«Mediamall.am»   լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը. 












Արցախում զինծառայողը մահացել է իրեն ամրակցված նռնակի պայթյունից. Քննչական կոմիտե

 

 

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' հերթափոխի դիտակետում ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ:

 

2014թ. դեկտեմբերի 21-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը' ժամը 10:15-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում «արթուն» հերթափոխի դիտորդի պարտականությունները կատարող ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Հրաչյայի Քոլոյանը «արթուն» հերթափոխի դիտակետում իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով, հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով կատարվել են դեպքի վայրի, Դավիթ Քոլոյանի դիակի արտաքին, դեպի պահին նրա հագին եղած զրահաբաճկոնի զննումներ:

 

Դրանց արդյունքները, ինչպես նաև դիրքի զինծառայողների բացատրությունները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ նռնակը պայթել է Դավիթ Քոլոյանի գործողությունների արդյունքում:

 

Նշված փաստով նախապատրաստված նյութերով 2014թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննություն է կատարվում՝ հնարավոր բոլոր վարկածներով: Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում ապահովելու գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտման համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

***

 

 

Ամալ Քլունին Հայաստանը կներկայացնի Եվրոպական դատարանում

 

 

Նշանավոր դերասան և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ակտիվիստ Ջորջ Քլունիի կինը՝ Ալամ Ալամուդինը, հաջորդ ամիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կներկայացնի Հայաստանը (ՄԻԵԴ): Այս մասին հայտնում է The Armenian Weekly-ն:

 

Տիկին Քլունին հայտնի փաստաբան է, ով մասնագիտացած է միջազգային իրավունքի, քրեական օրենքի, մարդու իրավունքների և էքստրադիցիայի ոլորտում: Նա ներգրավված է եղել մի քանի խոշոր դատական գործերում, ինչպիսիք են Վիկիլիկսի հիմնադիր Ջուլիան Ասանժի և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված գործերը: Նա նաև աշխատել է Լիբանանի հարցերով զբաղվող ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի համար, Միջազգային քրեական դատարանի հետ:

 

Ամալը ծնվել է Լիբանանում,1978 թվականին, հայրը դրուզ է, մայրը՝ սուննի: Նա երկու տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Թագավորություն: Նա բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել Նյու Յորքի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում և աշխատել է Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան):

 

2010 թվականին Լոնդոն վերադառնալուց հետո նա դարձել է իրավաբան Դաութի Սթերիդ փաստաբանների պալատում: Նա եղել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի խորհրդականը: Նա վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և արաբերենին: 2014 թվականին նա ամուսնացել է հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ:

 

Նման անբասիր հավատարմագրերով տիկին Քլունիի ներկայությունը մեծ առավելություն կլինի Ստրասբուրգում Հայաստանի իրավական թիմում՝ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» վերաքննիչ գործում: Նիստը կկայանա հունվարի 28-ին:

Գործը ներառում է Շվեյցարիայի դատարանի կողմից թուրքական կուսակցության առաջնորդի մեղադրանքը, ով 2005թ. մեկնել է Շվեյցարիա Հայոց Ցեղասպանության բացահայտ ճշմարտությունը ժխտելու նպատակով: 2008 թ.-ին Փերինչեքը բողոքարկել է Շվեյցարիայի որոշումը Մարդու իրավունքների եվրոպականդատարան: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերիչեքի հայցը:

 

 

***

 

 

Վլադիմիր Պուտինը վավերացրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը

 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այս մասին, «Կոմերսանտի» փոխանցմամբ' ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

 

Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ համաձայնագրին, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղթերի՝ կնքված Մաքսային միության շրջանակներում:

 

Մոսկվայում դեկտեմբերի 23-ի կեսօրին կմեկնարկի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ կհայտարարվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի ավարտի մասին: 2014թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրն անցել է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի վավերացման ազգային ընթացակարգերով: Կառույցը կսկսի լիարժեք գործել 2015թ. հունվարի 1-ից:

 

 

***

 

 

«Ժառանգությունը» կընդունի Գագիկ Ծառուկյանի հրավերը

 

 

2015 թվականի հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով:

 

Լուրեր.com-ի լրագրողի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ թեպետ կուսակցությունում դեռևս քննարկում չի եղել, բայց մասնակցություն անպայման կլինի, կազմն էլ քննարկմանը կճշգրտվի.

 

«Մենք կողմ ենք քննարկումներին, հատկապես՝ մեր ընդդիմադիր դաշտի գործընկերների հետ, ուստի և խորհրդաժողովին, ամենայն հավանականությամբ, կմասնակցենք»:

 

Արմեն Մարտիրոսյանը թեպետ չգիտի, թե ովքեր են մասնակցելու խորհրդաժողովին, բայց կարծում է՝ ընդդիմադիր դաշտի գործընկերները, ՀԿ-ները և ակտիվ քաղաքացիները կմասնակցեն:

Հարցին, թե կմասնակցի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՞ ոչ, ասաց, որ դեռևս ասել չի կարող, բայց վստահ է, որ մասնակցություն կլինի:

 

 

***

 

 

ՀԱՊԿ նիստին Սերժ Սարգսյանն անընդունելի է համարել ԼՂ հակամարտության շուրջ լարվածության շիկացումը

 

 

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

 

Բանակցություններ են ընթացել նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները բանակցությունները շարունակել են պատվիրակությունների անդամների մասնակցությամբ կայացած ընդլայնված կազմով նիստում:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Հայաստանը գալիք տարվա հունվարից 2-ից կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ. Պուտին

 

 

Կրեմլում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, նիստին մասնակցել են ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանմի Նախագահ Նուրսուլթան Ն ազարբաևը, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, ինչպես նաև Եվրասիական տնտեսկաան հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

 

Նիստի ընթացքում քննարկվել են 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսկան միության գործողության հետ կապված արդիական հարցեր: Նիստի ավարտին երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

 

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ընդգծել է, որ երկու ամիս առաջ իրենք համաձայնագիր են ստորագրել, որոնց համաձայն' Եվրասիական տնտեսական միությանը կմիանա նաև Հայաստանը: Նա ընդգծել է, որ արդեն իսկ ավարտվել են Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր գործընթացները, և գալիք տարվա հունվարի 2-ից Հայաստանը կդառնա միության լիիրավ անդամ:

 

Վլադիմիր Պուտնիը նաև հայտարարել է, որ այսօրվա նիստի ընթացքում իրենք կստորագրեն համաձայնագիր, ըստ որի' Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի նաև Ղրղզստանը: