«Mediamall.am»-ը ներկայացնում է օրվա կարևորագույն նորությունները.
«ՎԱԶ-2121»-ը բախվել է ՃՈ մեքենային. վերջինս վրաերթի է ենթարկել 3 մարդու
ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 11-ին' ժամը 01.37-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա և Արտաշիսյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 34MR372 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1984թ.) բախվել է կայանված ՃՈ «Տոյոտա Կորոլլա» մակնիշի 734ՈՍ01 պետհամարանիշի ավտոմեքենային, որն առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել Հ. Գ.-ին (ծնված 1966թ.), Կ. Կ.-ին (ծնված 1980թ.) և Գ.Ա.-ին (ծնված 1981թ.), այնուհետև բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի 10SL655 պ/հ ավտոմեքենային (վարորդ՝ Գ. Խ., ծնված 1987թ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Կ.Հ.-ն, Հ.Գ.-ն, Կ.Կ.-ն և Գ.Ա.-ն տեղափոխվել են Էրեբունի ԲԿ: Բժիշկները Հ.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն ծանր: Փրկարարները դադարեցրել են «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաների գազի արտահոսքը:
***
Ավելի քան 3000 մարդկային կյանք և 36 միլիարդ դոլարի վնաս. Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անցել է 13 տարի
2014թ.-ի սեպտեմբերի 11-ին լրանում է համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող ահաբեկչության 13-րդ տարելիցը: Ողբերգությունն ավելի քան 3000 մարդու կյանք է խլել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նյու Յորքում 2001 թվականի այս օրը Boeing 767 երկու ուղևորատար օդանավ բախվեցին համաշխարհային առևտրային կենտրոնի 110 հարկանի «երկվորյակ աշտարակներին»: Երրորդ Boeing 757 օդանավը Վաշինգտոնում բախվեց ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքին, իսկ չորրորդն ընկավ Պիտսբուրգ քաղաքից 80 մղոն հեռավորության վրա:
Օդանավերը պատկանում էին American Airlines և United Airlines ընկերություններին և առևանգվել էին մահապարտ ահաբեկիչների կողմից:
Նյու Յորքին հասցրած վնասը կազմել է 36 մլրդ դոլար: Վթարից հետո տարածքի մաքրման աշխատանքները տևել են ավելի քան 8 ամիս:
Ի հիշատակ այդ դեպքերի՝ սեպտեմբերի 11-ն ԱՄՆ-ում նշվում է որպես Հայրենասիրության և Աղոթքի օր: Ամբողջ երկրում տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի և դպրոցների կողմից կազմակերպվում են մի շարք հիշատակի միջոցառումներ:
***
Ոչ մի Ադրբեջան կամ այլ արտաքին ուժեր չեն կարող մեզ վնասել. Մանվել Գրիգորյան
Նորաստեղծ կառույցի, Հայաստանում ներքաղաքական իրավիճակի և Ադրբեջանի արկածախնդրությունների վերաբերյալ«Առավոտը»-ը զրուցել է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ.
- Հրամանատարներն իրենց ազատամարտիկների դաշինքն ստեղծեցին, Ռուբեն Գևորգյանն իր կառույցն է ստեղծում: Ազատամարտիկների դաշինքը հայտարարեց, որ կանգնելու է քառյակի ուժերի կողքին: Ստացվում է, որ ամեն քաղաքական ուժ իր՞ ԵԿՄ- է ստեղծում: Ինչո՞ւ է պառակտվում Երկրապահը:
- Դուք էլ եք գիտակցում, որ հայ ժողովուրդը չի պառակտվել: Երկրապահը ողջ հայ ազգն է, սա հայ ազգը համախմբող կառույց է: Իսկ որ տարբեր կառույցներ ստեղծելու փորձեր են արվում, դա պառակտումից չի, այլ տարբեր քաղաքական հետաքրքրություններից:
Երկրապահի առավելությունն այն է, որ արհեստածին կառույց չէ, չի ստեղծվել քաղաքական մանր հարցեր լուծելու համար: Երկրապահը ժամանակին ստեղծվել է արյան կանչով, ստեղծվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից, այսօր էլ հավատարիմ է Սպարապետի ժառանգությանը: Թե չէ՝ ասում եք՝ հրամանատարներ: Հրամանատարները պետք է ազգին ծառայեն, ոչ թե մանր-մունր քաղաքական շահեր սպասարկեն: ԵԿՄ-ում այսօր 250 ջոկատի հրամանատար կա: Մենք երբևէ դա շեշտե՞լ ենք: Շատերն են շատ բան փորձում ստեղծել: Ես մեր ժողովրդին եմ հավատում, վստահում, մեր պետությանը: Իսկ եթե կան ուժեր, որ կարծում են, թե կարելի է պետության մեջ պետություն ստեղծել, դրանց զգուշացնեմ, որ իրենք դատապարտված են:
- ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ կրկին կարող է հավակնել իշխանության: ԵԿՄ-ն և անձամբ դուք կկանգնե՞ք նրա կողքին:
- Ռոբերտ Քոչարյանը մեր երկրի, մեր պետության զինվորներից է եղել և քաղաքական գործիչ: Նա միշտ ազատ է եղել իր որոշումների մեջ և այսօր էլ ազատ է: ԵԿՄ-ն կանգնած է այսօրվա նախագահ Սերժ Սարգսյանի կողքին, հավատում, վստահում ենք նրան: Նախագահը դեռ 4 տարի էլ պաշտոնավարման ժամկետ ունի: Կգա ժամանակը, և այսօրվա նախագահն էլ կորոշի, թե ինքն ում պետք է աջակցի: Ես ոչ մեկին էլ խորհուրդ չեմ տա ժամանակից շուտ սկսել ընտրարշավը: Շատ շատերին խորհուրդ եմ տալիս ժամանակից շուտ, ջուրը դեռ չտեսած՝ չբոբիկանալ:
- Խորհրդարանական քառյակը հանրահավաքային շրջան է սկսելու: Կհաջողվի՞ նրանց ժողովրդին ոտքի հանել և գահընկեց անել Սերժ Սարգսյանին:
- Ես լավ չեմ հասկանում: Քառյակը երկրի, պետության, ժողովրդի ապագայի մասին է մտածում, հանուն ինչ-ինչ արժեքների՞ է գործում, թե՞ աշխատում է ընդդեմ սկզբունքով: Ես վստահ ասում եմ, որ ոչ ոք չի կարող մեր երկիրը ցնցումների տանել: Կարծում եմ, որ ընդդիմության շարքերում էլ խելացի, բանիմաց մարդիկ են, երկրի շահերով առաջնորդվող: Ես վստահ եմ, որ ընդդիմությունը քաղաքական պայքարը կտանի քաղաքակիրթ ճանապարհով, օրինական, սահմանադրական ճանապարհով: Ինչ խոսք, եթե կան թերություններ, պետք է դրանց մասին խոսել, բարձրաձայնել:
- Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ի՞նչ է սպասվում Հայաստանին: Ադրբեջանը կրկին կգնա՞ արկածախնդրության:
- Ադրբեջանը միշտ էլ գնում է սադրանքների, միշտ էլ պատրաստ է արկածախնդրության և միշտ էլ կանի, եթե թույլ տանք: Եթե ինքներս մեր ձեռքով մեր տունը չքանդենք, մեր անկախությունը չքանդենք, եթե միասնական և ուժեղ լինենք, ոչ մի Ադրբեջան կամ այլ արտաքին ուժեր չեն կարող մեզ վնասել: Մենք ենք մեր ճակատագրի տերը, մեր բախտը մենք ենք տնօրինում: Թուրքը հազարավոր տարիներ ցանկացել է մեզ վնասել, վատություն անել: Եղել են ժամանակներ, որ հաջողել է, եղել է, որ ոչ: 1915 թվականին թուրքը հաջողության հասավ, որովհետև միասնական չէինք, որովհետև մեր հույսն օտար պետություններին, օտար ազգերին էինք դրել: Իսկ վերջին Արցախյան ազատամարտում հաղթեցինք, քանի որ հավատացինք ինքներս մեզ, մեր ուժերին, գործեցինք միասնաբար՝ ազգային ծրագրի շրջանակներում:
Մեր իղձերի իրագործման համար պետք է ունենանք ուժեղ պետություն, միասնական և հավատացյալ ժողովուրդ:
***
Ինքնասպանություն՝ Շիրակի մարզում
Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հնացավան թաղամասի 1-ին շարքի թիվ 39 տան տանիքում հայտնաբերվել է կախված տղամարդու դի, որին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն իջեցրել են Ս. Գ.-ի (ծնվ. 1963 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
***
Հայ-թուրքական սահմանը հատած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի
Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատած և հայ գյուղացիների հայտնաբերած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Սահմանախախտի ներկայացրած վարկածով նա նպատակադրվել էր հատել Իրանի սահմանը' անցնելու Թուրքիա, հանդիպելու իր ընտանիքին, որը գտնվում է Վան քաղաքում:
Սահմանախախտին ձերբակալել էին Արարատի մարզի բնակիչներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը, ովքեր սեպտեմբերի 2-ին Արտաշատի սահմանապահ գնդի մոտակայքում, Երասխ գյուղի հարևանությամբ, զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքով: Նկատելով սահմանի կողմից քայլող անհայտ անձի' Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը խիզախորեն կասեցրել են սահմանախախտին: Հայ գյուղացիները կամավորական ազգային ջոկատների անդամներ են, ովքեր համագործակցելով Ռուսաստանի սահմանապահ վարչության հետ'աջակցում են սահմանի անվտանգության պահպանմանը:
Սահմանախախտին կանգնեցնելու եւ ձերբակալելու առիթով բնակիչները տեղեկացրել են ռուս սահմանապահներին, ովքեր, արագ արձագանքելով կանչին, հետազոտել են Արաքս գետի ափի այն հատվածը, որտեղ ենթադրաբար ջրից դուրս էր եկել սահմանախախտը: Այդ հատվածում գտնվել է սև սպորտային ուսապարկ, որի մեջ գտնվում էին որպես Ֆարիդ Սատարա ներկայացածի անձնական իրերը:
Նույն օրը ռուս սահմանապահները սահմանախախտին փոխանցել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր արդեն ավելի մանրամասն կքննեն սահմանախախտի արարքի հանգամանքները:
Սեպտեմբերի 11-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը խիզախության համար կպարգևատրվեն Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից:
***
5 տարի տուրիզմի շուկայում. «Go Travel»-ը կշարունակի զարմացնել և գոհացնել իր հաճախորդներին (լուսանկարներ)
«Go Travel» տուրիստական գործակալությունը հիմնադրվել է 2009 թվականին: Նպատակ ունենալով մատուցել միայն որակյալ տուրիստական ծառայություններ՝ այն արդեն 5 տարուց ավել է, ինչ հայաստանյան շուկայում է և համարվում է առաջատարներից մեկը:
Լուրեր.com-ի զրուցակիցն է «Go Travel» ընկերության գործադիր տնօրեն Լիանա Սահակյանը.
Ե՞րբ է հիմնադրվել ընկերությունը և ո՞րն է եղել ստեղծման նպատակը:
- «Go Travel»-ը հիմնադրվել է 2009 թվականին և արդեն 5 տարուց ավել է, ինչ այն իր ծառայություններն է մատուցում տուրիստական շուկայում: Ընկերության ստեղծման նպատակը մեկն էր՝ որպեսզի մենք կարողանանք որակյալ տուրիստական ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին:
Ինչո՞վ է տարբերվում «Go»-ն մյուս տուրիստական գործակալություններից:
- Մեզ մոտ՝ ինչպես միջավայրն, այնպես էլ հաճախորդների հետ շփումը շատ բարեհամբույր և ջերմ է: Մեր բոլոր հաճախորդները հետո դառնում են մեր ընկերները, և ամենակարևոր բանը, որին մենք այսքան տարվա ընթացքում հասել ենք, այն է, որ մեր տուրիստական ընկերության գները համարվում են Հայաստանի շուկայում ամենամատչելին:
Ո՞ր երկրներ եք կազմակերպում ուղևորություններ, և զեղչային համակարգը ե՞րբ է առավել ակտիվ գործում:
- Դեպի գրեթե բոլոր երկրներ ունենք ուղղություններ, բայց հիմնական ուղղություններն են Դուբայը, Եգիպտոսը, Շրի Լանկան, Կիպրոսը, քանի որ հայերն առավել շատ նախընտրում են նշված վայրերում իրենց հանգիստը կազմակերպել: Զեղչային համակարգը գործում է պասիվ սեզոններին, ամռանը և Ամանորին ավելի թանկ են գները լինում, իսկ օրինակ՝ աշնանը և գարնանն ավելի մատչելի գներով կարող են ճամփորդել, որովհետև գործում է շատ մեծ զեղչային համակարգ:
Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:
- Մենք ամեն անգամ, երբ ակցիաներ ենք տեղադրում, ներքևում գրում ենք՝ «Ամենամատչելի գները՝ Հայաստանում»: Մեր այս կարգախոսը բոլոր գովազդների ներքևում պարտադիր նշվում է:
Իսկ ինչպե՞ս Դուք որոշեցիք մտնել բիզնես-ոլորտ:
- Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց հասկացա, որ տուրիզմն առավել հետաքրքրիր և գրավիչ ոլորտ է: Սա էլ հանդիսացել է գլխավոր պատճառն այս ոլորտում աշխատելու համար:
Հմայիչ և նրբագեղ լինելն օգնո՞ւմ է առաջընթացի հարցում: Ի՞նչ դեր ունի հմայքը բիզնեսում:
- Ավելի շատ ոչ թե հմայքը, այլ լավ և ժպտերես մարդ լինելն է, որ օգնում է և նպաստում մարդկանց հետ առավել բարիդրացիական շփումներում: Այն օգնում է ոչ միայն բիզնեսում, այլ նաև կյանքում:
«Go Travel»-ը զբաղվո՞ւմ է ներգնա տուրիզմով:
- Մեր հիմնական ուղղվածությունն արտագնա տուրիզմն է, սակայն արդեն երկու տարի է՝ ունենք նաև ներգնա տուրիզմը և փորձում ենք հետաքրքիր տուրերով ներգրավել արտասահմանյան զբոսաշրջիկների: Դեռևս այն սկզբնական բնույթ է կրում և կայանալու ճանապարհին է:
Իսկ ինչպիսի՞ն են կարծիքները հայ տուրիստների վերաբերյալ:
- Կարծիքները շատ տարբեր են լինում, սակայն գերակշռողը դրական կարծիքներն են: Հայերին սիրում են, միշտ ասում են, որ նրանք ուրիշ են և տարբերվում են:
Ի՞նչ անակնկալների և նորությունների սպասեն GO-ի հաճախորդներն առաջիկայում:
- Հիմնական հետաքրքիր նորություններն, իհարկե, սպասվում են Ամանորին, չեմ ցանկանում առայժմ որևէ բան ասել և բացել փակագծերը: Բոլոր նորությունները մեր հաճախորդները կտեսնեն մեր ֆեյսբուքյան էջում և մեր կայքում՝ gotravel.am-ում:
***
Հուժկու բռնկում Է տեղի ունեցել Արեգակի վրա
Արեգակի մակերեւույթի վրա տեղի Է ունեցել ունեցել 2012 թվականից վեր ամենահզոր բռնկումը, որն ուղղված Է Երկրի կողմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CBS News պորտալին:
Ինչպես նշում Է հրատարակությունը, արեգակնային այս բռնկումը կարող Է վնասել Էներգամատակարարման համակարգերը, ինչպես նաեւ խախտել արբանյակային ու ռադիոկապը:
Գիտնականների խոսքով՝ սեպտեմբերի լույս 11-ի գիշերը Արեգակի վրա տեղի Է ունեցել հուժկու Էլեկտրամագնիսական պայթյուն: Դրա հետեւանքով տիեզերք արտանետված պլազմայի ամպը շարժվել Է Երկրի ուղղությամբ:
Գիտնականներն առայժմ դժվարանում են նշել պլազմայի ամպի ժամանման ստույգ ժամանակը, ինչպես նաեւ մոլորակի այն շրջանը, որին այն կհարվածի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
***
Ադրբեջանը ձև է' առանց բովանդակության. ադրբեջանցի մտավորական
Ադրբեջանցի մտավորական Ռամիս Յունուսի աչքերով Ադրբեջանը ձեւ է առանց բովանդակության: Վերջին տարիներին Ադրբեջանում բարոյական արժեքների դեգրադացիայի աստիճանը գնահատելու, ինչպես նաեւ ներկայիս Ադրբեջանի' առանց բովանդակության ձեւ լինելը հասկանալու համար մտավորականը մեջբերում է գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեին, ով ասել է. «Մակերեսային մարդիկ մշտապես պետք է ստեն, քանի որ նրանք զրկված են բովանդակությունից»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռ. Յունուսը գրում է ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի լրատվական կայքում հրապարակված հոդվածում:
Ներկայիս Ադրբեջանի ձեւն ու բովանդակությունը պատկերացնելու համար Ռ. Յունուսն ընթերցողներին հիշեցնում է որպես հանրապետություն Ադրբեջանի խորհրդանիշներից դրոշի գույները, եւ ներկայացնում, թե ինչքանով է դրա հոգեւոր բաղադրիչն այսօր պահանջված ադրբեջանական հասարակության կողմից:
Ռ. Յունուսը հիշեցնում է Ադրբեջանի դրոշի գույների նշանակությունը. երկնագույնը հանդիսանում է թյուրքական ազգային մշակույթի, կարմիրը' ժամանակակից եվրոպական ժողովրդավարության, կանաչը' իսլամական քաղաքակրթության խորհրդանիշը, դրոշի վրայի կիսալուսինը խորհրդանշում է իսլամը:
Ադրբեջանի' թյուրքական ազգային մշակույթին պատկանելու հետ կապված' Ռ. Յունուսը խորհուրդ է տալիս դիտարկել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական եւ մշակութային հարաբերությունների մակարդակը եւ այդ ցուցանիշը համեմատել Ռուսաստանի հետ: Ըստ նրա' բոլոր ուղղություններով Ռուսաստանի հետ Ադրբեջանի փոխհարաբերությունները մի քանի անգամ գերազանցում են ադրբեջանական դրոշի երկնագույնի բնորոշած հոգեւոր պատկանելությունը թյուրքական մշակույթին:
Կապված կարմիր գույնի եւ այն բանի հետ, թե այսօր Ադրբեջանն ինչքանով է համապատասխանում ժամանակաից եվորպական ժողովրդավարության նորմերին, Ռ. Յունուսը նշում է հեղինակավոր միջազգային իրավապաշտպան Freedom House, Amnesty International, Human Rights Watch կազմակերպությունների զեկույցները եւ Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի, տարեցտարի ավելացող քաղբանտարկյալների թվի եւ ավտորիտարզմի այլ չափանշների մասին, որոնք ոչ մի կերպ չեն ծայրակցվում Եվրոպայի Խորհրդի անդամ-երկիր հասկացության հետ, ինչպիսին հանդիսանում է Ադրբեջանն իր անկախության երկար տարիների ընթացքում:
Իսլամական աշխարհին պատկանելու հետ կապված այդ հոգեւոր անհապատասխանությունը գնահատելու եւ հասկանալու համար Ռ. Յունուսը նշում է, որ բավական է ծանոթանալ Ադրբեջանում այդ թեմայի «դրոշակակրի» աշխատանքի հետ' ի դեմս Կովկասի մահմեդականների վարչության, որը 30 տարի անընդմեջ ղեկավարում է շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն, եւ տեսնել, թե ինչպես են նրանք «պաշտպանում» իսլամական արժեքները: Նա հատուկ նշում է, որ ԿՄՎ ներկայիս ղեկավարի համար, որին այդ պաշտոնում աշխատանքի է դրել անձամբ Հեյդար Ալիեւը, ոչինչ չի փոխվել, քանի որ կառավարաությունում բազմաթիվ պաշտոններում աշխատում են նրան ծանոթ մարդիկ, որոնց հետ նա տասնյակ տարիներ անցել է «կրակի, ջրի եւ պղնձե խողովակների» միջով: Փաշազադեն ԿՄՎ-ը, սրբավայրեր ուխտագնացությունը, կրոնական արարողություններն ու ծառայությունները վերածել է բիզնեսի, ենթարկել այն Ալիեւների ընտանիքին եւ հիշատակում է նրանց անգամ աղոթքներում, ինչը ոչ մի կապ չունի իսլամական մշակույթի հետ:
«Ադրբեջանում ձեւի եւ բովանդակության անհամապատասխանության նման կարճ վերլուծությունը կօգնի հասկանալ երկիրը համակած կեղծիքի եւ ստի մակարդակը: Անբարոյականության ինչպիսի աստիճանի պետք է հասնել, որպեսզի ԿԳԲ-ի գեներալին, ով ամբողջ կյանքում պայքարել է դեմոկրատական արժեքների դեմ, այսօր հայտարարել «համազգային առաջնորդ», եւ ժողովրդավարության ջատագոնվերի համար ամենավիրավորականն այն է, որ նրա դիմանկարները, որոնցով զարդարված է ամբողջ երկիրը, գովազդվում են եռագույնի ֆոնին, որի իմաստը Հեյդար Ալիեւն ու ներկայիս իշխանության մեջ նրա հետևորդները ամբողջությամբ ամլացրել են անկախության այս տարիներին: Ինչպես նման դեպքերում ասել է ֆրանսիացի մեծ գրող Վիկտոր Հյուգոն' «սուտը չարի մարմնավորումն է» եւ ուղղակի անհնար է չհամաձայնվել դասականի այդ աֆորիզմի հետ», -գրում է ադրբեջանցի մտավորականը:
***
Վահե Հակոբյանը' Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին
Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում չցանկացավ նոր մարզպետի անուններ նշել և հայտարարեց, որ մարզպետի պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել է իր քաղաքական թիմի ղեկավարությունը, և իր պարտականությունները նա կկատարի Ջրային տնտեսության պետական կոմիտեում:
Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանին՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու հավանակությանը՝ Վահե Հակոբյանն ասաց. «Մոտ ապագայում կնշանակվի Սյունիքի մարզպետ, և բոլորս կիմանանք: Չեմ ցանկանում անուններ տալ, դա իմ տիրույթից դուրս է»:
***
Ձգձգել պետք չէ. Հովիկ Աբրահամյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարության որոշմամբ հստակեցվել են պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության բոլոր դեպքերը, ինչը հնարավորություն կտա հետագայում կարճ ժամկետում լուծել բնակչության արծարծած սոցիալական խնդիրները: Գործադիրի որոշմամբ սեփականաշնորհվել են չորս ընտանիքի զբաղեցրած բնակելի տարածքները: Խնդրո առարկայի վերաբերյալ կառավարության ղեկավարն ասել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս իրականացնելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված քաղաքացիների խնդիրների լուծմանը և պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքներում երկար տարիներ ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին՝ իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել, ինչը ևս մեկ քայլ է՝ սոցիալական խնդիրները լուծելու համար»: ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է մարզպետների հետ սերտ գործակցությամբ շատ արագ ավարտել նվիրատվության գործընթացը: «Ձգձգել պետք չէ: 10-15 տարի մարդիկ ապրում են այդ բնակարաններում և չունեն սեփականության վկայական»,- հավելել է Հովիկ Աբրահամյանը:
Նիստում որոշվել է 2014թ. պետբյուջեի վերաբաշխման միջոցով գումար հատկացնել գարնանային հեղեղումների հետևանքով վնասված ճանապարհների հիմնանորոգման նպատակով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և ևս երեք օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք միտված են մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու և տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու նպատակին:
Առաջարկվում է ՏՏ ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում՝ անկախ ամսական հարկվող եկամտի չափից և այլն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է վերանայել արտոնության տրամադրման ժամկետը՝ մինչև 2017թ., անհրաժեշտության դեպքում երկարաձգելու պայմանով, ինչպես նաև մանրամասն ճշգրտել, թե ինչ է կորցնելու պետբյուջեն արտոնության տրամադրման արդյունքում: Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
***
ԱՄՆ պետքարտուղարը շտապ կայցելի Թուրքիա
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Թուրքիա' տեղի իշխանությունների հետ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարի վերաբերյալ քննարկումներ ունենալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացն ում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրների համաձայն' Քերին Թուրքիայում կլինի արդեն սեպտեմբերի 12-ին:
Օրեր առաջ Թուրքիա էր այցելել ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, ով փորձել էր ստանալ Անկարայի աջակցությունն իսլամիստների դեմ պայքարում: Սակայն սեպտեմբերի 10-ին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարությամբ իրականացված Անվտանգության նիստի ժամանակ որոշում էր կայացվել այն մասին, որ Թուրքիան հեռու կմնա «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական խմբավորման դեմ ցամաքային գործողություններ ծավալող ցանկացած կոալիցիայի մեջ մտնելուց:
***
Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
***
Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում 4 ավտոմեքենաներ բախվել են
Սեպտեմբերի 10-ին, ժամը 05.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Մոսկվիչ», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Գալուստ Սահակյանը Լևոն Զուրաբյանին հիշեցրեց անցյալը
Ընդդիմություն լինել չի նշանակում զրպարտել, հերյուրանքներ տարածել և բերել փաստեր, որոնք իրականության հետ ընդհանրապես կապ չունեն:
Այս մասին Ազգային ժողովում, արտահերթ ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ արձագանքելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանին, ով պետական գույքի մասնավորեցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում խստորեն քննադատեց իշխանություններին՝ նրանց մեղադրելով տարբեր ապօրինի գործարքներ իրականացնելու մեջ:
«Եթե ընդդիմադիր գործիչ ես, ապա բնական է, որ պետք է գործես ընդդիմադիր դաշտում: Սակայն ընդդիմադիր լինել չի նշանակում զրպարտել և բերել փաստեր, որոնք իրականության հետ կապ չունեն: Ընդդիմադիր շատ պատգամավորներ ունենք: Սակայն պետք է ասեմ, որ այդ պատգամավորներից որևէ մեկը չի կարողանում իր ելույթներն այնպես կառուցել, ինչպես դա անում է Արծվիկ Մինասյանը, որովհետև նա իր ընդդիմադիր տեսակետներն արտահայտում է համոզմունքով, նա դա անում է ոչ թե զրպարտելու համար, այլ համոզված է, որ դա է մի ակ ճիշտ ճանապարհը:
Բոլոր պատգամավորներն այսպես պետք է աշխատեն: Եթե կաշխատենք հաշտ ու խաղաղ, ուրեմն կաշխատենք: Եվ ցանկանում եմ ասել նաև, որ հաշտ ու խաղաղ' չի նշանակում բոլոր հարցերում համաձայն լինել միմյանց հետ, այլ լինել ավելի կառուցողական և գնալ ավելի խորը քայլերի: Մի վերցրեք ձեր ուսերին այդ բեռը, որովհետև դրանք այնքան կոփված չեն այդքան բեռ տանելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սահակյանը:
ԱԺ նախագահը հավելեց, որ չի կարելի կանգնել հասարակության առջև և սուտն ու կեղծիքը տարածել՝ չմտածելով, որ խորհրդարանում ներկա են ժամանակների մարդիկ: «Եթե քաղաքական ուժի անունը փոխվում է, բովանդակությունը դրանից երբեք չի փոխվում: Մի քանի հազար վաուչերով հզոր տնտեսական համակարգերը վաճառվեցին:
Ընդ որում, այնպիսի մի ժամանակաշրջան էր, երբ աշխատողներին վաուչերները տալիս էին մի ձեռքով, մյուս ձեռքով կես գնով գնում էին ու սեփականաշնորհում: Ես այստեղ որևէ մեկին չեմ մեղադրում. ժամանակներ էին, երբ միգուցե պետք է այդպես լիներ: Այսօր էլ ժամանակներ են, և ամեն ինչ օրենքի դաշտում է: Բոլոր այն հարցերը, որոնք դուք բարձրաձնում եք, կան կառավարության համապատասխան որոշումներում և համապատասխան կայքերում:
Անընդունելի է, օգտվելով առիթից, որ մարդկանց մեծ մասն այդ կայքերից ինֆորմացիա ստանալուվ հմտություններին չի տիրապետում, կանգնել հասարակության առաջ և ապակողմնորոշել ոչ թե խորհրդարանը, այլ մի ամբողջ հասարակության»,- շեշտեց Սահակյանը:
ԱԺ նախագահը նաև նշեց, որ Ազգային ժողովը խամաճիկների տեղ չէ, որ ով ինչ ցանկանա, դրա մասին խոսի: «Այստեղ ամեն ինչ պետք է շատ լուրջ լինի: Սա խամաճիկների տեղ չէ: Ես ցանկանում եմ, որ մենք միասին նորմալ աշխատենք: Եթե ընդդիմադիր եք, գործեք այդ դաշտում, բայց եղեք կառուցողական և գնացեք խորը քայլերի, այլ ոչ թե ապակողմնորոշեք հասարակությանը»,- ասաց ԱԺ նախագահը:
Մինչ այդ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին կոռեկտության կոչ էր արել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նկատելով, որ, նրա ելույթն ավելի շատ նման էր ոչ թե ԱԺ պատգամավորի, այլ գլխավոր դատախազի ելույթի: