Կլիմայի փոփոխությունն անկայունության, հակամարտությունների եւ ահաբեկչության սրող գործոն է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, փոխանցում է AP-ը։
Կլիմայի փոփոխության համար առավել խոցելի շրջանները «տուժում են նաեւ անապահովությունից, աղքատությունից, թույլ կառավարումից եւ ահաբեկչությունից»։ Գուտերիշը նշել է, որ երբ կլիմայական խանգարումները սահմանափակում են պետական մարմինների՝ հանրային ծառայություններ մատուցելու հնարավորությունը, «դա իշխանությունների նկատմամբ անվստահություն է առաջացնում»:
«Եվ երբ կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդկանց ստիպում է կորցնել իրենց ունեցվածքը, պաշտպանության, եկամուտների եւ արդարության խոստումները, որոնց հետեւում երբեմն ահաբեկիչները թաքցնում են իրենց ծրագրերը, ավելի գրավիչ են դառնում»,-ասել է նա։
Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» ծայրահեղականները «օգտվել են ջրի սակավությունից եւ վերահսկողության տակ առել ջրային ենթակառուցվածքները՝ համայնքներին իրենց կամքը պարտադրելու համար»,-ասել է նա՝ մինչդեռ Սոմալիում ածուխի արտադրությունը ծայրահեղական «Աշ-Շաբաբ» խմբավորման համար եկամտի աղբյուր էր»:
Գուտերիշն ասել է, որ «կլիմայի ազդեցությունը սրում է հակամարտությունները եւ խորացնում խոցելիությունը»՝ հավելելով, որ ՄԱԿ-ի խաղաղապահ կամ քաղաքական առաքելությունները տեղակայված են 15 երկրներից ութում, որոնք առավել վտանգված են կլիմայական ռիսկերից:
ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել ավելացնել ներդրումները՝ օգնելու զարգացող երկրներին հարմարվել կլիմայի փոփոխության ազդեցությանը՝ ասելով, որ զարգացած երկրները պետք է կատարեն իրենց խոստումը զարգացող երկրներին տարեկան առնվազն 100 միլիարդ դոլար տրամադրել կլիմայի փոփոխության միջոցառումների համար: Ակնկալվում է, որ մինչեւ 2030 թվականը այդ ծախսերը կկազմեն տարեկան 300 միլիարդ դոլար, ասել է նա։