«Mediamall.am»-ը  ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն նորությունները.

 

Վթար Նուբարաշեն-Զովաշեն ավտոճանապարհին

 

Օգոստոսի 30-ին, ժամը 01.32-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն-Զովաշեն ավտոճանապարհի կզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 35 VO 553 պետհամարանիշի (վարորդ' Է. Թ.) և «ՎԱԶ 3110» մակնիշի 23 ՕԼ 075 պետհամարանիշի (վարորդ' Ա. Հ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 8 մետր ընկել մոտակա ձորը. տուժածներ չկան:

Փրկարարները ձորից դուրս են բերել Է.Թ.-ի «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

 

***

 

Նոր մանրամասներ՝ Երևանում հնչած կրակոցներից

 

Օգոստոսի 29-ին, ժամը 20.20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնկի շրջանի հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը Թումանյան և Խանջյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Սուրեն Ի.-ին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի և քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 6/2 հասցեում գործող մի ՍՊԸ գրասենյակում Սուրեն Ի.-ին իր «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել և վնասվածքը պատճառել է 1961 թ. ծնված Արսեն Ա.-ն, որն անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ' օգոստոսի 30-ին, ժամը 00.55-ին, ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Ատրճանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Նշանակվել են փորձաքննություններ:

Արսեն Ա.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Մահվան ելքով պատահար' Երևան-Գյումրի ճանապարհին

 

Ոստիկանության Ախուրյանի բաժնում օգոստոսի 30-ին հաղորդում է ստացվել, որ 1982թ. ծնված Արման Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.10-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 117-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40-45 տարեկան տղամարդու, ով տեղում մահացել է:

Վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել: Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

 

***

 

Ալիևը նորից սկսեց հոխորտալ

 

Օգոստոսի սկզբին հայկական զորքերի դիրքապահների նկատմամբ կատարած դիվերսիոն գործողությունների անհաջողության պատճառած ցնցումից դուրս եկած' Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը Բեյլագանում երիտասարդության եւ հասարակայնության ներկայացուցիչների հետ երեկ ունեցած հանդիպման ժամանակ դարձյալ հոխորտացել է եւ հանդես եկել սին հայտարարություններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սոչի մեկնելուց առաջ սեփական բանակին դիվերսիոն գործողությունների մղած Ալիեւը, վերագրելով դրանք հայկական կողմին, հանդես է եկել ադրբեջանական բանակի կրած խայտառակ պարտությունը քողարկող հայտարարություններով, թե իբր օգոստոսյան բախումներում «արբեջանական բանակը արժանի հակահարված է տվել թշնամուն»: Սոչիում հանդիպման ժամանակ, սեփական բանակի զինվորների մեծ քանակությամբ կորստից ցնցման մեջ հայտնված Ալիեւը դրանք վերագրել է հայերին եւ հայտարարել, թե, իբր, «շնորհիվ ադրբեջանցի հերոս զինվորների եւ սպաների արիության, Սոչիում Ադրբեջանի դիրքորոշումը հնչել է ավելի ուժեղ, ինչից հայկական կողմը դեռեւս չի կարողանում ուշքի գալ»: Ալիեւի այդ հանդիպման մասին հայտնել է «ԱզերԹԱջ»-ը:

Ալիեւը ադրբեջանցի երիտասարդների առաջ դարձյալ կրկնել է 10 տարուց ավելի չարչրկած արտահայտություններն այն մասին, թե իբր ադրբեջանական բանակն այնքան «ուժեղ» է, որ նրա դեմ խաղ չկա, որ իրենք կվերականգնեն ինչ-որ «տարածքային ամբողջականություն» եւ այլ անհեթեթություններ: Ալիեւը ադրբեջանական ժողովրդին խոստացել է ավելի մեծացնել 20 տարի միլիարդավոր դոլարների դիմաց զինելուց հետո հայկական ուժերի հետ փոքրիկ բախմանը չդիմացած սեփական բանակի բյուջեն' հույս ունենալով, որ այդպես կարող է ինչ-որ «հաջողության» հասնել:

Սեփական անհաջողություններից վախեցած Ալիեւը փորձել է ամեն ինչում մեղադրել Արեւմուտքին: Նա ասել է, թե «գլոբալացման քողի տակ որոշ արտասահմանյան շրջանակներ փորձում են իրենց կամքը թելադրել եւ ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում»: Ալիեւը խոսել է միջազգային կառույցների հետ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության մասին' դրանք անվանելով «թշնամական»: «Իրականում աշխատանքներ են տարվում, որպեսզի երիտասարդությանն ուղղորդեն սեփական պետության դեմ», -ասել է նա:

Ալիեւի այդ «նախազգուշացմանը» հետեւել է Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի այն հայտարարությունը, թե «ճակատում վերջին իրադարձությունների հետ կապված որոշ լրատվական կայքեր օրենքներ են խախտել, մամուլի որոշ օրգաններ լավ չեն աշխատել»:

Ռամիզ Մեհտիեւը երեկ հավաքել է պաշտոնական տեղեկատվությունների համար պատասխանատու կառույցների եւ ԶԼՄ-ների ղեկավարներին, եւ մեղադրել նրանց տեղեկատվական անվտանգության բնագավառում «Ադրբեջանի ազգային շահերին եւ օրենսդրությանը հակառակ գործունեություն տանելու, ճակատային գծում իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ եւ պետական գաղտնիքներ հայտնելու, թշնամու շահերին ծառայող տեղեկությունների արտահոսք թույլ տալու» մեջ:

Մեհտիեւը ԶԼՄ-ների ղեկավարներին զգուշացրել եւ սպառնացել է, որ «անկախ ձեւից եւ բովանդակությունից' Ադրբեջանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանադրական կառուցվածքի դեմ յուրաքանաչյուր տեղեկություն հայտնած մամուլի օրգան պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ»: Նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հանձնարարել է «ավելի ընդարձակ եւ օբյեկտիվորեն լուսաբանել Ադրբեջանի նախագահի կողմից կյանքի կոչվող հաջող քաղաքականությունը»:

Ինչպես երեւում է' իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների եւ լրագրողների զանգվածային ձերբակալություններից հետո սեփական անհաջողությունները ժողովրդից թաքցնելու համար Ադրբեջանի իշխանություններն այժմ էլ աշխատում են լռեցնել ԶԼՄ-ներին:

 

***

 

Զինծառայողի մահվան փաստով կա ձերբակալված

 

2014թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ/ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը:

 

***

 

Ճանապարհատրանսպորտային երկու պատահար' երեք զոհով

 

Քսանամյա Ալեքսեյ Ստեփանյանի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, օգոստոսի 29-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևան-Մեղրիի մաքսակետ ճանապարհի 372-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը' 1992 թ. ծնված Արտյոմ Աղամալյանը, տեղում մահացել են: Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նույն օրը մահվան ելքով մեկ այլ ճանապարհատրանսպորտային վթար էլ տեղի է ունեցել Երեւանի Բագրատունյաց փողոցում: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 3 հասցեի դիմաց բախվել է 1979թ. ծնված Եփրեմ Մ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է կայանված, 1969թ. ծնված Արմեն Ա.-ին պատկանող մեկ այլ «Մերսեդես»-ի, իսկ վերջինս էլ առաջ գնալով' բախվել է կայանված, 1983 թ. ծնված Արթուր Մ.-ին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով Երեմ Մ.-ն և առաջին «Մերսեդես»-ի ու ղևոր, 1943 թ. ծնված Էդիսոն Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Երևան» բժշկական կենտրոն, որտեղ Է. Գևորգյանը մահացել է:

Նույն օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1993թ. ծնված Աշոտ Ղ.-ն է: Կատարվում է քննություն:

 

***

 

Եթե մեր երկիրը Ուկրաինայի ճգնաժամին խառնվի, ապա այնպիսի կրակ կբռնկվի, որ ամբողջ աշխարհով չենք կարողանա մարել. Գորբաչով

 

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը վստահ է, որ Ռուսաստանն այժմ ճիշտ քաղաքականություն է վարում՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:

«Եթե մեր երկիրը խառնվի, ապա այնպիսի կրակ կբռնկվի, որ ամբողջ աշխարհով չենք կարողանա մարել: Եվ ճիշտ է, որ քաղաքական գործիչները պահում են իրենց դիրքորոշումը»,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Լուրերի ռուսական ծառայությանը»:

«Մեր առաջարկն է եղել՝ բացել անցակետերը, դուրս բերել մարդկանց: Ոչ, ոչ: Ինչ-որ մեկը նստում է իր տաքուկ գրասենյակում և մտածում: Իսկ այդ ընթացքում ինչեր ասես՝ չեն կատարվում մարդկանց, երեխաների ու կանանց հետ: Կրակում են ծննդատների, դպրոցների վրա, հիվանդանոցները փլվում են: Միայն պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 2000 մարդ, և ինչքան տուժածներ»,- հիշեցրել է նա:

«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի դադարեցնել միմյանց սպանելը. սա մեկ ընդհանուր ժողովուրդ է: Եթե այլ երկրներ միջամտեն, ապա մասշտաբները կընդլայնվեն և թույլ կտան բոլորին մասնակցել դրան, ինչը կվերածվի Եվրոպայում սարսափելի ջարդերի: Դա չի կարելի թույլ տալ»,- ընդգծել է Գորբաչովը:

 

***

 

Ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ալժիրում

 

Ալժիրի հարավում ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 7 մարդ:

Ալժիրի ԶԼՄ-ները հայտնել են, որ ողբերգությունը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 2:40-ի սահմաններում. վթարի է ենթարկվել «ԱՆ-12» ինքնաթիռը, որն ուղևորվում էր Էկվատորիալ Գվինեա:

«Ինքնաթիռն ընկել է տեխնիկական խափանման պատճառով, օդանավակայանից 15 մղոն հեռավորության վրա, լեռնային վայրում:

Տեղական իշխանությունները փրկարարական օպերացիա են ձեռնարկել' ավիավթարից ողջ մնացածներին փրկելու ուղղությամբ:

 

***

 

Վերին Լարսի ավտոճանապարհը բացվել է

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ' Դարիալի կիրճի ավտոճանապարհը բացվել է: Ինչպես հաղորդել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը' այսօրվա ընթացքում ավտոմեքենաները կկարողանան շարժվել սահուն կերպով, իսկ օգոստոսի 30-ի 18:00-ից մինչ հաջորդ օրվա 07:00-ն, ելնելով անվտանգությունից, «Լարս»-ի մաքսակետում կլինեն սահմանափակումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ավտոմեքենաների շարժը կիրականացվի պարեկային ոստիկանության համակարգման միջոցով:

Վրաստանի վարչապետն այցելել էր Դարիալի կիրճ' ծանոթացել ստեղծված իրավիճակին: Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարականով' սողանքի հետևանքով տուժած ճանապարհի և մաքսակետի վերականգնման աշխատանքներն ընթացել են ինտենսիվ ռեժիմով: Տեղում մոբիլիզացվել են անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք կշարունակեն աշխատանքը:

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով' սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում այսօր՝ օգոստոսի 23-ին' առավոտյան ժամը 11-ից, վերսկսվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը:

 

***

 

Արսեն Խոջոյանը Երևանում անցնում է ստացիոնար բուժում

 

Ադրբեջանական գերությունից վերադարձած, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը Սևանից, որտեղ զբաղվում է անասնապահությամբ, տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որեղից էլ ուղեգրվել և ՀՀ առողջապահության նախարարության փորձագետի ուղեկցությամբ տեղափոխվել է երևանյան մասնագիտացված հիվանդանոց:

Նա ենթարկվել է համալիր' կենսաքիմիական, կլինիկական, ինչպես նաև բոլոր տեսակի վարակների հետ կապված բուժզննության: Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Արսեն Խոջոյանին նշանակվել է համապատասխան բուժում: Նրա առողջական վիճակը և բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

 

***

 

Սպանության մեղադրանքով հետախուզվողին 11 տարի անց հայտնաբերել և տեղափոխել են Հայաստան

 

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից oգոստոսի 29-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է էտապավորվել 1977թ. ծնված Անդրանիկ Ե.-ն, ով 2003թ. հուլիսի 18-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով (սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմ ամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Անդրանիկ Ե.-ն հանձնվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն:

 

***

 

Էրդողանը կատարում է ԿՀՎ գործակալի գրածները. «Ալ Ջազիրա»

 

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ պաշտոնում իր առաջին հարցազրույցը տվել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ապագայի մասին հեռուստաալիքի հաղորդավարի տված հարցին Էրդողանը թուրքական հասարակության մեջ աղմուկ առաջացնելու պատճառ դառնալու պատասխան է տվել: «Ապագա գործընթացը կառուցելու ենք խիստ տարբերվող կերպ: Դրա անունը նոր Թուրքիա է: Նոր Թուրքիան, բն ական է, որ տարբեր է լինելու», - ասել է Էրդողանը:

 

«Ալ Ջազիրա»-ն հայտնել է, որ Թուրքիայում աղմուկի պատճառ դառնալու հարցն այն է, որ Նախագահի հարցազրույցի ժամանակ նա մի քանի անգամ արտահայտել է «նոր Թուրքիա» եզրույթը, որը պատկանում է «Նոր Թուրքիայի Հանրապետություն» գրքի հեղինակ, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) Թուրքիայի գծով բաժնի ղեկավարի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Գրեհեմ Ֆյուլերին. 2008 թվականին հրատարակված գիրքը բաղկացած է եղել «Քեմալիզմը մեռավ», «Թուրքիան պետք է ամուր կառչի չափավոր իսլամից» կարծիքներից եւ մեծ աղմուկ էր առաջացրել այդ երկրում:

 

 

***

 

 

Հակոբ Ինջիղուլյանը տուն է զանգահարել

 

 

Գրեթե մեկ տարի ադրբեջանական գերության մեջ գտնվելուց հետո երրորդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը երեկ արդեն կապ է հաստատել ընտանիքի հետ։ Նա զանգահարել է հարազատներին, խոսել մոր հետ։

 

«Ազատության» հետ զրույցում Ինջիղուլյանի մայրը՝ Գայանեն, պատմեց, որ գերությունից փրկված տղայի տրամադրությունը լավ է եղել, այս պահին, սակայն, հարազատներից որևէ մեկը նրա գտնվելու ստույգ վայրի մասին տեղեկություններ չունի:

 

«Նա ասաց, որ՝ ես շատ լավ եմ, առողջական վիճակս նորմալ է, ամեն ինչ լավ է», - պատմեց մայրը:

 

Արդյոք Հակոբ Ինջիղուլյանը կվերադառնա՞ Հայաստան, թե՞ ոչ՝ ընտանիքը չգիտի, կարճատև զրույցի ընթացքում այդ մասին խոսք չի եղել. դա հետագայի հարց է, ասում էր մայրը, կարևորն այն է, որ Հակոբն այլևս Ադրբեջանում չէ։

 

Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր տեղափոխվելու մասին «Ազատության» հետ զրույցում երեկ ասել էր նրա եղբայրը՝ Հարությունը։ Նրա խոսքով, իրենց Կարմիր խաչի գրասենյակից ասել էին, որ Հակոբին Ադրբեջանից տեղափոխել են օգոստոսի 26-ին, այլ մանրամասներ չէին հաղորդել, խորհուրդ տալով սպասել Հակոբի հեռախոսազանգին։

 

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ տեսողության խնդիրներ ունեցող 22-ամյա Հակոբ Ինջիղուլյանը դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չէր կողմնորոշվել և նախորդ տարվա օգոստոսի 8-ի գիշերը հատել էր ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը և գերի ընկնել Ադրբեջանում:

 

Պաշտպանության նախարարությունն արդեն արձագանքել է հայ գերուն երրորդ երկիր տեղափոխելու մասին տեղեկատվությանը, փաստելով, որ՝ «դա հիանալի լուր է»։

 

Շնորհակալություն հայտնելով Ինջիղուլյանի տեղափոխությունը կազմակերպած միջազգային կազմակերպությանը՝ նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում նաև հույս է հայտնել, որ Հակոբը Հայաստան վերադառնալու հնարավորություն կունենա։

 

Գերիների հարցերով տարիներ շարունակ զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը, մինչդեռ, չի հիշում մինչ օրս որևէ դեպք, որ երրորդ երկիր տեղափոխված գերին հայրենիք վերադարձած լինի։ Նրա խոսքով, Ինջիղուլյանի տեղափոխումը կարելի է դրական համարել, քանի որ ընդունող երկրում, ինչպես ցույց են տալիս իրենց հետազոտությունները, գերիների համար բավականին լավ պայմաններ են ապահովում։

 

Թե ո՞ր երկրում է գերին՝ երբեք չի հրապարակվում: Ալավերդյանի խոսքով, դա միջազգային պրակտիկայում ընդունված կարգ է, ինչ վերաբերում է առողջությանը հնարավոր վնաս պատճառելու գործով հետաքննություն անցկացնելուն, ապա այդպիսի հետաքննություններ չեն լինում։

 

Ալավերդյանը պատահական չի համարում, որ Ինջիղուլյանի տեղափոխվելու մասին լուրը հենց այս օրերին է հրապարակվում: Նրա խոսքով՝ ուղիղ երկու տարի առաջ է Ադրբեջանի նախագահը թույլ տվել միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտումը և ազատ արձակել Ռամիլ Սաֆարովին, և այս ձևով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության մոտ բարձրացնել սեփական վարկանիշը և մոռացության մատնել մարդասպանի արդարացումն ու հերոսացումը։