Անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունն ըստ՝ «Mediamall.am» լրատվականի.
Մարտունի-Սևան ճանապարհին «ԶԻԼ» մակնիշի մեքենա է շրջվել
ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 13-ին' ժամը 21.36-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհին՝ որատուս գյուղի մոտակայքում, «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Օ. Ա.) 03 ՕՍ 823 պետհամարանիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում կողաշրջվել է ճանապարհի բանուկ հատվածում. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:
***
Պան Կի Մունը դատապարտել է հայկական ուղղաթիռի խոցումը
Հայկական ուղղաթիռի խոցումն Ադրբեջանի զինված ուժերի կողմից լրջորեն մտահոգել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին, ով կոչ է արել կողմերին թույլ չտալ իրավիճակի հետագա լարվվածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Նյու Յորքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց միջազգային գործընկերների մտահոգությունը' կապված 2014 թվականի նոյեմբերի 12-ին շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետ' այդ թվում և այն գործողությունների, որոնք հանգեցրել են ռազմական ուղղաթիռի անկմանը և անձնակազմի մահվանը»,- նշել է մամուլի խոսնակը:
Պան Կի Մունը դիմել է բոլոր կողմերին' կոչ անելով կատարել պայմանավորվածությունը հրադադարի համաձայնագրի շրջանակներում: Նա հորդորել է նաև զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կհանգեցնեն իրավիճակի հետագա լարմանը, ինչպես նաև իրագործել բազմիցս տրված խոստումները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու վերաբերյալ: Պան Կի Մունը նաև հայտնել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և դրա երեք համանախագահներին:
***
Մահացել է Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն
Մահացել է Ռուսաստանի նախկին գործարար, Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար, Ուկրաինայի նախագահի տնտեսական խորհրդական Կախա Բենդուկիձեն: Այս մասին գրում է Газета.ru-ն:
Նա մահացել է Լոնդոնում, 59 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից: Բենդուկիձեն մինչ 2004թ. Ռուսաստանում զբաղվում էր գործարարությամբ, այնուհետև 2004-ին նշանակվել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար, հետագայում դարձել տնտեսական բարեփոխումների համակարգումների հարցով նախարար:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրավերով 2014թ. մայիսից Բենդուկիձեն զբաղեցնում էր Ուկրաինայի կառավարությանը կից տնտեսական խորհրդի անդամի պաշտոնը։
Համաձայն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառման՝ մոտ ժամանակում նա պետք է կառավարական պաշտոն զբաղեցներ Ուկրաինայում:
***
Քասախի գերեզմանատանը 27-ամյա երիտասարդի են ծեծել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Նաիրիի բաժնում նոյեմբերի 13-ին' ժամը 01.45-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Քասախ գյուղի գերեզմանատանը հարձակվել են իր վրա և ծեծել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 01.30-ի սահմաններում, Քասախ գյուղի գերեզմանատան ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղի բնակիչներ ոմն Վաղո և Նորո ծեծի են ենթարկել 1987թ. ծնված Վիգեն Դ.-ին' դեմքի և մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Վիգեն Դ.-ն նույն օրը' ժամը 02.00-ին, հրավիրվել է բաժին և նրանից ընդունվել է հաղորդում: Վիգեն Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:
***
Բողոքի ակցիա՝ ՍԴ-ի դիմաց. ՍԴ-ն քննում է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության սահմանադրականության հարցը
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Սահմանադրական դատարանի դիմաց: Նրանք բողոքում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության դեմ:
Ոստիկանները քաղաքացիներին արգելում են հավաքվել դատարանի դիմաց: Այս պահին ոստիկանները հորդորում են նրանց հեռանալ դռան մոտից:
Քաղաքացիները վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան», «Ո՛չ ԵՏՄ-ին» և այլն:
Նշենք, որ այսօր ՍԴ-ն քննում է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության սահմանադրականության հարցը:
***
Ժողովրդի դժգոհությունը մեր սպասածից ավելին է. Էլինար Վարդանյան
Շրջաններում համաժողովրդական շարժման միասնական շտաբերի շենքային և մասնակիցների ձևավորմանը զուգահեռ գնում է նաև աշխատանք բնակչության հետ, որոշ շրջաններում անում են հարցումներ:
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե որ փուլում են գտնվում միասնական գրասենյակների ձևավորման աշխատանքները:
«Բավականին ակտիվացված վիճակ է հիմա, բայց դեռ աշխատանքներ կան»,- ասաց Մարգարյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը հավելեց, որ Մասիսում արդեն իսկ բացվել է շտաբ և առաջիկայում ևս երկուսը կբացվեն նաև Արմավիրի մարզում:
Էլինար Վարդանյանը նշեց, որ ժողովրդի դժգոհություններն իրենց սպասվածից ավելին է:
***
Համաշխարհային ԶԼՄ-ների անդրադարձը' հայկական խոցված ուղղաթիռի միջադեպի կապակցությամբ. Interpress.am
Իտալական «La Stampa» թերթը իր «Ղարաբաղում ուղղաթիռ է խոցվել. Նոր պատերա՞զմ է սպասվում» հոդվածում անդրադառնալով ԼՂՀ բանակի խոցված ուղղաթիռի միջադեպին՝ կարծիք է հայտնում, որ այն կարող է հակամարտության բռնկման պատճառ դառնալ՝ հաշվի առնելով նաև վերջին ամիսների սահմանային բախումների սրացումը:
Թերթը, հենվելով որոշ մեկնաբանների կարծիքների վրա, նշում է, որ ղարաբաղյան հակամարտության թեժացմանը կարող է նպաստել Ուկրաինայում ընթացող պատերազմը, ուր ներքաշված է նաև Ռուսաստանը, որը տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով Երևանի և Բաքվի միջև՝ կարող է աջակցել հայկական կողմին: Այս մասին գրում է Interpress.am-ը:Շարունակությունն՝ այստեղ:
***
Մանվել Գրիգորյանը պատրաստ է իր տղաների հետ հասնել Ադրբեջան և կրակահերթի տարափի տակ խոցված ուղղաթիռի տղաներին իր հետ բերել Հայաստան
Ես պատերազմի ժամանակ էլ երբեք ոչ մի դիակ չեմ թողել թուրքին: Պատրաստ ենք ոչ միայն մեր տղաների դիակները դուրս բերել, պատրաստ ենք մեր մեկ հերոսի փոխարեն տասնյակ ալիեւական, ալիեւյան կլանի ներկայացուցչի սատկացնել, տասնյակներին էլ հետներս բերել' նրանց հարազատներին էլ պատճառելով նույն մրմուռն ու ցավը, որ այսօր համայն հայությունն է զգում:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, զորավար, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռը խոցելուն եւ այն հանգամանքին, որ ուղղաթիռում գտնվող մեր տղաներին չեն վերադարձնում:
Նրա հետ մեր կարճ, բայց բովանդակալից հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ. -Պարոն Գրիգորյան, ադրբեջանական կողմը շարունակում է կրակի տակ պահել ապօրինաբար խոցված Արցախի պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռը' հնարավորություն չտալով մոտենալ պաշտպանության բանակի զոհված սպաների դիակներին:
Մանրամասները` այստեղ:
***
ԼՂՀ դատախազությունը ուղղաթիռի խոցման փաստի առնչությամբ գործ կհարուցի
Ադրբեջանական օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռը խոցելու դեպքի առթիվ ԼՂՀ զինվորական դատախազությունը քրեական գործ կհարուցի: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ այս պահին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ եւ ԼՂՀ դատախազությունը հանդես կգա հայտարարությամբ ու կներկայացնի քրեական գործի մանրամասները:
Ամենայն հավանականությամբ, քրեական գործը կհարուվի ԼՂՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով' սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
***
«Հակառակորդի լկտի գործողություններին մեր կողմից մի քիչ էլ անհամաչափ պատասխան կտրվի». Սեյրան Օհանյան
«Այս զորավարժությունը խաղաղության նպատակ է հետապնդում: Մենք այստեղ ենք ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ փորձի փոխանակման համար»,- այսօր «Միասնություն 2014» զորավարժության շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Այդ մասին հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը Արցախից «Զինվորական կյանքը միշտ լարված է, լի է զրկանքներով և դժվարություններով և այս զորավարժության դժվարությունն ուղղաթիռի խոցվելն էր»,- ասաց նախարարը և հավելեց, որ «Միասնություն 2014» զորավարժության կրակային փուլը ցույց տվեց՝ հակառակորդի կողմից մեր ուղղաթիռի կործանումը չազդեց Պաշտպանության բանակի գործողությունների վրա:
Նա նշեց, որ թեև նախապես հայտարարվել էր զորավարժությունների մասին, սակայն հակառակորդը, ինչպես միշտ, ցույց տվեց իր իրական դեմքը՝ խախտելով միջազգային նորմերը: «Այդ գործողությունները մեզ համար ցավալի են, նրանց կողմից՝ լկտի, և այդ լկտի գործողություններին մեր կողմից համարժեք և մի քիչ էլ անհամաչափ պատասխան, անկասկած, կտրվի»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Ըստ նախարարի՝ միջազգային հանրության արձագանքը համարժեք էր կատարվածին, թեև կարելի էր ավելի խիստ գնահատական տալ:
Մանրամասները` yerkir.am կայքում:
***
«Վե՛րջ, ֆլեշմոբ չի՛ լինելու, հաճույք և զբոսանք չի՛ լինելու». Սերժ Սարգսյանը' Արցախում
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին:
Ցուցադրվել է «տանկային երկամարտ», որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանի դիտաաշտարակից հետևել են նաև մարտական հրաձգության փուլին, այնուհետև տեղի է ունեցել զորավարժության, ինչպես նաև ծառայության ընթացքում առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած զինծառայողների պարգևատրման արարողությունը:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինված ուժերի սպաներին ու զինվորներին՝ պայմանական մարտադաշտում ցուցաբերած խիզախության, մարտական բարձր ունակությունների և խոշորամասշտաբ այս զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ:Շարունակությունն՝ այստեղ: