Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականցվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: Սիրիայում Հայաստանի դեսպանատունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Կամիշլիի քաղաքի և հյուսիսային այլ շրջանների համայնքային կառույցների հետ:

«Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ: Անմիջականորեն ռազմական գործողությունների տարածքում գտնվող Տել Աբյադ քաղաքից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ ինքնուրույն լքել են իրենց բնակության վայրը և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ՝ Հալեպ և Հասաքե: Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Ըստ մեր տեղեկությունների Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։
 
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ: