«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրն՝  ամփոփ.


Ավտովթար Դավիթ Անհաղթի փողոցում. 38-ամյա վարորդը տեղում մահացել է

 

Նոյեմբերի 1-ին, ժամը 01.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Օ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով Օ. Ս.-ը տեղում մահացել է: Ավտոմեքենայի ուղևոր' 1981 թ. ծնված Ռ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները Օ. Ս.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենան:

 

***

 

Ավտովթար' Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին

 

Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.06-ին տեղեկություն է ստացվել, որ միջհամայնքային Հ-13 ավտոճանապարհի Էջմիածին-Ոսկեհատ հատվածում (1-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 34 OR 435 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

 

***

 

Ոստիկանները դպրոցի հետնամասում հայտնաբերել են փամփուշտ, նռնակ, նռնակի պայթուցիչ

 

Ոստիկանության Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող դպրոցի հետնամասում, հոսանքի սնուցման կետի սյան տակ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 16 մմ տրամաչափի որսորդական 71 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և որսորդական հրացան:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Իսկ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1952 թ. ծնված Ամար Օ.-ն կամավոր հանձնել է «Տոզ» տիպի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, 5.45 մմ տրամաչափի 96 և «ԴՇԿ-74» տիպի գնդացրի 3 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

***

 

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ

 

Նոյեմբերի 2-ին, 3-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ:

Նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից և 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներումտեղումները կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով: Տեղումների առավելագույն ինտենսիվությունը կդիտվի Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում: Նոյեմբերի 3-ի ցերեկը տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում:

 

Նոյեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսից կրկին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են թույլ տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով: Լեռնային և նախալեռնային շրջանների ճանապարհներին կդիտվի մերկասառույց, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից մինչև նոյեմբերի 4-ը հանրապետության ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում և Լոռիում գիշերը տատանվելով -5...-8, ցերեկը 0...-4, Տավուշում գիշերը -2...+1, ցերեկը 0...+3, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում գիշերը 0...-2, ցերեկը +2...+5, Սյունիքի նախալեռներում գիշերը -2...-5, ցերեկը -1...+2, Սյունիքի Հովիտներում գիշերը -2...+1, ցերեկը 0...+3, Արցախում -2...+2, ցերեկը 0...+5, Երևանում գիշերը 0...-2, ցերեկը +3...+5 սահմաններում:

 

***

 

Ինչո՞ւ են միջազգային կառույցները լռում, երբ երեխա են սպանում. Մանվել Գրիգորյանն՝ ադրբեջանցի դիվերսնատների դատավարության մասին

 

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կարծիքով' Ադրբեջանի հետախուզության առաջադրանքով Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատած դիվերսանտներն արժանի էին գնդակահարման: «Բոլորին պետք է բռնեին ու գնդակահարեին, որ դատ չլիներ: Եթե անչափահաս երեխաներ են սպանում, ի՞նչ դատ-դատաստան պետք է անել, Աստված նրանց պետք է դատաստան անի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահը:

 

Իսկ լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Հայաստանի կողմից նման քայլը կարժանանար միջազգային կազմակերպությունների դատապարտմանը, Գրիգորյանը պատասխանեց. «Իսկ երբ երեխա են սպանում, միջազգային կառույցները ինչո՞ւ չեն խոսում»:

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքների հանձնման խոսակցություններին' գեներալ-լեյտենանտը հիշեցրեց, որ մենք էլ հարյուրավոր հեկտարներով տարածքներ ունենք Արդբեջանի ձեռքում, միլիոնավորներն էլ' Թուրքիայի ձեռքում: «Չնայած դա իմ գործը չէ, այլ դիվանագետների և քաղաքական գործիչների լուծելիք խնդիրն է»,- հավելեց նա:Շարունակությունն՝ այստեղ:

 

***

 

Զորակոչի գործընթացը կատարելագործվում է. Սեյրան Օհանյան

 

Զորակոչի իրականացման ողջ գործընթացը տարեցտարի կատարելագործվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 1-ին ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ այդ ամենը լոկ ռազմական գերատեսչության կամ իր խոսքերը չեն: «Նաև մեր հանրությունն է դրա մասին խոսում: Իսկ ինձ համար սկզբունքային է, որ այդ գործ ընթացում մաքսիմալ ազնվության և արդարության պայմաններ ստեղծվեն, որ հայ զինվորը, հայ քաղաքացին, հայ տղամարդը «վաճառքի» չենթարկվի, ինքնակամ, հայրենասիրությամբ տոգորված գնա և իր հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

 

Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ նախորդ զորակոչների ընթացքում, անկասկած, եղել են թերություններ և բացթողումներ՝ հիմնականում փաստաթղթերի ոչ լիարժեք առկայության, բժշկական գործընթացում որոշակի թերությունների առնչությամբ: «Մենք վիճակահանությամբ ենք ուղարկում զորամասեր, և այնտեղ էլ իրենք շարունակում են իրենց ծառայությունը: Հունվարին կլինի զորակոչը, և զորակոչի ընթացքում մենք, համագործակցելով իրավապահ մարմինների, վերահսկիչ տարբեր կառույցների, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, կապահովենք զորակոչի իրականացումը»,- նշեց նա:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ստորագրել է 2014թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր: Նա հրամանագիրը ստորագրել է ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով

 

***

 

Կինը փողոցում ավտոմեքենայից գողացել է ձայնարկիչն ու վնասել մեքենան

 

Ոստիկանության Էրեբունու բաժին հոկտեմբերի 27-ին' ժամը 15.00-ին, դիմել էր 1989 թ. ծնված Դավիթ Ա.-ն և հաղորդում տվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ Միչուրինի փողոցի թիվ 5 շենքի դիմաց կայանված իր «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի դռները բացելով' սրահից գողացել են ձայնարկիչ և դիտավորյալ վնասել ավտոմեքենայի ե րեք անվադողերը, թափքի մետաղյա հատվածները, դիմապակին' պատճառելով 460.000 դրամի նյութական վնաս:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1972 թ. ծնված Կարինե Մ.-ն, որը հոկտեմբերի 30-ին ներկայացել է բաժին, խոստովանել կատարածն ու ներկայացրել գողոնը: Կատարվում է հետաքննություն:

 

***

 

Պայքարելու ենք յուրաքանչյուր թիզ հողի համար. Օհանյան

 

Հայկական բանակն ի զորու է պաշտպանելու իր հայրենիքն ու յուրաքանչյուր թիզ հողը, եթե Արցախին ինչ-որ վտանգ սպառնա: Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում հաջողությունների ա ռաջին նախապայմանը վստահության ամրապնդման միջոցառումներն են։ Եվ նախագահների հանդիպման օրերին, նաև մի քանի օր առաջ լարված էր իրավիճակը, այսինքն՝ կրակոցների թիվը շատացել է։ Եթե մեր հարևանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի երկու երկրների միջև, դրանից հետո միայն մնացած հաջողությունները կլինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

 

Սեյրան Օհանյանի խոսքով՝ հարցերի լուծման վերջնագծում երկխոսության պայմանների ստեղծումն է: «Այդ պայմաննների ընթացքում մենք պետք է կարողանանք հիմնավորել այն իրավիճակը, որ այսօր գոյություն ունի, և յուրաքանչյուր փոփոխություն պետք է, անկասկած, ռազմական, փորձագիտական գնահատականի արժանանա: Իսկ եթե Արցախին ինչ-որ վտանգ սպառնա, յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք: Յուրաքանչյուր թիզ հողի»,-շեշտեց նա:

 

Սեյրան Օհանյանը փաստեց, որ մեր երկիրը միշտ կողմնակից է վստահության ամրապնդմանը, սակայն միշտ էլ հակառակորդի, մեր հարևանների կողմից բացասական պատասխան է եղել: «Մի քանի անգամ մենք միակողմանի ենք իրականացրել այդպիսի միջոցառումներ՝ մեր կողմից չպատասխանելով ոչ մի կրակոցի, միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելով, նաև միակողմանի հետաքննության անցկացման միջոցառումներով: Ցավոք, մեր հարևանների կողմից դա բացասական պատասխանի արժանանուում»,-հավելեց նա:

 

Փարիզի Մարինյի պալատում ավարտվել են Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

 

***

 

Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում 3 հազար կրակոց է արձակել

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն' հոկտեմբերի 19-25-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

***

 

Հրատարակվել է հայրենասիրական դաստիարակության ուղեցույց-ձեռնարկը

 

Նոյեմբերի 1-ին Երկրապահ կամավորակաների միության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանրակրթական դպրոցներում 2014-2015 ուսումնական տարում «Պատանի երկրապահ» ակումբների ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը:

 

Նախքան ձեռնարկի շնորհանդեսը' ՀՀ պաշտպանության, կրթության և Գիտության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Արմեն Աշոտյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև, եղան ԵԿՄ թանգարանում, ծանոթացան 5-րդ բրիգադի անցած մարտական ուղուն և ներկայացված ցուցանմուշներին:

 

Ողջունելով միջոցառման մասնակիցներին' ԵԿՄ անդամ Վարդան Դևրիկյանը նկատեց, որ ձեռնարկի լույս ընծայումը տրամաբանական արգասիքն է ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և ԵԿՄ հասարակական կազմակերպության միջև սույն թվականի սեպտեմբերի 9-ին կնքված փոխըմբռնման հուշագրի:

 

Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են խթանել հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների հայրենասիրական դաստիրակությունը, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար համատեղ մշակել և հաստատել այդ նպատակին միտված միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը: Ըստ հուշագրի' հանրակրթական բոլոր դպրոցներում ստեղծվելու են պատանի երկրապահների ակումբներ:

 

Միջոցառման ընթացքում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը համառոտ ներկայացրեց ուղեցույցի բովանդակությունը, նախատեսված միջոցառումների ցանկը, խնդիրներն ու նպատակները:

 

Ձեռնարկի շնորհանդեսի կապակցությամբ շնորհավորելով միջոցառման մասնակիցներին' ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում շեշտեց, որ հարկ է մեկընդմիշտ պարտական լինել և արժևորել մեր հաղթանակները կերտած հերոսների սխրանքը, քանի որ միայն անցյալի արժևորմամբ ու գնահատմամբ մենք կարող ենք կերտել մեր արժանավայել ապագան: Պաշտպանության նախարարի համոզմամբ' անչափ գնահատելի է այն իրողությունը, որ ուղեցույցի շնորհիվ անցյալի արժևորմանն ու հիշատակմանը միտված միջոցառումներն այսուհետև դպրոցական ուսումնական ծրագրի մասն են կազմելու:

 

***

 

Ոստիկանները երեւանցի երիտասարդի ավտոմեքենայից դանակ և թմրամիջոց են հայտնաբերել

 

Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 15 շենքի մոտից, հոկտեմբերի 31-ին' ժամը 12.30-ին, ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ռուբիկ Մնացականյանը' իր «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայով:

Զննությամբ մեքենայի վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է 15,5 սմ շեղբի երկարությամբ դանակ և թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով 2,5 գ կշռով կանեփանման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկ այլ դեպքում' հոկտեմբերի 31-ին' ժամը 03.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի գետնանցումից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ժիրայր Ա.-ին և 1987 թ. ծնված Զավեն Բ.-ին:

Բայց մինչ այդ Ժիրայր Ա.-ն նշված գետնանցումում նկատելով ոստիկաններին՝ գետին էր նետել ծխախոտի գլանակն և թղթե փաթեթը, որում առկա է եղել դեղնականաչավուն զանգված: Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: