«Mediamall.am»-ը ներկայացնում է անցնող օրվա կարևոր իրադարձությունները.


Վթար Ջրաշեն գյուղում. փրկարարները բեռնատարի խցիկից դուրս են բերել 2 դի


Օգոստոսի 7-ին, ժամը 01.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորանների մոտ բեռնատար է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

 


Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածում (10-րդ կմ) գարեջուր տեղափոխող «Վոլվո» մակնիշի 71 OO 071 պ/հ բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից վարորդը և ուղևորը տեղում մահացել են:
Հրշեջ-փրկարարները բեռնատարի խցիկից դուրս են բերել Օ. Ե.-ի (ք. Երևան), Լ. Կ.-ի (ք. Ալավերդի) դիերը, հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

 

***

 

Ավստրալիայում սուգ է հայտարարվել Ուկրաինայում ավիաաղետի ժամանակ զոհվածների հիշատակին

 

Ավստրալիայում օգոստոսի 7-ին հայտարարվել է սգո համազգային օր Ուկրաինայի հարավ - արեւելքում տեղի ունեցած ավիաաղետի ժամանակ զոհվածների հիշատակին: Պետական հիմնարկություններում խոնարհել են դրոշները, իսկ տեղական ժամանակով կեսօրին ամբողջ երկրում հնչել է եկեղեցական զանգերի ղողանջը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մելբուռնի Սուրբ Պատրիկի տաճարում կայացել է սգո արարողություն, որին մասնակցել են հիմնական եկեղեցիների հոգեւրականները: Այդտեղ հրավիրված Էին զոհվածների հարազատները, Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Փիտեր Քոսգրոուվը եւ վարչապետ Թոնի Աբոտը: HBC հեռուստաընկերությունը Մելբուռնի տաճարից ուղիղ ռեպորտաժ Է վարել ամբողջ երկրի համար:

«Մալայզիական ավիագծեր» ընկերության Boeing 777 ինքնաթիռը, որը կատարում Էր MH17 չվերթն Ամստերդամից Քուալա Լումպուր, հուլիսի 17-ին աղետի Է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Հանրանավում գտնվող բոլոր 298 հոգին զոհվել են: Զոհերի թվում եղել են 38 ավստրալացիներ, ինչպես նաեւ Մալայզիայի, Նիդեռլանդների, Ինդոնեզիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆիլիպինների, Կանադայի եւ Նոր Զենլանդիայի քաղաքացիներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

***

 

Սաստիկ տեղատափը ողողել է Աբխազիայի մայրաքաղաքը

 

Ամբողջ անցած գիշեր չդադարած հորդ անձրեւը հեղեղման է հանգեցրել Աբխազիայի մայրաքաղաքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Քաղաքի որոշ շրջաններում, այդ թվում կենտրոնում ջրով են լցվել մասնավոր տների առաջին հարկերը: Քամին տապալել Է շատ ծառեր: Էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով Սուխումում կազմալուծվել Է տրոլեյբուսների երթեւեկությունը: Աբխազիայի մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ մնացել են առանց լույսի, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

***

 

Ադրբեջանի գործողություններին ի պատասխան' ՀՀ զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի

 

Ադրբեջանի իրականացրած գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի հետագա սրացումը կանխելու նպատակով Հայաստանի զինված ուժերն ու ԼՂՀ պաշտպանության բանակը խստորեն պատժելու են նրանց գործողությունները, իսկ մարդկային բոլոր կորսուտների մեղքն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի խղճի վրա: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը' ներկայացնելով վերջին շաբաթվա ընթացքում սահմանային գոտիներում ստեղծված իրավիճակը: Նախարարը նշեց, որ 2014 թվականի անցած ամիսներին հակառակորդի կողմից զինադադարի խախտման շուրջ 18 հազար դեպք է գրանցվել, այնինչ' ամբողջ 2013 թվականին եղել էր միայն 13 հազար դեպք: «Այս ժամանակահատվածում հակառակորդի կողմից եղել են նաև 26 հետախուզադիվերսիոն գործողություններ, որից 15 դեպքը տեղի է ունեցել հուլիսի 25-ից հետո ընկած ժամանակահատվածում: Իրավիճակը դեռևս լարված է, ադրբեջանական կողմը իրականացնում է իր ծավալներով և բնույթով աննախադեպ ռազմական գործողություններ, այդ թվում հրադադարի ինտենսիվ խախտումներ և խաղաղ բնակավայրերի ռմբակոծություներ մեծ տրամաչափերի զինատեսակներից, ինչպես նաև շփման գծում և թիկունքում զինված ուժերի տեղաշարժեր, տեղեկատվական և քարոզչական ակտիվ գործունեություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարը թվարկեց այն զինատեսակները, որոնք օգտագործվել են հակառակորդի կողմից: «Հակառակորդն օգտագործվել է մեծ տրամաչափի զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 մմ զենքային կայանքներ, 82 մմ ականանետեր»,- ասաց պաշտպանության նախարարը: Նա նշեց, որ դիվերսիոն գործողությունները դժվար է միայն որպես այդպիսին բնութագրելը, քանի որ շատ անգամ դրանք իրականացվել են ցերեկային ժամերին, մեծ խմբերով և ուղղված հայկական հենակետների գրավմանը, ինչը որակվում է որպես ակնհայտ հարձակվողական գործողություններ:

ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ հակառակորդի կողմից իրականացվում են նաև այլ բնույթի գործողություններ: «Հայտարարվել է ողջ անձնակազմի հավաք, ռազմական ստորաբաժանումները բերվել են ծառայության ուժեղացված ռեժիմի, արձանագրվել է անձնակազմի զինտեխնիկայի տեղաշարժ գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց: Բացի այդ, իրականացվում է ավիացիայի ակտիվություն առաջնային գծի երկայնքով, երկրորդ շարասյուները բերվել են մարտական պատրասատկանության բարձր աստիճանի, հրամանատարական կետերի բացազատման, առաջնագծում ակտիվաց ել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերը: Միևնույն ժամանակ տեղեկատվական և քարոզչական միջոցներով Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվության տարածումը' ասելով, թե հաղթանակը իրենք են տարել: Սակայն եթե համեմատենք կորսուտների չափը, ապա նրանց կորուստները շուրջ 8-9 անգամ ավելի են»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ ադրբեջանական որոշ սահմանամերձ հատվածներում իրավիճակի սրումը գյուղի բնակիչների մոտ առաջացրել է խուճապ և արտահոսք: «Այդ կապակցությամբ այդ շրջաններում ուժեղացվել է ոստիկանական ռեժիմը: Հակառակորդի կողմից նման գործողություններն աննախադեպ են 1994 թվականից հետո: Դրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի Հանրապետությունը չի սահմանափակվում միայն հրադադարի խախտումներով և իրականացնում է ավելի լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստական աշխատանք: Կարծում եմ սա հետևանք է նաև նրանց հռետորաբանության: Նրանք նպատակ ունեն ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև դրանք ուղղված են ներքին լսարանի համախմբմանը և պարտվածի թերարժեքության վերացմանը»,- ասաց նա:

Սերյան Օհանյանը տեղեկացրեց, որ ՀՀ ՊՆ-ի կողմից իրականացվել են զինված ուժերը մարտական պաշտպանվածության բարձր աստիճանի բերման միջոցառումներ և’ սահմանային հատվածում, և’ ռեզերվային բոլոր զրամասերում: «Հրամանատարական կետերը, ղեկավարման ամբողջ համակարգը, միջոցներն ու օրգանները գործում են շուրջօրյա ռեժիմով' խոցման ահազանգման դեպքում դրանք բերվում են մարտական պատրաստականության և գտնվում են անմիջապես առաջին գծում միանգամից ահազանգելու համար: Հատկապես գիշերային պայմաններում ծառայության ռեժիմը ուժեղացված է, մարտական ոգին գերազանց բարձր է: Դա առաջին հերթին արտահայտված է մեր ունեցած հաջողություններով, ինչպես նաև մեր բնակչության, Կառավարության, մեր մարտական ընկերների' ազատամարտիկների, վետերանների, երկրապահների աջակցությամբ»,- ասաց նա:

Նախարարը նկատեց, որ իրադրության ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի զինված ուժերի գործելակերպը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությունը: Նա նշեց, որ ՀՀ-ն կողմ է հարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն' բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: «Ադրբեջանցիները իրենք իրենց ստի զոհը դարձան, քանի որ տարիներ շարունակ իրենց ժողովրդին ասում էին, որ հզոր բանակ ունեն և անպարտելի են: Թուրքը մնում է թուրք և մենք նրա հետ գործելու ենք այն կանոններով, որով նա է ուզում մեզ հետ գործել: Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված Արդրբեջանի գործողությունների դեպքում հայկական զինուժը ստիպված կլինի ավելի խստացնել իր գործողությունները և պատժամիջոցները: Ես կարծում եմ, որ նրանք մինչև օգոստոսի 9-ը նրանք չեն հանգստանալու, և 9-ից հետո Հայաստանի զինված ուժերը պատրաստ են իրենց առջև դրված բոլոր խնդիրներն իրականացնուն: Այս պահին ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Կառավարությանն ու հասարակությանը և անհրաժեշտության դեպքում նրանք պետք է զորակցեն զոհված զինծառայողների ընտանիքներին»,- եզրափակոց իր խոսքը ՀՀ պաշտպանության նախարարը:

 

***

 

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է

 

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

 

***

 

Խուճապ ադրբեջանական բանակում։ Սպանվել է գերի հանձնվող զինծառայողը. times.am

 

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին օրերի դեպքերը հակառակորդի ճամբարում խուճապ են առաջացրել։ Ադրբեջանցի զինծառայողները վախենում, իսկ հաճախ էլ հրաժարվում են կատարել հայկական դիրքերի վրա հարձակվելու հրամանները։ Ստեղծված իրավիճակը բորեյահոգեբանական ծանր դրության մեջ է դրել հակառակորդի զինծառայողներին, որոնցից մեկը գիշերը որոշել էր հանձնվել հայկական կողմին։

 

Times.am-ի տեղեկություններով դեպքն Ադրբեջանի և Արցախի սահմանում է եղել։ Ադրբեջանցի զինծառայողը ձեռքերը վեր բարձրացրած մոտենում էր հայկական դիրքերին։ Մեր դիրքապահները նկատել էին նրան և վստահեցրել, որ հանգիստ կարող է հանձնվել։ Սակայն ադրբեջանական դիրքերից նույնպես նկատել էին իրենց հանձնվող զինակցին և փորձել են ետ կանչել նրան։ Զինվորը մի պահ կարկամել է, այնուհետև վճռական քայլել դեպի հայկական կողմը։ Արդյունքում ադրբեջանցիները կրակել և սպանել են հանձնվող զինվորին։

 

 

***

 

 

Ալիեւը դուրս է եկել ամոթալի շոկից եւ դարձյալ սպառնում է

 

Հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հայ դիրքապահների դեմ անընդհատ իրագործած դիվերսիոն գործողություններում անհաջողության մատնված եւ մեծ թվով զինծառայողներ կորցրած Ադրբեջանի զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիեւը վերջապես դուրս է եկել ամոթալի շոկից եւ այցելել Գուզանլը, որն ադրբեջանցիները համարում են նախկին Աղդամի շրջկենտրոն' հանդիպելու այնտեղ տեղակայված «հերոս» զորամասերի անձն ակազմի հետ եւ քաջալերելու նրանց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանակում մեկ օր անգամ չծառայած' տարօրինակ ուսադիրներով զինվորական հագուստով Ալիեւը, ում հրամանով կատարված դիվերսիաների ժամանակ ադրբեջանցի զինծառայողները խայտառակ պարտություն կրեցին, ոչ ավել ոչ պակաս հայտարարել է, որ «Ադրբեջանն այսօր ունակ է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղում ցանկացած օբյեկտ, եւ միայն Բաքվի կողմից անցկացվող քաղաքականության շնորհիվ է, որ տարածաշրջանում դեռեւս խաղաղություն է պահպանվում» (virtualaz.org): Պարտված զինվորների առաջ ելույթում Ալիեւը կրկնել է 20 տարի շարունակ ինչ-որ հողեր «ազատագրելու» մասին Բաքվի կողմից հնչեցվող հռետորաբանությունը, ծեծված արտահայտություններ արել եւ ասել, թե «ադրբեջանցի զինվորի հայրենասիրական զգացմունքը գտնվում է բարձր մակարդակի վրա»:

Ալիեւը կրկին խոսել է իր բանակի համար ձեռք բերած արդիական զինտեխնիկայի եւ սպառազինության մասին, որի մի մասը, ինչպես ամբողջ աշխարհը տեսավ, վերջին օրերի իրադարձություններում հայտնվեց հայ զինվորների ձեռքում:

Ալիեւի այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան սեփական հանրությանը հիմարացնելու ճանապարհով տարածաշրջանի «ամենահզոր» հորջորջվող սեփական բանակի անճարակությունը պարտակելու փորձ:

Ակնհայտ է, որ Սոչի մեկնելուց առաջ նախաձեռնած դիվերսիոն գործողություններով, որոնցում նա հույս ուներ հաջողություն գրանցել, Ալիեւը փորձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպմանը մեկնել հաղթողի կերպարանքով, սակայն, հայկական ուժերի արժանի պատասխանի արդյունքում տապալվել է: Սոչիում Ալիեւը ստիպված է լինելու բանակցություններ վարել դարձյալ պարտվողի դիրքերից: Ղարաբաղյան ճակատում վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանն ի վիճակի չէ իր այդ խայտառակ բանակով Ղարաբաղը վերադարձնել ռա զմական ճանապարհով:

Ի դեպ, Ակներ (Աղդամ) կատարած այցի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների բերած բոլոր լուսանկարներում Ալիեւը դեմքի արտահայտությունը սարսափած եւ ընկճված է:

 

 

***

 

Սերժ Սարգսյանը կմեկնի Սոչի. հայկական կողմը պատրաստ է եռակողմ հանդիպման

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ' քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի' հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը:

 

***

 

Փոխհրաձգություն շփման գծում. հայկական կողմն ունի մեկ վիրավոր

 

Օգոստոսի 7-ին, ինչպես արդեն հաղորդվել է, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի է ունեցել ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ: Փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

***

 

Ադրբեջանում ՀՀ քաղաքացի է գերեվարվել

 

Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները' հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից:

«Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ, դեռեւս հայտնի չեն սահմանը հատելու հանգամանքները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել: Փորձում ենք պարզել' ինչպես է դա տեղի ունեցել»,-ասաց Սաղոյանը:

 

***

 

Հայերին վիրավորած Էրդողանը դարձել է ծաղրանկարային հերոս (լուսանկար)

 

Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը NTV եւ Star հեռուստատեսությունների «Խոսում են թեկնածուները» համատեղ հաղորդման ուղիղ եթերում հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելու համար թուրքական մամուլում վերածվել է ծաղրանկարային հերոսի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական gercekgundem.com կայքն, անդրադառնալով թեմային, հայտնում է, որ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Էրդողանը մեծացրել է իր խտրականության հռետորաբանությունը:

Կայքը հայտնում է, որ իր մրցակիցներին մեկին անվանելով' դու ալեւի ես, մյուսին' դու զազա ես, քննադատությունների թիրախ դարձած Էրդողանը ուղիղ եթերում ասել էր. «Իմ հասցեին շատ տգեղ բաներ են ասել, վրացի են անվանել, եւ ավելի վատ բան' ներեցեք, բայց ինձ նույնիսկ հայ են անվանել»:

Հայերի հասցեին նման վիրավորական եւ ռասիստական վերաբերմունքի համար Թուրքիայում շարունակվում է Էրդողանի հասցեին խիստ քննադատություններ հնչել: Թեմային անդրադարձել է նաեւ թուրք անվանի ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին, ով Էրդողանին ֆաշիստական խորհրդանիշով պատկերած ծաղրանկարի վրա գրել է. «Հրեայի վիժվածք…Դու ալեւի ես, դու զազա ես…Ներեցեք, բայց ինձ ավելի վատն էլ են ասել, հայ են անվանել…»:

Էրդողանի հայատյաց հայտարարությանն անդրադարձել է նաեւ Washington Post թերթը' նշելով, որ Թուրքիայի նախագահ ընտրվել ցանկացող թուրք վարչապետի հայտարարությունը հայերին ուղղված բացահայտ վիրավորանք է:

Թուրքահայերի «Մոր զարթոնք» հասարակական կազմակերպությունը Էրդողանին հայտայաց վարքագծի դեմ այսօր բողոքի ակցիա է կազմակերպել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ:

 

 

***

 

ԼՂՀ ՊԲ բարձաստիճան պաշտոնյան չհերքեց, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցվել

 

Հայկական զինված ուժերը օգոստոսի 7-ին հակառակորդի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են խոցել. ԼՂՀ ՊԲ-ից «Արմենպրես»-ի հետ զրույցում այս լուրը ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին' առաջարկելով սպասել պաշտոնական հաղորդագրության:

 

Սա առաջին դեպքը չէ, երբ հայկական զինված ուժերը հակառակորդի անօդաչու թռչող սարք են խոցում: Նման մի դեպք էլ արձանագրվել էր 2011թ. սեպտեմբերի 12-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի երկնքում. ՊԲ-ն էլեկտրոնային հարվածով խոցել էր հակառակորդի ԱԹՍ-ն, որը, կորցնելով կառավարումը, վայր էր ընկել ու մասերի բաժանվել:

 

***

 

 

Հայ լինելու վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը ՀՀ ԱԳՆ-ն ռասիստական է որակում

 

ՀՀ արտաքին գործերի նախարար Տիգրան Բալայանը անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որում վերջինս հայ լինելը վիրավորանք էր համարել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' պատասխանելով «Արմինֆոյի» հարցին Բալայանը մասնավորապես նշել է. «Նման ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին և հատկապես պետության ղեկավարին։

Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել։

Հենց նման հայտարարարություններն են պարարտ հող ստեղծում' էթնիկ հիմքի վրա հանցագործությունների համար, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը։

Ռասիզմի նման դրևորումներն են ընկած ցեղասպանությունների իրագործման և դրանց ժխտողականության հիմքում»։

Ավելի վաղ Թուրքական NTV հեռուստաալիքի «Խոսում են թեկնածուները» ծրագրի ուղիղ եթերում ելույթում Էրդողանը հայտարարել է, որ իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ները բազմիցս իր նկատմամբ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել' իրեն հայտարարելով հույն, վրացի, քուրդ եւ այլն: Ուղիղ եթերում նա ասել է, որ մի ժամանակ իրեն անգամ «հայ» են անվանել:

Նշելով, որ ինքը թուրք է, Էրդողանն ասել է. «Մի քանիսն ինձ վրացի անվանեցին, նույնիսկ ավելի կեղտոտ բաներ ասողներ եղան. ինձ հայ անվանեցին, ես հորս եւ պապիս կողմ ից թուրք եմ: Ծագումով Ռիզեից եմ, ծնվել եւ մեծացել եմ Ստամբուլում»:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանի հայրը ծագումով չերքեզ է, մայրը' հրեական խառնուրդով թուրք, նրա կնոջ հայրը ազգությամբ թուրք է, իսկ մայրը' արաբ:

 

***

 

Ադրբեջանական ստոր կեղծիքը բացահայտված է (բացառիկ տեսանյութ)

 

Այսօր' օգոստոսի 7-ին, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր կեղծ լուսանկարներ, որոնցում իբրև թե օգոստոսի 2-ի՝ լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողներն են:

ԼՂՀ Պն-ն հերքել է Ադրբեջանի կողմից տարածած լուրը՝ նշելով, որ ՊԲ զինանձնակազմը երբևէ չի կրել և այսօր էլ չի կրում այն զինվորական համազգեստը, որով լուսանկարում պատկերված զինծառայողներն են:

Lurer.com-ը ներկայացնում է մի տեսանյութ, որով բացահայտվում է լուսանկարի իրական աղբյուրը: Գրեթե մեկ տարի առաջ համացանցում տարածված տեսանյութի 1,32-րդ րոպեին ադրբեջանական լրատվամիջոցի կողմից տարածած լուսանկարն է երևում:Շարունակությունն այստեղ: