Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակով գործի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հանձնաժողովը պետք է հանդիպի Պերմյակովի ծնողներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ադդրբայկալի տարածաշրջանի հայերի միության նախագահ Վոլոդյա Մարկոսյանը: «Ոչ մեկի ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչ դաժան մարդ պետք է լինի, որ երեխայի վրա զենք բարձրացնի: Բոլորովին աննորմալ երևույթ է: Մեր իշխանությունները տեղյակ են գործից: Իմ տեղեկություններով' այսօր պետք է ժամաներ Պաշտպանության նախարարության հանձնաժողովը գործի մանրամասները քննելու համար»,- հեռախոսակապով հայտնեց Վոլոդյա Մարկոսյանը:

 

Նրա խոսքով' Պերմյակովների ընտանիքը բնակվում է Չիտայից 400 կմ հեռավորության վրա գտնվող Բալեյ ավանում և ներկայումս տեղի ոստիկանների հսկողության տակ է գտնվում:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Սպանության մեջ կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովն արդեն տվել է խոստովանական ցուցմունքներ: Հայկական և ռուսական քննչական մարմինների մասնակցությամբ անցկացվել է նախաքննություն:

 

Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: