«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.
Վրաերթ' Վարդանանց փողոցում
«Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 17-ին' ժամը 19.30-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 107/4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մի՛ ուշացրեք ոչ մի վայրկյան, արեք դա, որպեսզի չգնա պատերազմ. Դավիթ Սանասարյան
Նոյեմբերի 17-ի ժամը 13:45-ից, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանը գիշերել է գրասենյակի առջև:
Հիշեցնենք, որ նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի վերադարձման:
«Մինսկի խմբի համանախագահները թող մի բան հասկանան, որ ինչքան իրենք ձգում են այս վիճակը, ինչքան տղաներն այնտեղ երկար են մնում, այնքան ավելի վտանգավոր իրավիճակների են ականատես լինելու: Իմ ասածը հետևյալն է՝ մի՛ ուշացրեք ոչ մի վայրկյան, արեք դա, որպեսզի չգնա պատերազմ»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը: Տեսանյութն՝ այստեղ:
***
Ոստիկանությունը կվերացնի ծեծի միջոցով ցուցմունք կորզելը
Ոստիկանությունը գերնպատակ է դարձրել ծեծի և խոշտանգումների ենթարկելու միջոցով ցուցմունք կորզելու հնարավորությունը իսպառ բացառելը: «Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը և խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
«Մենք հեռու ենք այն մտքից, որ այդ ամենը առկա չէ համակարգում, բայց մենք անում ենք ամեն ինչ նմաններին համակարգից հեռացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Վարդան Եղիազարյանը վստահեցրեց, որ ոստիկանությունն իր իսկ սխալների հիման վրա մաքրում է համակարգը: «Կան մարդիկ, ովքեր մենաշնորհի են վերածում ոստիկանությանը քննադատելը և դրա հաշվին փորձում են երկարաձգել իրենց գոյատևումը: Մինչդեռ ասեմ, որ ոստիկանությունն ինքն է մաքրում իր համակարգը: Դուք հիմա տեսնում եք այնպիսի դեպքերի բացահայտում, որոնք նախկինում թաքցվում էին»,- նշեց Վարդան Եղիազարյանը:
Ըստ նրա՝ ընթացիկ տարվա 10 ամիսներին ոստիկանության աշխատակիցների կողմից լիազորություններն անցնելու 1571 դեպք է գրանցվել, որոնցից 845-ի դեպքում տուգանվել են, 61 ոստիկան հեռացվել է աշխատանքից, 10-ը՝ դատապարտվել: Ոստիկանությունը նաեւ համագործակցում է ՀԿ-ների ու միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ:
Եղիազարյանը վստահեցրեց, որ ոստիկանության աշխատանքը թափանցիկ է: Որպես օրինակ՝ փոխոստիկանապետը նշել է ոստիկանության կայքի ակտիվ աշխատանքը, նաեւ այն հանգամանքը, որ տեղեկատվության ազատության պլանում այն արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի:
***
Հայ որբերի գորգը 5 օր կցուցադրվի Սպիտակ տան այցելուների սրահում
Սպիտակ տան այցելուների սրահում նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի հայ որբերի գործած գորգը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ»-ը, մինչև գորգի ցուցադրությունը կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն եւ հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մամուլի ազգային ակումբում հանդես կգան ասուլիսով եւ կներկայացնեն գորգի ստեղծման պատմությունը:
Ասուլիսի ավարտից հետո կոնգրեսականները, ովքեր շուրջ մեկ տարի պայքարել են թուրքական քարոզչության դեմ եւ հասել գորգի ցուցադրության թույլտվությանը, կայցելեն Սպիտակ տուն' մասնակցելու ցուցադրույթի բացման արարողությանը:
Ցուցահանդեսը կոչվում է «Շնորհակալություն ԱՄՆ-ին. երեք նվեր նախագահներին՝ ի երախտագիտություն արտերկրում ամերիկյան մեծահոգության», որտեղ հայկական գորգի կողքին կներկայացվեն 1930 թվականին Ֆրանսիայից ստացված Սևրի ծաղկամանը' Ֆրանսիայում երեխաներին սննդով ապահովելու համար, նաև ապակու մեջ ծաղկող ճյուղը, որն ԱՄՆ ներկայիս նախագահ Օբամային են նվիրել ճապոնացիները' 2010 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո տրամադրված օգնության համար:
***
Դավիթ Սանասարյանի բողոքը ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փոխանցել է ԵԱՀԿ քարտուղարություն
«Քանի որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ԼՂՀ-ի հակամարտության խնդրով չի զբաղվում, մեր ներկայացուցիչը հանդիպել է պարոն Սանասարյանի հետ և տեղեկացրել նրան, որ մենք կփոխանցենք իր բողոքը մեր համապատասխան ատյաններ՝ ԵԱՀԿ քարտուղարություն, ինչն արվել է»,- Լուրեր.com-ի հետ զրույցում տեղեկացրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի՝ մամուլի և հանրային կապերի
պատասխանատու Գոհար Ավագյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ի ժամը 13:45-ից, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև հացադուլ է հայտարարել «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, ակտիվիստ Դավիթ Սանասարյանը: Վերջինս գիշերել է գրասենյակի առջև: Նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի վերադարձման:
***
Հակոբ Ինջիղուլյանը ծառայության է անցել
Մեկ տարուց ավելի ադրբեջանական գերության մեջ գտնված Հակոբ Ինջիղուլյանը օրեր առաջ ծառայության է անցել հայոց բանակում: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հայրենադարձվել է:
Նա նշել էր, որ հայրենիք վերադառնալու ցանկությունն իրենն է եղել. «Դա իմ ցանկությունն է եղել: Ես վերադառնալու ցանկություն եմ հայտնել, որում ինձ աջակցել են միջազգային կազմակերպությունները: Ինձ համար երրորդ երկիր գոյություն չունի, այլ գոյություն ունի միայն Հայաստան»,- ասել է նա:
Ինջիղուլյանը հայտարարել էր, որ պատրաստվում է շարունակել ծառայությունը հայկական բանակում. «Ես դեռևս 9 ամիս ունեմ ծառայելու և պատրաստվում եմ գնալ ծառայության»:
***
Ադրբեջանը կվերադարձնի խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը, եթե հարկ համարի. Պետհանձնաժողով
Եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը: Այս մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըգովին:
Խոսելով խոցված ուղղաթիռի մասին՝ նա հայտարարել է, թե այն գտնվում է Ադրբեջանի տարածքում:
«Դիերը մնացել են այնտեղ, և ոչ մի կողմի համար այն վերցնելը հնարավոր չի եղել: Եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել դիերը»,- ասել է նա:
Անդրադառնալով նաև Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներին, որոնց դատավարությունը շարունակվում է ԼՂՀ-ում՝ նա պնդել է, թե «նրանք դիվերսանտներ չեն»:
***
Տպավորություն է՝ ԱԺ-ում պատերազմ է, թե ով է ավելի շատ ժողովրդին սիրում. Գալուստ Սահակյան
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին կոչ է անում ժողովրդին քաղաքական շահարկման առարկա չդարձնել: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա, անդրադառնալով որոշ պատգամավորների քննադատական ելույթներին, նշեց, որ ժողովրդի մասին կարելի է մտածել, սակայն չի կարելի նրան քաղաքական շահարկման առարկա դարձնել:
«Տպավորություն է ստեղծվում, թե այս դահլիճում անձնազոհների մի ամբողջ խումբ է նստած, և պատերազմ է գնում, թե ով է ավելի շատ ժողովրդին սիրում: Ժողովրդին սիրում են հոգեպես, ներքին զգացումներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
Անդրադառնալով պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե ԱԺ-ում հակաժողովրդական նախագծեր են քննարկվում, Գալուստ Սահակյանը նկատեց, որ անկախ նրանից, թե ԱԺ պատգամավորները միմյանց սիրում են, թե չէ, հակաժողովրդական անձինք խորհրդարանում չկան:
***
Ձեզ լսելով՝ ես տպավորություն եմ ստանում, որ դուք Լյուդովիկոս 14-րդն եք. Արծվիկ Մինասյանը՝ Հակոբ Հակոբյանին
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով նախագծի հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, նմանեցրեց վերջինիս Լյուդովիկոս 14-րդին:
«Ձեզ լսելով՝ ես տպավորություն եմ ստանում, որ դուք Լյուդովիկոս 14-րդն եք, ով ասում էր՝ պետությունը ես եմ: Սոցիալական քաղաքականության հերն անիծեցիք»,- ասաց Մինասյանը:
Վերջինս դիմեց Հակոբյանին. «Դուք բերել եք հակաժողովրդագրական, հակասոցիալական ու հակաիրավական նախագիծ»:
Հակոբ Հակոբյանը հակադարձեց. «Վերջապես մի լավ բան ենք ուզում անել, որ չաշխատող մորն օգնում ենք, ուրիշ բան, որ ինձ որպես մեծամասնական ներկայացուցիչ մեղադրեք, որ ինչու է 30 000 կանայք չեն աշխատում, այստեղ կարող եք մեղադրել, բայց այս հարցում, ազնիվ խոսք, իրավունք չունեք»,- ասաց նա:
***
Վիճաբանություն՝ Բաբուխանյանի և Բագրատյանի միջև. միջամտել է Շարմազանովը
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթն ընդհատեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Վերջացրե՛ք: Բարի՛ եղեք, ինձ լսեք, ես լսեցի Ձեզ: Պարտավոր չեք համաձայն լինել ինձ հետ, բայց չխանգարել պարտավոր եք»,- Բագրատյանի՝ դահլիճից հնչող գոռգոռոցներին հակադարձեց Հայկ Բաբուխանյանը:
Բագրատյանին բարկացրել էր Բաբուխանյանի այն հայտարարությունը, որ 90-ականների իշխանություններն արհմիությունների ունեցվածքը սեփականաշնորհել են:
Վեճին միջամտեց նիստը վարող, ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը:
Բագրատյանին արձագանքելու հնարավորություն տրվեց. «Մինչև 96-ի վերջը մենք որևէ կրպակ արհմիություններից չենք վերցրել, նրանց ունեցվածքին ոչ ոք չի կպել»:
***
Հյուրասենյակի հատակին անգիտակից վիճակում հայտնաբերվել է 14-ամյա աղջկա մարմինը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 17.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (14-ամյա աղջիկ) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ռ. Խ.-ի բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին անգիտակից վիճակում հայտնաբերել Կ. Խ.-ին (ծնվ. 2000թ.), ում հրշեջ-փրկարարները թունավորաման նախանշաններով տեղափոխել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առոզջական վիճակը գնահատել են բավարար:
***
ՃՈ աշխատակիցը կաշառք է պահանջել վարորդից. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քաղաքացի Նորայր Սիմոնյանի կողմից ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության աշխատակից Տիգրան Գևորգյանին կաշառք տալու և վերջինիս կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ' ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի և 312-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Տիգրան Գևորգյանը 2014թ. հուլիսի 31-ին' ժամը 24.00-ից մինչև 08.00-ը, ծառայություն իրականացնելով Երևան քաղաքում, ժամը 02.00-ի սահմաններում նկատելով գիշերային ժամանակ լուսարձակներն անջատված երթևեկող «Օպել» մակնիշի ավտոմեքենան, կանգնեցրել է այն և վարորդական իրավունք չունեցող վարորդ Նորայր Սիմոնյանի կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու կասկածանքով վերջինիս տեղափոխել «Արամյանց» բժշկական կենտրոնի մոտ:Շարունակությունն՝ այստեղ: