Մեր պետական բյուջեի տնօրինողները ցնցում են իրենց տրամաբանությամբ: Եթե ոմն Նունեի համերգի համար այդպիսի աստղաբաշխական գումարներ են հատկացվում՝ միայն մեկ անձին, չհաշված միջոցառման տեխնիկական ծախսերը, սպասարկող անձնակազմի վճարումները, պատկերացնու՞մ եք որքան է կազմում ամբողջ տարվա ընթացքում պետական տարաբնույթ միջոցառումների համար ծախսվող գումարները: Իսկապես աստղաբաշխական գումար, այնքան մեծ, որով կարելի էր սուբսիդավորել տրանսպորտի ուղեվարձի ամբողջ թանկացումը: Շատերը կհակադարձեն՝ հասարակությանը պետք են տոնական միջոցառումներ:

 

Նախ խիստ վերապահումներով եմ մոտենում այն հարցին, թե այդ նոմենկլատուրային ճնճղուկների կլկլոցը ում է իրականում պետք, և երկրորդ՝ Հայաստանի կառավարիչները սխալ են հասկացել հայտնի արտահայտությունը՝ ժողովրդին իշխելու համար անհրաժեշտ հացի և տեսարանների մասին: Նրանք ապահովում են միայն տեսարանները, իսկ հացը մնում է միայն իրենց կերակրատաշտում:

 

Մեծ հաշվով, ում է պետք այդ խրախճանքը, երբ պետության քաղաքացին այնքան հոգս ու ցավ ունի, որ շոու բազարի թղթե աստղերի ոռնոցը լսելու ոչ տրամադրություն, ոչ էլ ցանկություն ունի: Հազարավոր մեր հայրենակիցներ մի քանի դրամի բացակայության պատճառով տարիներով չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից, իսկ դուք սեփական ոռնաձայներին և ռուսական իմպերալիզմի զոհերին միլիոններ եք շռայլում:

 

Առջևում Էրեբունի-Երևան տոնակատարություններն են: Մի երկու հարյուր հազար դոլար էլ տվեք՝ թող Շուշանն էլ երգի: Ծառայություններ մատուցելու տեսակետից նա Նունեին գերազանցում է: Մեկ էլ տեսաք՝ նեղացավ ու բողոքի ալիքներ բարձրացրեց:

 

Մեզ նոր պարանոցային համբույրներ պետք չեն: Շուշանյան փիլիսոփայությունը հաշվի առնելով՝ դրանք անխուսափելի կլինեն:

 

Վարուժան Բաբաջանյան