Եվրասիական տնտեսական միության երկրներին անհրաժեշտ է գործարքների փոխադարձ հաշվարկներն իրականացնել սեփական ազգային արժույթներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Աալի Կարաշևը:
«Մեզ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել արժույթային կարգավորումների հարցերին, այդ թվում' ԵԱՏՄ շուկաներում ազգային արժույթների ընդլայնման հնարավորություններին և միմյանց միջև գործարքներն իրականացնել փոխադարձ հաշվարկներով՝ տուրքերի բաշխման շրջանակում»,- ասել է նա:
Կարաշևի խոսքով՝ 2015 թվականի ընթացքում Ղրղզստանի արտաքին առևտրում ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը կազմել է 40 տոկոս: Ամենաբարձր առևտրաշրջանառության ծավալը կազմել է Ռուսաստանի հետ՝ 25 տոկոս, և Ղազախստանի՝ 18,2 տոկոս: Նա նշել է, որ Ղրղզստանը հանդես է գալիս ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման օգտին, ինչը միության երկրներին թույլ կտա ներգրավել լուրջ ներդրումներ նոր էներգետիկ հզորությունների կառուցման ուղղությամբ, որոնք խիստ կարևոր են արագ զարգացող տնտեսությունների պայմաններում:
Ղրղզստանը ԵԱՏՄ լիարժեք անդամ է դարձել նախորդ տարվա օգոստոսի 12-ին: ԵԱՏՄ մյուս երկրներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը: