Գրեթե մեկ տարի ադրբեջանական գերության մեջ գտնվելուց հետո երրորդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը երեկ արդեն կապ է հաստատել ընտանիքի հետ։ Նա զանգահարել է հարազատներին, խոսել մոր հետ։

 

«Ազատության» հետ զրույցում Ինջիղուլյանի մայրը՝ Գայանեն, պատմեց, որ գերությունից փրկված տղայի տրամադրությունը լավ է եղել, այս պահին, սակայն, հարազատներից որևէ մեկը նրա գտնվելու ստույգ վայրի մասին տեղեկություններ չունի:

 

«Նա ասաց, որ՝ ես շատ լավ եմ, առողջական վիճակս նորմալ է, ամեն ինչ լավ է», - պատմեց մայրը:

 

Արդյոք Հակոբ Ինջիղուլյանը կվերադառնա՞ Հայաստան, թե՞ ոչ՝ ընտանիքը չգիտի, կարճատև զրույցի ընթացքում այդ մասին խոսք չի եղել. դա հետագայի հարց է, ասում էր մայրը, կարևորն այն է, որ Հակոբն այլևս Ադրբեջանում չէ։

 

Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր տեղափոխվելու մասին «Ազատության» հետ զրույցում երեկ ասել էր նրա եղբայրը՝ Հարությունը։ Նրա խոսքով, իրենց Կարմիր խաչի գրասենյակից ասել էին, որ Հակոբին Ադրբեջանից տեղափոխել են օգոստոսի 26-ին, այլ մանրամասներ չէին հաղորդել, խորհուրդ տալով սպասել Հակոբի հեռախոսազանգին։

 

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ տեսողության խնդիրներ ունեցող 22-ամյա Հակոբ Ինջիղուլյանը դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չէր կողմնորոշվել և նախորդ տարվա օգոստոսի 8-ի գիշերը հատել էր ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը և գերի ընկնել Ադրբեջանում:

 

Պաշտպանության նախարարությունն արդեն արձագանքել է հայ գերուն երրորդ երկիր տեղափոխելու մասին տեղեկատվությանը, փաստելով, որ՝ «դա հիանալի լուր է»։

 

Շնորհակալություն հայտնելով Ինջիղուլյանի տեղափոխությունը կազմակերպած միջազգային կազմակերպությանը՝ նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում նաև հույս է հայտնել, որ Հակոբը Հայաստան վերադառնալու հնարավորություն կունենա։

 

Գերիների հարցերով տարիներ շարունակ զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը, մինչդեռ, չի հիշում մինչ օրս որևէ դեպք, որ երրորդ երկիր տեղափոխված գերին հայրենիք վերադարձած լինի։ Նրա խոսքով, Ինջիղուլյանի տեղափոխումը կարելի է դրական համարել, քանի որ ընդունող երկրում, ինչպես ցույց են տալիս իրենց հետազոտությունները, գերիների համար բավականին լավ պայմաններ են ապահովում։

 

Թե ո՞ր երկրում է գերին՝ երբեք չի հրապարակվում: Ալավերդյանի խոսքով, դա միջազգային պրակտիկայում ընդունված կարգ է, ինչ վերաբերում է առողջությանը հնարավոր վնաս պատճառելու գործով հետաքննություն անցկացնելուն, ապա այդպիսի հետաքննություններ չեն լինում։

 

Ալավերդյանը պատահական չի համարում, որ Ինջիղուլյանի տեղափոխվելու մասին լուրը հենց այս օրերին է հրապարակվում: Նրա խոսքով՝ ուղիղ երկու տարի առաջ է Ադրբեջանի նախագահը թույլ տվել միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտումը և ազատ արձակել Ռամիլ Սաֆարովին, և այս ձևով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության մոտ բարձրացնել սեփական վարկանիշը և մոռացության մատնել մարդասպանի արդարացումն ու հերոսացումը։