Իտալական «La Stampa» թերթը իր «Ղարաբաղում ուղղաթիռ է խոցվել. Նոր պատերա՞զմ է սպասվում» հոդվածում անդրադառնալով ԼՂՀ բանակի խոցված ուղղաթիռի միջադեպին՝ կարծիք է հայտնում, որ այն կարող է հակամարտության բռնկման պատճառ դառնալ՝ հաշվի առնելով նաև վերջին ամիսների սահմանային բախումների սրացումը: Թերթը, հենվելով որոշ մեկնաբանների կարծիքների վրա, նշում է, որ ղարաբաղյան հակամարտության թեժացմանը կարող է նպաստել Ուկրաինայում ընթացող պատերազմը, ուր ներքաշված է նաև Ռուսաստանը, որը տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով Երևանի և Բաքվի միջև՝ կարող է աջակցել հայկական կողմին: Այս մասին գրում է Interpress.am-ը:


The Washington Post թերթը հրապարակել է միջադեպի մասին «Ադրբեջանը ուղղաթիռ է խոցել Լեռնային Ղարաբաղում» հոդվածը: Այն մեջբերում է երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտոնական հաղորդագրությունները միջադեպի հետ կապված և նշում, որ ԵԱՀԿ-ի ներքո ընթացող տարիների բանակցային գործընթացը քիչ տեսանելի առաջընթաց է գրանցել:

 

Իր հերթին, Bloomberg լրատվական կայքը «Ուղղաթիռի կործանմամբ Ադրբեջանը ռիսկի է գնում նոր հակամարտության Հայաստանի հետ» հոդվածում անդրադառնում է ուղղաթիռի հետ կապված միջադեպին՝ մեջբերելով Կարնեգիի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դե Վալի խոսքերը, ըստ որի՝ «Սա զինադադարի վերջին 20 տարիներից ի վեր ամենալուրջ ռազմական միջադեպն է»: Ըստ լրատվական կայքի հաղորդման՝ Մինսկի խմբի համանախագահները «խորապես անհանգստացած են» միջադեպով: Կայքը նշում է նաև, որ Ադրբեջանը իր նավթային եկամուտները օգտագործում է ռազմական նպատակներով և սպառնում պատերազմով, եթե տապալվեն բանակցությունները:

 

Իր Bloomberg Businessweek-ի մեկ այլ անդրադարձում՝ «Ադրբեջանցիներն ու հայերը փոխադարձ մեղադրում են միմյանց ուղղաթիռի կործանման միջադեպում» կայքը նշում է, որ ադրբեջանական կողմը մեղադրում է հայկական կողմին իր օդային սահմանների խախտման մեջ, իսկ հայկական կողմը, հերքելով մեղադրանքները, ընդգծում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է իր վերջերս ստանձնած պարտավորությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Կայքում բերվում են նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների կոչը երկու կողմերին հարգել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղությամբ:


Alյazeera-ն հրապարակել է «Հայաստանը զգուշացնում է Ադրբեջանին ուղղաթիռի միջադեպի հետ կապված» անդրադարձը, ուր նշում է, որ հայկական կողմը հայտարարել է, որ այս միջադեպը ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի համար: Լրատվամիջոցը մեջբերում է նաև Ֆրանսիայի նախագահ Օլանդի շրջապատի անանուն աղբյուրի դեռևս հոկտեմբերին՝ հայ-ադրբեջանական փարիզյան գագաթաժողովից հետո, հայտնած կարծիքը, որ ուկրաինական իրադարձությունները ունեն ուղիղ ազդեցություն ղարաբաղյան հակամարտության վրա:


BBC-ին ևս անդրադառնում է ուղղաթիռի միջադեպին «Ադրբեջանը խոցել է հայկական ուղղաթիռ» հոդվածում, ուր նշում է, որ այս միջադեպը առաջին էր իր տեսակով զինադադարի կնքումից ի վեր: BBC-ի մեկ այլ անդրադարձում, վերնագրված «Հայկական ուղղաթիռի կործանումը. Ծանր հետևանքների զգուշացում», նշվում է, որ Հայաստանի ԱԳՆ միջադեպը որակել է որպես «հանցավոր սադրանք»: Հայկական կողմը նաև զգուշացրել է Ադրբեջանին միջադեպի ծանր հետևանքների համար:


EurasiaNet.org Նյու Յորքում գտնվող վերլուծական կայքը հրապարակել է լրագրող Ջոշուա Կուցերայի «Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խուցումից հետո ինչպե՞ս կարձագանքի Հայաստանը» վերլուծությունը, ուր նշվում է, որ հայկական կողմի ռազմական և քաղաքական գործիչները խոստացել են համապատասխան հակահարված տալ Ադրբեջանին այս առիթով: Կուցերան գրում է, որ չնայած միջադեպի հաջորդ օրը Ադրբեջանը հայտարարեց, որ Ղարաբաղի շուրջ եղած տարածքը «փակ օդային տարածք է», Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղղաթիռով ժամանեց Լեռնային Ղարաբաղ: Կուցերան մեջբերում է Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականի խոսքերը, ըստ որի՝ Ղարաբաղի օդային տարածքը, իրոք, փակ է, բայց միայն Ադրբեջանի օդային ուժերի համար: Կուցերան նաև մեջբերում է Armenian Reporter թերթի խմբագիր Էմիլ Սանամյանի կարծիքը, ըստ որի՝ հայկական կողմի պատասխանը ամենայն հավանականությամբ կլինի համարժեք՝ օրինակ, ադրբեջանական ուղղաթիռի խոցում:


Reuters գործակալության տարածած տեղեկության մեջ, վերնագրված «Հայաստանն ասում է Ադրբեջանը խոցել է ուղղաթիռը», հաղորդվում է, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձինք կարծում են, որ ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են, սակայն երկու կողմն էլ վերջնականապես չեն հաստատել այդ տեղեկությունը: Ըստ գործակալության՝ միջադեպը սրել է իրավիճակը Հայաստանի և նավթ արտադրող Ադրբեջանի միջև: Ըստ գործակալության մեկ այլ «Հայաստանին և Ադրբեջանին հորդորում են պահպանել զինադադարը ուղղաթիռի կործանումից հետո» անդրադարձի՝ ԵԱՀԿ կոչ է անում կողմերին հարգել զինադադարը և կանխել նմանատիպ միջադեպերը հետագայում:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում