2014թ.-ի սեպտեմբերի 11-ին լրանում է համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող ահաբեկչության 13-րդ տարելիցը: Ողբերգությունն ավելի քան 3000 մարդու կյանք է խլել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նյու Յորքում 2001 թվականի այս օրը Boeing 767 երկու ուղևորատար օդանավ բախվեցին համաշխարհային առևտրային կենտրոնի 110 հարկանի «երկվորյակ աշտարակներին»: Երրորդ Boeing 757 օդանավը Վաշինգտոնում բախվեց ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքին, իսկ չորրորդն ընկավ Պիտսբուրգ քաղաքից 80 մղոն հեռավորության վրա:

 

Օդանավերը պատկանում էին American Airlines և United Airlines ընկերություններին և առևանգվել էին մահապարտ ահաբեկիչների կողմից:

 

Նյու Յորքին հասցրած վնասը կազմել է 36 մլրդ դոլար: Վթարից հետո տարածքի մաքրման աշխատանքները տևել են ավելի քան 8 ամիս:

 

Ի հիշատակ այդ դեպքերի՝ սեպտեմբերի 11-ն ԱՄՆ-ում նշվում է որպես Հայրենասիրության և Աղոթքի օր: Ամբողջ երկրում տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի և դպրոցների կողմից կազմակերպվում են մի շարք հիշատակի միջոցառումներ: