Անցնող օրն ամփոփ՝ ըստ «Mediamall.am» լրատվականի.
Ինձ համար երրորդ երկիր գոյություն չունի, այլ գոյություն ունի միայն Հայաստան. Հակոբ Ինջիղուլյանը Հայաստանում է
2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հայրենադարձվել է:
Նա նշեց, որ հայրենիք վերադառնալու ցանկությունն իրենն է եղել. «Դա իմ ցանկությունն է եղել: Ես վերադառնալու ցանկություն եմ հայտնել, որում ինձ աջակցել են միջազգային կազմակերպությունները: Ինձ համար երրորդ երկիր գոյություն չունի, այլ գոյություն ունի միայն Հայաստան»,- ասաց նա:
«Զվարթնոց» օդանավակայանում Ինջիղուլյանն ասել է, որ ենթարկվել է ճնշումների. «սպառնում էին, որ կգնդակահարեն»:
«Ասում էին, եթե մեր ասածները չանես, էն չոբանի օրն ես ընկնելու: Սպառնում էին գնդակահարությամբ: Նաև հարցազրույցներն եմ տվել ադրբեջանցիների ճնշումների ներքո: Հարցազրույցից առաջ կանչում- ասում էին, թե ինչ պետք է ասեմ, իսկ եթե չանեմ իրենց ասածները, սպառնում էին սպանել: Նաև Կարմիր խաչի հետ հանդիպումներից առաջ էին կանչում և ցուցումներ տալիս, կարդում էին ընտանիքիս գրած նամակները»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում: Մեկ տարի անց' օգոստոսի 26-ին, Հակոբ ինջիղուլյանին Բաքվից տեղափոխել էին երրորդ երկիր:
Հայկական կողմը ջանքեր էր գործադրում ռազմագերուն հայրենիք վերադարձնելու համար:
Նշենք, որ Ինջիղուլյանը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել ծառայությունը հայկական բանակում. «Ես դեռևս 9 ամիս ունեմ ծառայելու և պատրաստվում եմ գնալ ծառայության»:
***
Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սահակ և Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրը
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սահակ և Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրը: Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սահակ և Սուրբ Համազասպ իշխանների հիշատակը տոնում է Վարագա Խաչին հաջորդող հինգշաբթի օրը:
Ս. Սահակն ու Ս. Համազասպն Արծրունյաց իշխանական տանից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ: 785թ. Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, որին իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի հետ սահմանված այցելությունն են կատարում: Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում է խզել կապերը հույների հետ' հրաժարվելով քրիստոնեական դավանանքից:
Մերուժանը սարսափում է կտտանքներից և մուսուլմանությ ուն ընդունում, սակայն տունդարձի ճանապարհին իբրև դավաճան գլխատվում է Համազասպի տեղապահ Դավիթ Մամիկոնյանի կողմից: Իսկ Համազասպն ու Սահակը աղոթքներով և անտրտունջ տանում են չարչարանքներն ի սեր Քրիստոսի:
Դահիճները նախ գլխատում են կրտսեր եղբորը՝ Սահակին, ապա Համազասպին՝ այրելով նրանց մարմինները, որպեսզի աճյունները ժողովրդի կողմից հարգանքի առարկա չդառնան:
***
Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է իր զինուժի քանակը Նախիջևանում
Վերջին շրջանում Ադրբեջանն արհեստականորեն մեծացնում է լարվածությունը Նախիջևանի հետ ՀՀ սահմանին: Նախորդ ամիսներին ադրբեջանական կողմը մի շարք դիվերսիաներ է կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում, ինչպես նաև մեծ թվով կրակոցներ արձակել:
Ռազմական լարվածության գագաթնակետը դարձավ ՀՀ զինված ուժերի կողմից կարևոր դիրքերի գրավումը, ինչից հետո երկար ժամանակ թշնամին «լռել էր»:
Lurer.com-ի տեղեկություններով, սակայն, Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է իր զինուժի քանակը Նախիջևանում: Արդյոք դա պայմանավորված է մեր զինվորների հաղթանակած գործողություններով, թե ռազմաքաղաքական իրադրության փոփոխությամբ, ցույց կտա ժամանակը:
***
Արցախում հակառակորդի գնդակից զինվոր է մահացել
ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքերից մեկում 2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող՝ Դավիթ Վիկտորի Նավասարդյանը:
Փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13–րդ կետով՝ ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանության հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
***
ԼՂՀ-ն ադրբեջանական կողմին է հանձնել Շահումյանի շրջան ներթափանցած դիվերսիոն խմբի երրորդ անդամի դին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի երրորդ անդամի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված Հ. Հասանովի դին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից, փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:
***
Անօթևան ընտանիքներին կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր
ՀՀ կառավարությունը Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով լուծելու նպատակով Շիրակի մարզպետարանին է հատկացրել 1.5 մլրդ դրամ: Սա ծրագրի առաջին փուլն է, որով վկայագիր կհանձնվի 215 ընտանիքի: Եվս 252 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կստանա ծրագրի իրականացման երկրորդ փուլում: Գործընթացի պատասխանատու է ճանաչվել Շիրակի մարզպետը:
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ պետական պահպանության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների բնակարանային պայմանների բարելավման նպատակով գնման ձևով բնակարանի ձեռքբերման համար հատկացվել է մոտ 755 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Պաշտպանության նախարարության շինարարական ծրագրերի փոփոխության և խնայողության հաշվին հատկացրել մոտ 67 մլն դրամ, որով ավարտին կհասցվի Ագարակում և Մեհրաբում կառուցվող ծառայողական բնակելի շենքերի, ինչպես նաև Արարատում վերակառուցվող հանրակացարանի շինարարությունը:
Փոփոխություն և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է զինծառայողների չօգտագործած արձակուրդի օրերի դիմաց վճարվող փոխհատուցման չափի հաշվարկման կարգը, ինչպես նաև միանվագ դրամական օգնության տրամադրման անհրաժեշտ պայմանները:
Գործադիրը սահմանել է պարտադիր զինծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների և ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություն և լրացում՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և մասնագիտական ուսուցման կազմակերպման նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց կրթաթոշակի տրամադրման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է մոտ 27.5 մլն դրամ: Կրթաթոշակը պետք է վճարի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնը:
Շնորհալի, տաղանդավոր երեխաների, երիտասարդների, սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների 100 երեխաների օժանդակելու նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է ավելի քան 20 մլն դրամ:
***
Հարյուր տարի առաջ օսմանյան հրեշները, հիմա' ԻՊ հրեշները. Նաիրա Զոհրաբյանի կոչը ԵԽԽՎ-ին
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում Իսլամական պետության վերաբերյալ քննարկման ժամանակ կոչ է արել կանխել Իրաքի եզդիների ցեղասպանությունը:
«Այն, ինչ կատարվում է այսօր Հյուսիսային Իրաքում, այլ կերպ, քան ցեղասպանություն՝ բնորոշել հնարավոր չէ։ Անգամ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր պատկերացնել, որ 21-րդ դարում հնարավոր են նման վայրագություններ։
«Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումը Իրաքի հյուսիսում իրական ցեղասպանություն է իրականացնում. հողին են հավասարեցվում եզդիների եւ քրդերի տները, գնդակահարվում, մորթվում են բոլոր այն եզդիները, ովքեր չեն համաձայնում կրոնափոխ լինել։ Ծայրահեղականների կարգախոսն է՝ «Իսլամ, կամ մահ»: Հայտնի են հարյուրավոր դեպքեր, երբ երեխաներին ողջ-ողջ թաղել են մոր աչքի առաջ, իսկ մայրերին բռնաբարել ու սպանել երեխաների աչքի առաջ։
Հազարավոր եզդիների, հատկապես կանանց ու երեխաների, անարգելուց հետո, վաճառում են որպես ստրուկ։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ «Իսլամիստական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից անարգանքի ենթարկված կանայք, վերադառնալով Սինջար լեռան վրա գտնվող փախստականների ճամբարը, իրենց հայրենակիցներին խնդրել են սպանել իրենց։
Ու երբ վերջիններս հրաժարվել են, աղջիկներն ինքնասպանություն են գործել՝ նետվելով ժայռից։ Հազարավոր եզդի փախստականներ մահանում են սովից եւ ջրի պակասից։ Այս ամենը զարհուրելի է եւ այս ամենը տեղի է ունենում այսօր, ողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ։ Ինչպիսի՞ հրեշ պետք է լինել՝ մանկահասակ երեխաների ողջ-ողջ թաղելու համար։ Ինչպիսի՞ հրեշ պետք է լինել՝ իր մասնագիտական պարտականությունը կատարող ամերիկացի լրագրողին հրապարակային գլխատելու համար։
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, «Իսլամական պետության» ծայրահեղականները ականապատել ու պայթեցրել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի՝ Սիրիայի Դեր Զորի Սուրբ Նահատակաց հայկական եկեղեցին։
Ինձ համար, որպես հայի, այսօր այս ամենի մասին խոսելը կրկնակի ցավ է, որովհետեւ հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իմ 1.5 միլիոն հայրենակիցներ տեղահանվեցին ու ենթարկվեցին ցեղասպանության։ 100 տարի առաջ նույն կերպ օսմանական հրեշները ողջ-ողջ թաղում էին երեխաների ու հղի կանանց, սպանում, ավիրում եւ թալանում։
Մենք պիտի թույլ չտանք, որպեսզի պատմությունը կրկնվի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բացի դատապարտող հայտարարություններից, հստակ քայլեր ձեռնարկվեն պատժելու ահաբեկիչ իսլամիստներին ու նրանց հովանավոր երկրներին, որոնք հետեւողականորեն շարունակում են զենք ու գումար մատակարարել ահաբեկիչներին։ Պիտի անել հնարավորը՝ այս անմարդկային ցեղասպանությունը կանգենցնելու, սովի մատնված փախստականներին օգնելու համար։ 100 տարի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի ցեղասպանությունը եւ ես շատ լավ գիտեմ, թե ի՞նչ է նշանակում միջազգային հանրության լռությունն ու անգործությունը»:
***
Կպաշտպանվեն կենսաթոշակառուի իրավունքները
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ըստ որի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, արխիվային տեղեկանքների ստացումը իրականացնում է լիազոր մարմինը:
Առաջարկված օրենսդրական կարգավորումը կենսաթոշակառուի համար շահեկան կլինի թե' բարոյական և թե' նյութական առումներով, կնվազեն ոլորտում առկա խնդիրները, կկրճատվի վարչարարությամբ նրա վրա դրված բեռը և կպաշտպանվեն նրա իրավունքները, կենսաթոշակառուն զերծ կմնա ավելորդ ծախսից ու քաշքշուկից:
Կառավարությունը քննարկել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա հիմնավորմամբ օրինագծի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն իրացնելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը նույնպես արել է մի քանի առաջարկ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Նիստում քննարկվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հստակեցնել և սահմանել լրացուցիչ աշխատավարձ, հավելում, հավելավճար, լրավճար և պարգևատրում հասկացությունները:
ՀՀ կառավարությունը, չառարկելով նախագծի ընդունմանը, նախագծի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ առաջիկայում իր օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողով ներկայացվելիք նախագծի քննարկման ժամանակ՝ դրանք միավորելով համատեղ, մեկ միասնական տարբերակում:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
***
«Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնած մարաթոնի շնորհիվ Գյումրիում կկառուցվի «Թումո» ուսումնակրթական կենտրոն
Ի նշանավորումն հիմնադրման 20 ամյակի, «Շանթ» հեռուստաընկերությունը ձեռնմուխ է եղել աննախադեպ մի նախագծի իրագործմանը, որը կարող է լրջորեն նպաստել աղետի գոտում մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը: Տարիների մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղետի գոտում բնակվում են բազմաթիվ շնորհաշատ երեխաներ, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողանում իրագործել իրենց երազանքները, իրացնել ունեցած շնորհն ու տաղանդն այս կամ այն բնագավառում:
Կյանքի դժվարությունները հաճախ նրանց ստիպում են հրաժարվել իրենց ձգտումներից' այդպես էլ անկատար թողնելով նպատակները: «Շանթ» հեռուստաընկերությունը, լավ իմանալով աղետի գոտում առկա սոցիալական վիճակը, մտադիր է անել հնարավորն' օժանդակելու այն երեխաներին, ովքեր մեծ ձգտում ունեն ուսում ստանալու, կատարելագործելու իրենց գիտելիքներն ու հմտությունները արվեստի, գիտության ու այլ բնագավառներում:
Հոկտեմբերի 7-ին «Շանթ» հեռուստաընկերությունն սկսում է համազգային հեռուստամարաթոն, որի ընթացքում ձեռք բերված գումարով Գյումրիում կկառուցվի «Թումո» ուսումնակրթական կենտրոն: Այնտեղ կարող են սովորել ոչ միայն Շիրակի, այլև հարակից մարզերի շնորհալի երեխաները:
Տեղին է հիշեցնել, որ նմանատիպ նախաձեռնությունները նորություն չեն հեռուստաընկերության համար: «Շանթը» պարբերաբար ձեռք է մեկնել աղետի գոտու բնակչությանը: Թարմ օրինակը Միացյալ Նահանգներում սեպտեմբերի 7-ին կայացած հեռուստամարաթոնն էր, որի ժամանակ հավաքվեց ավելի քան 700 հազար դոլար:
Այդ գումարով անօթևան մարդկանց համար կգնվեն բազմաթիվ բնակարաններ:
«Շանթ» հեռուստաընկերությունը հոկտեմբերի 7-ի հեռուստամարաթոնին ակնկալում է ակտիվ մասնակցություն և աջակցություն:
***
Ցեմենտ տեղափոխող բեռնատարը բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքին
Հոկտեմբերի 1-ին' ժամը 20:30-ին, Արարատ-Երասխ հատվածի 557 կմ-ի 1-ին պիկետում գտնվող երկաթուղային գծանցում ցեմենտ տեղափոխող բեռնատարը բախվել է Երևանից Երասխ ուղևորվող ուղևորատար էլեկտրագնացքին: Բախման արդյունքում էլեկտրագնացքի առաջին վագոնը դուրս է եկել ռելսերից:
Լոկոմոտիվային բրիգադի ուշադրության և գրագետ գործողությունների շնորհիվ՝ հնարավոր եղավ խուսափել զոհերից և տուժածներից:
Ժամը 2:40-ին վագոնը հետ էր դրվել ռելսերին:
Անհրաժեշտ է նշել, որ ցեմենտ տեղափոխող բեռնատարի վարորդը ոչ միայն անտեսել էր այս գծանցում տեղադրված զգուշացնող նշանները, գնացքի զգուշացնող ձայնային ու լուսային ազդակները, այլև տեսել է մոտենող էլեկտրագնացքը, որի առաջին վագոնն արդեն գտնվում էր գծանցում: Վարորդի անփութության պատճառով անհնար էր բախումից խուսափել:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգույշ: Վարորդների անփութության և թույլ տված սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը:
Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:
Անհրաժեշտ է հիշել, որ հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը...
***
«Ես ասում եմ՝ ինչո՞ւ կասեցնենք». Հովիկ Աբրահամյան
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շուրջ երկու ամիս տարբեր հարթակներում քննարկել է շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որից հետո միայն այն վավերացվել է Ազգային ժողովում: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Այն, ինչի մասին հիմա իրենք բարձրաձայնում են, մենք քննարկել ենք երկու ամիս առաջ, տա րբեր հարթակներում: Սակայն, այն ժամանակ որևէ քաղաքական ուժ մտահոգություն չի հայտնել: Եթե հիմա այդ օրենքը մարդկանց շահերից չի բխում, եկեք նստենք, միասին քննարկենք, իսկ կոչեր հնչեցնել, ըմբոստանալ, լարել իրավիճակը՝ դա ընդունելի չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:
Նա ասաց, որ ոչ իշխանական ուժերը պահանջում են կասեցնել օրենքը և հիշեցրեց, որ օրենքը կասեցնողը ոչ թե կառավարությունն է, այլ Ազգային ժողովը: «Ես ասում եմ՝ ինչո՞ւ կասեցնենք: Եկեք քննարկենք հարցը, հասկանանք մարդկանց մտոհոգությունները: Ես այսօր էլի օրենքից բողոքող քաղաքացիների եմ ընդունել, խոստացել եմ 4 օր հետո հայտնել մեր դիրքորոշման մասին»,- նշեց Աբրահամյանը:
Դիտարկմանը, թե ինչ լուծումներ է տեսնում հարցի առնչությամբ, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ դրանք կախված են այն բանից, թե մարդիկ կոնկրետ ինչի համար են դժգոհում: «Օրինակ, եթե նրանք բողոքում են նրա համար, որ տարեկան շրջանառությունն անցնում է շրջանառության 58 միլիոն 350 հազար դրամ շեմից, ապա այդ դեպքում նրանք ճիշտ չեն այս հարցում:
Որևէ երկիր չկա, որ շրջանառության շեմն այնքան բարձր լինի, որքան Հայաստանում է»,- նշեց վարչապետն՝ ընդգծելով, որ եթե կան այլ խանգարող հանգամանքներ, Կառավարությունը պատրաստ է քննարկել և լուծել այդ խնդիրները:
Անդրադառնալով հարցին, թե առևտրով զբաղվողները բողոքում են նախատեսվելիք ստուգումներից՝ ՀՀ վարչապետը հավաստիացրեց, որ որևէ ստուգում չի լինելու: «Նրանք ասում են' կասեցրեք, որ ստուգումները չլինեն:
Բայց մենք էլ ասում ենք, որ հարկայինը դիտարկումներ է անցկացնելու և եթե նկատի, որ մարդիկ առանց փաստաթղթերի ապրանք են վաճառում, պետք է գնան մեկ անգամ զգուշացնեն: Իսկ եթե երկրորդ, երրորդ անգամ գնան, տեսնեն, որ այդ մարդիկ օրենք են խախտում, ապա ձեր կարծիքով՝ ի՞նչ է պետք անել»,- հարցրեց ՀՀ վարչապետը: