«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.













Էբոլա տենդից զոհերի թվաքանակը գերազանցել է վեց հազարը

 

 

Էբոլա տենդի զոհերի թվաքանակը, որը 2014 թվականի փետրվարին բռնկել է Արեւմտյան Աֆրիկայում, գերազանցել է վեց հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դեկտեմբերի 3-ին հրապարակված հաշվետվության մեջ:

 

Առավել մեծ թվով վարակվածներ ու մահացածներ են գրանցվել Լիբերիայում՝ համապատասխանաբար 7 հազար 635 եւ 3 հազար 145: Սիեռա Լեոնեում վարակված է 7 հազար 312 մարդ, մահացել են 1583-ը: Գվինեայում վիրուսի զոհ է դարձել 1327 բնակիչ, վարակվել են 2 հազար 164-ը:

 

Նիգերիայում գրանցվել է վիրուսով վարակվելու քսան դեպք, մահացել է ութ մարդ, Մալիում՝ համապատասխանաբար 8 եւ 6: Սենեգալում եւ Իսպանիայում վարակվել են մեկական մարդ, երկուսն էլ ողջ են: ԱՄՆ-ում գրանցվել է վարակման չորս դեպք, մահացել է մեկ մարդ:

 

Ընդամենը Էբոլա տենդով հիվանդացել է 17 հազար 145 մարդ, մահացել են 6 հազար 70-ը: Հոսպիտալացված հիվանդների շրջանում մահացությունը կազմում է 60 տոկոս:

 

 

***

 

 

Կառավարությունը սահմանեց ՌԴ-ից ռազմական արտադրանքի մատակարարման նոր կարգ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր մեխանիզմներ է մշակում ՌԴ-ի հետ 2013 թվականին ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագրով նախատեսվող դրույթները կյանքի կոչելու համար: Կառավարության այսօրվա նիստում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Որոշման ընդունումը կնպաստի «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրով ստանձնած պարտավորությունների իրականացման համար մեխանիզմների և մոտեցումների մշակմանը: Երկու պետությունների միջև սահմանվում է ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման ընթացակարգի, անհրաժեշտ համաձայնեցումների և անվանացանկերի հետ կապված հարցերի սահմանում:

 

Սրանով նոր մակարդակի վրա է դրվում մեր համագործակցությունը և ապահովում է ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը»,- ասաց նա:

 

 

***

 

 

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեկուսացնելու մտադրություն չունի. Ջոն Քերի

 

 

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի՝ Բազելում ընթացող նիստում հայտարարել Է, որ ԱՄՆ-ը մտադիր չԷ մեկուսացնել Ռուսաստանը:

 

«Մենք Ռուսաստանին մեկուսացնելու մտադրություն չունենք,-ասել Է նա:-Մենք համոզված ենք, որ Մոսկվան կարող Է վերականգնել իր նկատմամբ վստահությունը, եթե վերականգնի հանգստությունը, հետեւի Մինսկի արձանագրության տառին ու ոգուն»:

 

«Ընդհանուր առմամբ ճգնաժամը, որը մենք այժմ ապրում ենք, ամբողջությամբ վերցված պայմանավորված չԷ միջազգային համակարգով, ճգնաժամի պատճառն այն Է, որ միջազգային իրավունքի առանձին սուբյեկտներ չեն ցանկանում հարգել այդ իրավունքը»,-հավելել Է Քերին:

 

Նա վերստին Ռուսաստանն մեղադրել Է այն բանում, որ նրա զինծառայողները գտնվում են Ուկրաինայի տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

***

 

 

Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել

 

 

Տավուշի մարզի սահմանային գոտում դեկտեմբերի 3-ին վիրավորվել է պայմանագրային զինծառայող, Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Կարեն Անանյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը' հավելելով, որ այս պահին չի կարող տրամադրել այլ մանրամասներ դեպքի առնչությամբ:

Անանյանը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ:

 

 

***

 

 

Էլի սուտ տեղեկություն՝ Սուրիկ Խաչատրյանի մասին

 

 

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը կտրականապես հերքում է այնտեղեկությունը, որ իրեն կանչել է մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ու հրաժարական գրելու պահանջ ներկայացրել, բայց դա չի խանգարում, որ թերթերից մեկն իրենը պնդի՝ գրելով. «Գորիսից հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս իր մոտ է հրավիրել Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանին և հորդորել հրաժարական տալ ռեկտորի պաշտոնից: Նույն աղբյուրները հայտնում են, որ գործող ռեկտորը «գրողի ծոցն է ուղարկել»»:

 

Անհեթեթությունը հաղթահարում է բոլոր սահմանները: Ռեկտորն ասում է՝ ոչ մի հանդիպում չի եղել, մարդիկ եզրակացնում են, որ հանդիպում եղել է, ու Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է պարտադրել:

 

Նույն ԶԼՄ-ները գրում են, թե Սուրիկ Խաչատրյանն իր դրվածքն է դրել, մարզում ամեն բան որոշում է, մյուս կողմից՝ արձանագրում են, որ չկայացած հանդիպման ժամանակ ռեկտորը «գրողի ծոցն է ուղարկել» մարզպետի պահանջը:

 

Ամեն բան նույնիսկ կույրին է պարզ. ոմանք ամեն գնով փորձում են վարկաբեկել Սյունիքի մարզպետին, ընդ որում՝ չգտնելով որևէ թերություն նրա աշխատանքում՝ դա անում են հնարովի փաստերի միջոցով:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Վարչապետը ՀՀ 2015թ. պետական բյուջեն իրատեսական է համարում

 

 

Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեն իրատեսական է: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետակակն բյուջեի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ըստ ներկայացված հաշվարկների՝ անկախ արտաքին և ներքին տարաբնույթ տնտեսական զարգացումներից՝ ստանձնած պարտավորությունները պետք է իրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը:

 

Նա ընդգծեց, որ 2015թ. պետական բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահական բնագավառների ծախսերը: «Պատշաճ մակարդակի ծախսեր են նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար:

 

2015թ.-ին ևս շարունակելու ենք ցուցաբերել ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Միևնույն ժամանակ, բոլոր ոլորտներում առաջնորդվելու ենք հավասար պայմանների ապահովման և հասարակությանն ականջալուր լինելու մեր կարգախոսով: Մենք նախաձեռնել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են էապես բարելավել գործարար միջավայրը, ամրապնդել պետության ննկատմամբ գործարարների վստահությունը»,- ընդգծեց Աբրահամյանը:

 

Վարչապետի խոսքով՝ վերը նշված նպատակներից բոլորը չէ, որ արտացոլվել են ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծում: «Այնուամենայնիվ, այս կառավարության կողմից առաջին անգամ ներկայացված բյուջեում արդեն կարելի է տեսնել նոր քաղաքականուջթյան շեշտադրումների սկիզբ:

 

Մենք խնդիրներին նայում ենք ոչ թե առօրեկան շահերի, այլ տնտեսական հեռանկարի տեսակետից և հնարավորինս ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամուտների գայթակղությանից»,- նշեց վարչապետը:

 

ՀՀ ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 71, դեմ՝ 46 պատգամավոր:

 

 

***

 

 

Արցախում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

 

 

Դեկտեմբերի 4-ին ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանական բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: