«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան իր մտահոգությունն է հայտնել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության կայքը, նա ընդգծել է. «Բոլոր միջազգային կազմակերպությունների համար պարզ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության տոտալիտար ռեժիմը հիմնված է վախի, ստի և հալածանքների վրա, և, հետևաբար, վերջինս փորձում է չեզոքացնել տարածաշրջանում ազատության և օրենքի գերակայության ցանկացած դրսևորում, փորձում է զուր սպառնալ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և նրանց հավատարմությունը ժողովրդավարությանը և հիմնարար իրավունքներին՝ կրակելով անզեն ուղղաթիռների վրա»:
Նա նաև իր խորին ցավակցությունն է հայտնել կործանված ուղղաթիռի անձնակազմի ընտանիքներին:
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմա Ապատուրայը հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ հակամարտությունը սրող հետագա քայլերից: «Մենք մտահոգված ենք Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման կապակցությամբ: Սակայն, ինչպիսին էլ որ լինեն այդ միջադեպի հետևանքները, կողմերը պետք է հանգստություն պահպանեն և զերծ մնան հակամարտությունը սրելու հետագա քայլերից»,- հայտարարել է նա:
Եվրախորհրդարանի պատգամավորները նույնպես իրենց մտահոգությունն են հայտնել հայկական ուղղաթիռի խոցման կապակցությամբ: Նրանք ընդգծել են, որ լարվածությունն այս տարի արդեն երկրորդ անգամ է սրվում, ինչը շփման գծում հանգեցնում է մեծ թվով զոհերի: