Անցնող օրվա գլխավոր իրադարձություններն ըստ «Mediamall.am» կայքի:

 

Վթար Գրիգոր Լուսավորչի փողոցում. կա տուժած

 

Հուլիսի 28-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ քաղաքապետարանի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 54 ML 444 և «BYD» մակնիշի Տ 4137 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները:

 

***

 

Շիրակի մարզում բնակիչներից մեկը հրկիզել է իր տունը

 

Հուլիսի 28-ին, ժամը 03.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 18-րդ փողոցի բնակիչներից մեկը հրկիզել է իր տունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.10-ին, մարվել՝ 04.21-ին: Այրվել է խոհանոցի պատը՝ 5 քմ, ջրատաքացուցիչը, և ջերմահարվել կախովի առաստաղը՝ 8 քմ:

 

***

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդես է եկել Գազայում կրակի անհապաղ դադարեցման կոչով

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին բանակցային գործընթաց սկսել Գազայում երկարաժամկետ զինադադար հաստատելու համար, իր մտահոգությունը հայտնելով, տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի վատթարացման և զոհերի թվի մեծ աճի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։

Գազայում տիրող իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ հուլիսի 28-ին հավաքվում է արտակարգ հանդիպման՝ նվիրված Գազայի հատվածում տիրող իրավիճակին:

ԱԽ անդամ-երկրները, ինչպես սպասվում է, հավանություն կտան հայտարարությանը՝ կրակի անհապաղ դադարեցման կոչով:

 

***

 

Վրաստանի դատախազությունը ծրագրում է մեղադրանքներ ներկայացնել Սաակաշվիլիի դեմ. ԶԼՄ-ներ

 

Վրաստանի դատախազությունը կարող է մեղադրանքներ ներկայացնել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ: Այս մասին գրում է ria.ru-ն:

«Վրաստանի դատախազությունը նախկին նախագահ Սաակաշվիլիի դեմ կարող է առաջադրել 9 քրեական գործերից մի քանի մեղադրանք»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշենք, որ Սաակաշվիլիին կարող են մեղադրել բյուջեի միջոցները մսխելու, պետական սեփականության վաճառքի և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի Caru բանկն արհեստականորեն սնանկացնելու փորձի մեջ, ինչպես նաև նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքները կեղծելու մեջ:

 

***

 

Եթե Լևոն Հայրապետյանի ձերբակալության գործընթացը երկար տևի, ապա նա կարող է մահանալ․ Արկադի Տեր-Թադևոսյան

 

Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան երկար ժամանակ գտնվել կալանքի տակ։ Այս մասին տեղեկություն է տարածել Artsakh Today-ը։

Եթե ձերբակալության գործընթացը երկար տևի, ապա նա կարող է մահանալ: Այն հիվանդությունների փունջը, որն ունի Լևոն Հայրապետյանը, հիմնավոր փաստարկ է նրան կալանքի տակ պահելու անթույլատրելիության մասին, և ռուսական դատարանը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը»,- հայտարարել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեկնաբանելով Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցը:

Թադևոսյանը հավելել է նաև, որ, եթե Լևոն Հայրապետյանի հետ ինչ-որ բան պատահի, ապա Ռուսաստանը կրկին կբախվի նոր «Մագնիտսկու գործի» հետ:

 

***

 

Սերժ Սարգսյանը հեռանում է. Orer.am

 

Orer.am-ը գրում է.

 

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացը ըստ արժանվույն չգնահատվեց և մեկնության չենթարկվեց. ի վերջո, ինչու՞ գործող նախագահը, որի պաշտոնավարման ժամկետից բավականաչափ հեռավորություն կա, որոշեց գնալ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով և, ըստ ամենայնի, կրճատել նախագահի լիազորությունները: Ավելին, բոլորովին վերջերս Հարավային Կորեայում երիտասարդացման գերժամանակակից կուրսեր անցած Սարգսյանը հայտարարեց.

 

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու»:

 

Այս հայտարարությունը ուղղակի շղթայական կապ ունի դրան հաջորդած Էդուարդ Շարմազանովի աղմկահարույց հայտարարությանը՝ նախագահի կամ վարչապետի պաշտոնին հավակնողների ուղին անցնելու է Մելիք- Ադամյան փողոցով: Ինչպես գիտենք՝ այնտեղ է գտնվում Հանրապետականի գրասենյակը:

 

Ըստ ամենայնի, վերջին երկու հայտնի հայտարարություններով և սահմանադրական փոփոխություններով Սարգսյանը նախապատրաստում է իր հեռացումը: Գործող նախագահը այլևս լիակատար չի տիրապետում քաղաքական իրավիճակին և որպես հմուտ խաղացող՝ պետք է կազմակերպի հնարավորինս անվտանգ նահանջ: Իր սիրելի խաղաքարերի նման նա հայտնվել է պատային իրավիճակում և պետք է փոխի խաղի կանոնները:

 

Մանրամասները` այստեղ:

 

 

***

 

Թուրքիայում լարված քաղաքական շաբաթ է

 

 

Թուրքիան մտել է օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների լարված քաղաքական շրջան: Ընտրությունների օրվա մոտենալու հետ ավելի սուր բնույթ են ստանում միմյանց դեմ թեկնածուների օգտագործած արտահայտությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու, գործող վարչապետ Ռեջեբ Թայիբ էրդողանը նախընտրական քարոզարշավում շարունակում է քննադատել իր գլխավոր մրցակից, իսլամական աշխարհի կողմից ճանաչված Էքմելեդդին Իհսանօղլուին' մեղադրելով նրան այն բանում, որ Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավար եղած ժամանակաշրջանում իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման համար դրական ոչ մի քայլ չի կատարել: Էրդողանը Իհսանօղլուին իր համար թույլ մրցակից է անվանել, եւ քննադատել, որ վերջինս քարոզարշավում իր քաղաքական ծրագրերի մասին խոսելու փոխարեն կոչ է անում միմյանց նկատմամբ կոպիտ արտահայտություններ թույլ չտալ:

Թուրքիայի նախագահի աթոռի համար պայքարող երրորդ թեկնածուն 20 մլն թուրքաբնակ քրդերին ներկայացնող Սալահեթդին Դեմիրթաշն է, ով առաջադրվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից: Քարոզարշավում Դեմիրթաշի քննադատության գլխավոր թիրախը Էրդողանն է:

Կարծիքի ուսումնասիրման իշխանամետ հետազոտական կենտրոնների անցկացրած հարցումների տվյալներով, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի նախագահի պաշտոնում կընտրվի Էրդողանը, ով այդ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից:

Թուրքիայի նախագահական ընտրություններում պատմության մեջ առաջին անգամ նախագահը պետք է ընտրվի համաժողովրդական քվեարկության ընթացքում: Եթե օգոստոսի 10-ին թեկնածուներից որեւէ մեկին չհաջողվի հավաքել 51 տոկոսից ավելի ձայներ, ապա երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին:

 

***

 

Թուրքիայում երթուղային ավտոբուսի այրվելու հետևանքով 4 մարդ է զոհվել. կան վիրավորներ

 

Ստամբուլում երթուղային ավտոբուսի շարժիչում ծագած հրդեհը արագորեն տարածվել է ամբողջ սրահով մեկ, ինչի պատճառով այնտեղ գնվող 4 ուղեւորներ զոհվել, բազմաթիվ ուղեւորներ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական CNNTurk հեռուստաալիքը:

Ավտոբուսի հետնամասում ծուխ նկատած վարորդը փորձել է արգելակել, սակայն, տրանսպորտային միջոցի արգելակները չեն գործել: Ճանապարհի եզրազարդերին զարնվելով, մոտ 100 մետր ընթանալուց հետո, ավտոբուսում մի քանի պայթյուն է տեղի ունեցել եւ այն ամբողջովին բռնկվել է: Վարորդին չի հաջողվել բացել նաեւ ավտոբուսի դռները: Դեպքի վայր մեծ թվով հրշեջ եւ շտապօգնության մեքենաներ են ժամանել: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ:

 

***

 

Օրհան Զեյնալովը դատապատվեց 17 տարվա ազատազրկման

 

Մոսկվայի Բիրյուլովո թաղամասում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների եւ ազգությամբ ռուս Եգոր Շերբակովի սպանության համար ազգությամբ ադրբեջանցի Օրհան Զեյնալովը ճանաչվել է մեղավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ԻնտերՖաքս»-ը, Մոսկվայի դատարանը Զեյնալովին ճանաչել է մեղավոր եւ նրան դատապարտել 17 տարվա ազատազրկման:

Մեղադրող կողմը Զեյնալովի համար պահանջել է 18 տարվա ազատազրկում, որից 10-ը նա պետք է անցկացնի խիստ ռեժիմի պայմաններում:

 

***

 

Հրդեհ Արտաշատ քաղաքում

 

Հուլիսի 28-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հ. Թովմասյան փողոցի թիվ 1 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ. Թովմասյան փողոցի թիվ 1 շենքի Ռ. Վ.-ին պատականող 1-ին բնակարանի խոհանոցում գազի բալոնից (3 կգ-անոց) տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.26-ին, մարվել՝ 11.35-ին:

Խոհանոցում (6 քմ) այրվել է լվացքի մեքենան, սառնարանը, կահույքը և առաստաղը՝ մասնակի:

 

***

 

Տեղի ունեցավ վաստակաշատ գիտնական Սեն Արևշատյանի հոգեհանգիստը

 

Բարեկամները, հարազատները, գործընկերները և պատմաբան, փիլիսոփա, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի' Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանի վաստակը գնահատողները հուլիսի 28-ին մասնակցեցին անվանի մտավորականի հոգեհանգստին:

 

Կյանքից 86 տարեկանում հեռացած Արևշատյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր ցավակցությունը հայտնեց մտավորականի մտերիմներին:

 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մտավորականությունը կորցրեց փայլուն գիտնականի և մեծ փիլիսոփայի:

 

«Սեն Արևշատյանն իր գործերում մեր ամբողջ միջնադարյան փիլիսոփայությունը ներկայացրեց ամբողջ աշխարհին: Միայն եթե նշենք նրա գործերը՝ կապված Դավիթ Անհաղթի գործունեության լուսաբանման հետ, արդեն մեծ նվաճում է ամեն գիտնականի համար: Քառորդ դարից ավելի նա եղել է Մատենադարանի տնօրեն, և իր օրոք Մատենադարանը դարձավ գիտական ուսումնասիրությունների կենտրոն, որում աշխատում էին ոչ միայն հայ, այլև արտասահմանցի գիտնականներ»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:

 

Նրա խոսքով՝ իրականացավ նաև մտավորականի երազանքը՝ տեսնել Մատենադարանի նոր մասնաշենքը: «Լավ է, որ նա ականատես եղավ դրան: Արևշատյանն ապրեց մեծ, բովանդակալից և երջանիկ կյանքով, որի ընթացքում իրականացրեց իր գիտական մտադրությունները: Կորուստը մեծ է»,- հավելեց ՀՀ ԳԱԱ նախագահը:

 

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ընդգծեց, որ Արևշատյանը մեծ գործունեություն է իրականացրել: «Նրա գոյությունը բազմանիստ, բազմաշերտ էր: Նա մեծ ավանդ թողած հսկա գիտնական էր»,- նշեց Մանսուրյանը:

 

Հաղորդավար, լեզվաբան Արտեմ Սարգսյանի համոզմամբ՝ կորուստը մեծ է: «Մենք մեծ գիտնականի կորցրինք, մեծ հայի, մտավորականի: Նա իր աշխատություններով կմնա հաջորդ սերունդների համար: Նման անձնավորություններ պետք է դեռ լինեն: Այնքան մեծ է կորուստը, որ մենք դեռ չենք էլ գիտակցում կորստի ահռելիությունը»,- նշեց նա:

 

Սեն Արևշատյանը ծնվել է 1928թ. հունվարի 7-ին, Ջրառատում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1951-54թթ. եղել է Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության և պատմության ֆակուլտետի ասպիրանտ:

 

Աշխատել է ակադեմիայի ինստիտուտում որպես կրտսեր, ապա' ավագ գիտաշխատող: 1959-ից Եր ևանի Մատենադարանում աշխատել է որպես հին ձեռագրերի ուսումնասիրման և հրատարակման բաժնի վարիչ: 1982-2007թթ. եղել է Մատենադարանի տնօրենը: Նրա հիմնական աշխատություններն են «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում», «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքներ» աշխատությունները, Դավիթ Անհաղթի «Քննական բնագրերի» հրատարակությունը, որը նաև թարգմանել է աշխարհաբար և ռուսերեն: Ունի ավելի քան 150 գիտական աշխատություն, բնագրեր, մենագրություններ, թարգմանություններ:

 

1978թ. դարձել է ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր: 1993-ից Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի, 1995-ից Մոսկվա յի Բնական և հումանիտար գիտությունների, 1998-ից Ազգային անվտանգության խնդիրների ուսումնասիրության ակադեմիաների իսկական անդամ է: 1996թ. դարձել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 2001թ. Երևանի պատվավոր քաղաքացի: 2008թ. պարգևատրվել է Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2010թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով։

 

Անվանի գիտնականին վերջին հրաժեշտը ու հարգանքի տուրքը կմատուցվի հուլիսի 29-ին' ժամը 12:00-ից մինչև 14:00-ը, Գիտությունների ազգային ակադեմիայում:

 

 

***

 

Հայտնի ջազմեն Մալխասը և բարերար Վահագն Հովնանյանը հանդես են եկել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի

 

 

Ծանր հիվանդություն ունեցողի նկատմամբ կիրառված կալանքը, ինչպես Լևոն Հայրապետյանի դեպքում է, քաղաքակիրթ աշխարհում հակասում է մարդասիրական արժեքներին: Այս մասին հայտարարել է հայտնի բարերար, գործարար Վահագն Հովնանյանը, մեկնաբանելով Լևոն Հայրապետյանի կալանքը, ում առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր անցյալ շաբաթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արցախն այսօր» մամուլի կենտրոնից, Լևոն Հայրապետյանի կալանքի իրողությունը մտահոգել է նաև ջազմեն Լևոն Մալխասյանին: Նա նշել է, որ Հայրապետյանի հետ խոսել է Երևանում և տեղեկացել, որ նրա առողջական վիճակը շատ վատ է: «Նա բարձր ճնշում ուներ և հազիվ էր խոսում»,- ասել է երաժիշտը: Դիմելով ռուսական իշխանություններին' նա խնդրել է փոխել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը' սահմանելով տնային կալանք:

Լևոն հայրապետյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման վերաբերյալ նրա բժիշկ Հենրի Բակունցը հայտարարել էր, որ եթե Հայրապետյանը մնա բանտում, նրա առողջությունը կարող է անշրջլիորեն վատանալ: Նա հայտնել էր, որ Մոսկվա է ուղարկվել Հայրապետյանի հիվանդության պատմությունը, սակայն այն դեռևս չի կցվել գործին:

Բժշկի խոսքով' Հայրապետյանը հիվանդ է քաղցկեղով, ունի անոթային հիվանդություններ, կրել է սրտի և գլխուղողի կաթված և հիվանդ է շաքարաին դիաբետով: «Լևոն Հայրապետյանին հակացուցված են բանտային պայմանները: Նման հիվանդները չպետք է գտնվեն կալանք ի տակ: Նա յուրաքնչյուր օր հաբեր է ընդունում, և եթե խախտվի դրանց ընդունման ռեժիմը, նրա վիճակը կարող է ավելի ծանրանալ»,- նշել է նա:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը:

Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռեւս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել:

Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի: