Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարական կազմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայոց բանակի համար հաղթական տարի որակելով 2014 թվականը, հավելեց, որ այն դիրքերի ամրապնդման տարի եղավ նաև բոլոր առումներով՝ թե պաշտպանական դիրքերում, թե հասարակության աջակցությունը ստանալու, մարդկանց մեջ բանակի հանդեպ հարգանք ներշնչելու առումներով:

 

«Անցած տարին մեզ համար հաղթական եղավ ոչ միայն մարտական դիքերում, երբ հակառակորդը ձախողվեց իր բազմաթիվ չարամիտ ձեռնարկներում, այլ նաև հասարակության մեջ, որտեղ ամրապնդվեց ու խորացավ բանակ-հասարակություն կապը, բարձրացավ համազգային միասնության ոգին: Սկսվող տարում եկեք ցույց տանք, որ մեր հաջողությունները պատահական չէին, որ պետք է կարողանանք աշխատել նույն ոգով ու եռանդով՝ ոչ մի ակնթարթ չկորցնելով զգոնությունը»,- նշեց նախարարը:

 

Սեյրան Օհանյանը ներկայացրեց նաև հակառակորդի գործողությունները մշտապես վերահսկելու և նրան չեզոքացնելու ստրատեգիան, որտեղ վճռական դեր պետք է խաղան Հայոց բանակի մարտունակությունը և բարձր պատրաստականությունը, ավելի շատ՝ որակը, քան՝ քանակը: «Մենք մշտապես պետք է մեկ քայլ առաջ գտնվենք հակառակորդից, սրընթաց գործողություններով ծնկի իջեցնենք նրան, ինչպես որ եղել է մինչ այժմ: Պետք է շարունակենք կանոնավոր ծեծի տակտիկան: Պետք է ի հայտ բերենք թշնամու ծանրության կենտրոնը, որտեղից սպասվելու է գլխավոր սպառնալիքը, և այն ջախջախենք, որից հետո նա այլևս կդադարի հարձակման մասին մտածել»,- շեշտեց Սեյրան Օհանյանը:

 

Նախարարը նաև վստահեցրեց, որ այսօր ձեռնարկվող բոլոր քայլերը տանում են դեպի համազգային միասնություն, համաժողովրդական բանակի ձևավորում, համահայկական իղձերի քայլ առ քայլ իրականացում: «Արատավոր բարքերի դեմ պայքարում դարձյալ կարևորագույն հենք ենք դարձնելու ազգային-գաղափարական դաստիարակությունը, որի վերջնանպատակն էլ Ազգային բանակի ձևավորումն է, որտեղ առանձնահատուկ վերաբերմունք կլինի ծառայության հանդեպ, կիշխեն հրամանատար-ենթակա մարդկային առանձնահատուկ հարաբերություններ, որոնք կարտահայտվեն փոխադարձ հարգանքով, զինծառայողներն օժտված կլինեն համարձակությամբ, նախաձեռնողականությամբ: Իսկ հայ ժողովրդի համախմբման արդյունքում մենք կհասնենք նաև համաժողովրդական բանակի վերածվելուն: Ասել է, թե յուրաքանչյուր հայ իրեն պետք է զգա այս մեծ, համահայկական ուժի մասնիկը: Դա կլինի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական ու համատեղ պայքարի արդյունքը, որտեղ մեր քանակությունը կհաշվվի արդեն մոտ ոչ թե հազարներով, այլ՝ 10 միլիոնի չափով»,- եզրափակեց նախարարը:

 

 

Խոսրով Խլղաթյան