Անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունն ըստ «Mediamall.am» լրատվականի.
Երևանի Անդրանիկի փողոցում «Միտցուբիշի» մակնիշի մեքենա է այրվել
ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 10-ին' ժամը 01.53-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում՝ թիվ 19 պոլիկլինիկայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.05-ին, մարվել՝ 02.11-ին:
Այրվել է Մ. Վ.-ի (ծնվքծ 1980թ.) «Միտցուբիշի» մակնիշի 32 ՕՍ 487 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ:
***
Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ տղան իրեն ցած է նետել Կիևյան կամրջից. Shamshyan.com
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օերատիվ խումբը, ում կողմից երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, քանի որ դին ընկած է ճանապարհի մեջտեղում:
Շարունակությունն՝ այստեղ:
***
Ռուսաստանը միջոցներ Է ձեռնարկում ռուբլու փոխարժեքը կայունացնելու համար. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում ռուբլու փոխարժեքը կայունացնելու համար:
«Մեր ֆինանսական իշխանությունները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում ռուբլու փոխարժեքը կայունացնելու համար,-ասել Է նա Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գործարար համաժողովում: Երկրի կենտրոնական բանկը շարունակում Է գնաճի թիրախավորման քաղաքականությունը եւ հետագայում Էլ դա անելու Է»:
Պուտինն այն կարծիքին Է, որ ռուբլու փոխարժեքի սպակուլյատիվ թռիչքները շուտով պետք Է դադարեն, դրանք կապված չեն հիմնարար տնտեսական գործոնների հետ: Նա նաեւ հավաստիացրել Է, որ Ռուսաստանում կապիտալի շարժման սահմանափակումներ չեն մտցվի: «Մենք չենք պատրաստում կապիտալի շարժման սահմանափակումներ մտցնել»,-հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
***
Թող պարոն Բաղդասարյանին հրավիրեն ԱԱԾ, տեսնենք՝ ովքեր են նավթադոլարներից սնվողները. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյան, որի սկզբին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգի վերաբերյալ իր ելույթի ժամանակ ասաց. «Անցած քառօրյային իշխանական պատգամավորներից մեկը Զարուհի Փոստանջյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ, և դուք նրա խոսափողը անջատեցիք՝ պատճառաբանելով, որ այդ ելույթը չի տեղավորվում քննարկվող հարցի շրջանակներում:
Դրանից հետո ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով ընդդիմությանը մեղադրեց դավաճանության մեջ, բայց դուք նրա խոսափողը չանջատեցիք: Չնայած անընդհատ ասում եք, որ գործում եք որպես ԱԺ նախագահ, որ պետք է հավասար կանոններ ապահովեք, բայց ձեր գործողությունները կարծես այդպիսիք չեն: Ես առաջարկում եմ հետևյալը՝ սա քաղաքական ամբիոն է, և մարդիկ պետք է արտահայտվելու հնարավորություն ունենան:
Առաջարկն այն է, որ մենք չսահմանափակենք կանոնակարգ օրենքի րոպեները և թույլ տանք, որ նրանք արտահայտվեն»:
Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ ինքը կարծում է՝ պատգամավորներն իրենց մտքերն արտահայտելու տարբեր միջոցներ ունեն և միայն ԱԺ նիստերի դահլիճը չէ:
«Պարո՛ն Փաշինյան, ինչքան էլ ինձ դուր չգա, Դուք խոսում եք մինչև վերջ և Դուք ասում եք ձեր տեսակետը: Պետք չէ մասնավորեցնել միտքը: Ես կողմնակից եմ բարեկրթության»,- ասաց Գալուստ Սահակյանը:Շարունակությունն՝ այստեղ:
***
Լևոն Զուրաբյանը՝ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հնարավոր հանդիպման մասին
Ազգային ժողովում այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հնարավոր հանդիպմանը և դրա հնարավոր ազդեցությանը:
Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ ինքը որևէ նման տեղեկություն չունի, որ այդ հանդիպումը կայացել է:
Հարցին, թե հնարավո՞ր, որ ԲՀԿ-ի հապաղումը, հանրահավաքների հետաձգումը կապված էր Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հնարավոր հանդիպումով, Լևոն Զուրաբյանն ասաց. «Նման հանդիպում եղե՞լ է: Ես ոչ մի հաստատում ոչ մեկի կողմից չունեմ և ընդհանրապես չեմ ցանկանում զբաղվել մամուլի չհիմնավորված սպեկուլյացիաներով:
Ես բացարձակապես նման որևէ ինֆորմացիա չունեմ, ոչ մի հաստատում՝ ոչ մի վստահելի աղբյուրից: Ես չեմ ցանկանում քննարկել անվստահելի աղբյուրներ կամ անվստահելի տեղեկություններ»:
***
ԲՀԿ-ն կողմ է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծի կիրառումը հետաձգվի
Այսօր՝ Ազգային Ժողովի հերթական քառօրյայի ընթացքում, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց ԲՀԿ տեսակետը «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: ԲՀԿ-ն կողմ է, որ օրենքի նախագծի կիրառումը հետաձգվի. «Օրենքով սահմանված փաստաթղթավորման պահանջ ներկայացնելը նշանակում է՝ աշխատել լեգալ պայմաններում:
Լավ է լեգալ պայմաններում աշխատել, բայց այդ փաստը կիրառելուց չպետք է մոռանալ մրցակցության պայմանները, քանի որ օրենքի կիրառումն այն տարբերակով, որով կա, կնշանակի՝ ճնշել փոքր և միջին բիզնեսը»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ մարդկանց պետք է հանգիստ թողնել:
Ըստ Մելքումյանի՝ ռեֆորմ նշանակում է ռեֆորմի ձևական ալիքի վրա ներդրումների կատարում, և հարց է բարձրացնում՝ բա ինչի՞ չենք անում. «Այս հարցը որևէ տնտեսական, մասնագիտական, կառավարման լուծում չունի, այս հարցն ունի զուտ քաղաքական լուծում»:
***
Մենք վերջնական կոնսեսուսի կգանք բոլոր հարցերի շուրջ. Ստեփան Մարգարյան
«Բավականին կառուցողական և արդյունավետ նիստ էր, հիմնակում քննարկել ենք կազմակերպական հարցեր առաջիկա անելիքների՝ համաժողովրդական շարժման շտաբների հետ կապված և բովանդակայինը՝ հանրային միջոցառումների մասով»,- այսօր Ազգային ժողովում եռյակի նիստից հետո, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Վերջինիս խոսքով՝ եռյակում առաջարկություններ կան գրասենյակների ղեկավար մարմին, քաղաքական կառույց և այլ կառույցներ ստեղծելու վերաբերյալ.
«Մենք դա կկատարենք վաղը և մյուս օրը եռյակի նիստ կանենք, որի ժամանակ վերջնական արդյունքը կլինի»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավորը շտապեց նշել, որ եռյակը չի պառակտվի. «Ի հեճուկս շատ ցանկությունների՝ եռյակը չի պառակտվի: Ես նորմալ եմ համարում, որ երեք ուժից ամեն մեկն իր տեսակետն ունի այս կամ այն հարցի վերաբերյալ, եռյակի կենսունակության համար կարևոր է ոչ թե այն, որ տարբեր կարծիքներ կան, կենսունակության համար կարևոր է այն, թե որքանով է հաղթահարելու կարծիքների բազմազանությունը: Մենք վերջնական կոնսեսուսի կգանք բոլոր հարցերի շուրջ, եռյակը շարունակելու է իր գործունեությունը»,- նշեց Մարգարյանը:
***
Պուտինն ու Օբաման հանդիպել են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել են Պեկինում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովի շրջանակում: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:
Հաղորդվում է, որ Պուտինն ու Օբաման զրուցել են միմյանց հետ Պեկինի Օլիմպիական գյուղի «Վոդնի կլուբ» մարզահամերգային համալիրում:
Զրույցը տևել է առնվազն հինգ րոպե: Օբաման առաջինն է ողջունել Պուտինին:
***
Հայաստանը պետք է միավորի ուժերն իր դաշնակիցների հետ' ընդդեմ «Իսլամական պետության». փորձագետ
Հայաստանը պետք է միավորի ուժերն իր դաշնակիցների հետ' ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության։ Լրագրողների հետ նոյեմբերի 10-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
«Դեր Զորում սեպտեմբերի 21-ին հայկական եկեղեցու պայթեցումն «իսլամիստ զինյալների հաղորդագրությունն» էր Հայաստանին, որով նրանք հասկացրեցին, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում են իբրև իրենց գլխավոր թիրախներից մեկը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նոյեմբերի 10-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը և հավելեց , որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հետզհետե իր շուրջն է համախմբում թուրքալեզու իսլամիստական կազմակերպությունները, իսկ վերջիններիս համար Հայաստանը դարեր ի վեր դիտվել է որպես բաժանարար երկիր՝ խանգարելով թուրքալեզու իսլամադավանների միավորվելուն։Շարունակությունն՝ այստեղ:
***
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կա 7 զոհ և մեծ թվով վիրավորներ
Խոշոր ավտովթար- հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել են մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է առաջացել: Ըստ նախնական տեղեկությունների' կա 7 զոհ և մեծ թվով վիրավորներ:
Մահացածներից մի քանիսը ամբողջովին այրվել են: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը:
Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները' վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Քիչ առաջ վթարի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը:Մանրամասները ՝ shamshyan.com կայքում:
***
Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարը դարձել է 7 անձի մահվան պատճառ. բեռնատարի վարորդը ձերբակալվել է
Այսօր երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի' Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազել»-ը պայթել է։
Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազել»-ի մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վիրավորների թվում կա նաեւ 14 տարեկան երեխա։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հդովածի 3-րդ մասի հատկանիշներով։
«Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները վթարի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
***
Եռյակը դեռևս չի հստակեցրել անելիքը
Եռյակի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Նիստի ընթացքում ծավալվել են արդյունավետ քննարկումներ: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: «Քննարկել ենք կազմակերպչական, ինչպես նաև շարժման բովանդակցության հետ կապված հարցեր:
Կազմակերպչական մասը վերաբերել է մեր կողմից հանրապետության ողջ տարածքով շարժումը համակարգող շտաբների ստեղծմանը, իսկ բովանդակային մասով քննարկել ենք մեր հետագա անելիքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարգարյանը:
Նա ընդգծեց, որ այսօրվա նիստում իրենք վերջնականապես չեն հստակեցրել իրենց հետագա անելիքները, քանի որ եռյակի անդամ կուսակցությունները ներքին քննարկումների խնդիր ունեն: «Կուսակցությունները վաղը ներքին կարգով կքննարկեն բոլոր հարցերը, որից հետո արդեն մյուս օրը եռյակը նիստ կգումարի: Այդ ժամանակ մենք վերջնականապես կհստակեցնենք մեր անելիքները»,- վստահեցրեց պատգամավորը:
Հարցին, թե ինչն է եռյակին խանգարել, որ այսօր հստակեցնեին հետագա անելիքները, պատգամավորն ընդգծեց, որ թե՛ շտաբերի ձևավորման, թե՛ հետագա անելիքների առումով կուսակցություններում առանձին քննարկումների անհրաժեշտություն կար: «Միակ պատճառը դա էր, և ես վստահեցնում եմ, որ մենք վաղը չէ մյուս օրը կհստակեցնենք մեր հետագա անելիքները»,- նշեց նա: