Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներն ակտիվ աշխատանք են տանում փոխադարձ հաշվարկներում դոլարի մասնաբաժինը նվազեցնելու ուղղությամբ, ասել է տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
«ԵԱՏՄ երկրներն ակտիվացնում են փոխադարձ հաշվարկներում դոլարի մասնաբաժնի կրճատման աշխատանքները։ Անդամ պետությունների շահառուների միջեւ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ապահովումը ԵԱՏՄ-ում համաձայնեցված դրամավարկային քաղաքականության իրականացման սկզբունքներից մեկն է։ Մենք այս աշխատանքն անում ենք ավելի քան մեկ տարի, եւ այսօր միության հաշվարկների մեծ մասն իրականացվում է ազգային արժույթներով»,- Վոլվաչի խոսքերն է մեջբերել տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։
Փոխնախարարի խոսքով՝ 2021թ․ ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը 2013թ․ 63 տոկոսից հասել է 74 տոկոսի։
«ԵՏՀ խորհրդի մարտի 17-ի նիստի ընթացքում երկրները քննարկել են փոխադարձ համաձայնությամբ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման եւ բաշխման շրջանակներում հաշվարկներ իրականացնելու հնարավորությունը նաեւ ռուսական ռուբլով»,- ասված է տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։