբ հակառակորդը ձախողվեց իր բազմաթիվ չարամիտ ձեռնարկներում, այլ նաև հասարակության մեջ, որտեղ ամրապնդվեց ու խորացավ բանակ-հասարակություն կապը, բարձրացավ համազգային միասնության ոգին:

 

Սկսվող տարում եկեք ցույց տանք, որ մեր հաջողությունները պատահական չէին, որ պետք է կարողանանք աշխատել նույն ոգով ու եռանդով՝ ոչ մի ակնթարթ չկորցնելով զգոնությունը»,- նշեց նախարարը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

Չիտայի հայ համայնքը մանրամասներ է հաղորդում Պերմյակովի ընտանիքի հետ տարվող գործի քննությունից

 

 

 

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակով գործի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հանձնաժողովը պետք է հանդիպի Պերմյակովի ծնողներին:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ադդրբայկալի տարածաշրջանի հայերի միության նախագահ Վոլոդյա Մարկոսյանը: «Ոչ մեկի ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչ դաժան մարդ պետք է լինի, որ երեխայի վրա զենք բարձրացնի:

 

Բոլորովին աննորմալ երևույթ է: Մեր իշխանությունները տեղյակ են գործից: Իմ տեղեկություններով' այսօր պետք է ժամաներ Պաշտպանության նախարարության հանձնաժողովը գործի մանրամասները քննելու համար»,- հեռախոսակապով հայտնեց Վոլոդյա Մարկոսյանը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

Բողոքի ակցիա՝ Շիրակի մարզի գլխավոր դատախազության շենքի առջև

 

 

Շիրակի մարզի դատախազության դիմաց հավաքվել են ցուցարարներ: Նրանք պահանջում են Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին:

 

Գյումրեցիների հարցերին էր պատասխանում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանի պատասխանները չգոհացրեցին ներկաներին. Կոստանյանը հեռացավ, առաջարկելով, որ Դատախազությունում մի քանի հոգանոց խմբերով քննարկել հարցը:

 

Ցուցարարները հրաժարվեցին: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ցուցարարներին առաջարկեց 30 հոգանոց խմբեր կազմել և դատախազության շենքում քննարկել իրենց հուզող հարցերը

Ներկաները հրաժարվում են. սուլում և բղավում են «Ո՛չ», «Ամո՛թ, ամո՛թ», «Պահանջո՛ւմ ենք»:

Տեսանյութն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

Գյումրեցիները միաբերան աղոթեցին

 

 

 

Շիրակի մարզի դատախազության դիմաց հավաքված ցուցարարները չեն հեռանում: Նրանք պահանջում են Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին:

 

Գևորգ Կոստանյանին հաջորդեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպս. Աջապահյանը, ով նույնպես ժողովրդին հանդարտության կոչ արեց։

 

Քաղաքացիները հավաստեցին, որ Շիրակի թեմի առաջնորդին կհավատան, նրանց՝ ոչ: Ինչո՞վ կարող են երաշխիք ունենալ, որ այդ ոճրագործը կդատվի ՀՀ-ում:

 

Հետևելով Միքայել Եպս. Աջապահյանի հորդորին՝ ողջ ժողովուդը միաբերան աղոթեց:
Սակայն աղոթքից հետո ևս հավաքված պահանջատեր քաղաքացիները չեն հեռանում:

 

 

***

 

 

Ծայրահեղ լարված վիճակ Գյումրիում. բախումներ ոստիկանության և քաղաքացիների միջև

 

 

Այս պահին Գյումրիում ծայրահեղ լարված իրավիճակ է:

Դատախազության շենքի մոտից ցուցարարները ավտոերթով շարժվեցին դեպի ՌԴ հյուպատոսարան: Սակայն ոստիկանությունը պատ կազմեց և թույլ չէր տալիս քաղաքացիներին տեղաշարժվել:

 

Քաղաքացիները փորձում են ճեղքել ոստիկանական պատը, քարերով հարվածում են ոստիկաններին։ Ոստիկանները շարժվում են ցուցարարների ուղղությամբ՝ փորձելով հեռացնել հյուպատոսության ճանապարհից:

 

 

 

***

 

 

Հոսպիտալացվել է 15 անձ. ոստիկանները ծանր վնասվածքներ են ստացել

 

 

 

Գյումրիում ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 15 անձ, ովքեր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Գյումրու բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ վնասվածք ստացածներից 6-ը ոստիկաններ են, մնացածը' քաղաքացիական անձինք:

 

Ոստիկանների մոտ արձանագրվել են հիմնականում գլխուղեղի վնասվածքներ: Նրանցից երկուսի վիճակը համեմատաբար ծանր է:

Վնասվածք ստացած անձանցից 13-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ երեքը, որոնք բոլորն էլ ոստիկաններ են, շարունակում են բուժօգնություն ստանալ:

 

Ներկայում ՌԴ հյուպատոսարան տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ոստիկանների կողմից, հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Շիրակի մարզի դատախազության շենք: