Նռնակի պայթյունից վնասվածքներ ստացած 4-ամյա Ելենա Դալլաքյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, դեռ մի քանի օր պետք է հետևել նրա վիճակին: «Ի սկզբանե երեխան ծայրահեղ ծանր վիճակում էր, այդ վիճակից դուրս է եկել, բայց տարբեր վտանգներ դեռ կան»,- հայտնեցին բաժանմունքից' հավելելով, որ երեխայի գիտակցությունը տեղում է:
Բժիշկներն ստիպված են եղել անդամահատել երեխայի ոտքը, քանի որ հակառակ պարագայում ինքնաթունավորման գործընթաց կսկսվեր, ինչը կտաներ մահվան:
Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանը, ով խորհրդատվություն է տրամադրել վիրահատող բժիշկներին:
«Գիշերն իմ աշակերտներն էին վիրահատել երեխային, ես ներկա չեմ եղել, սխալմամբ ասել են, որ իմ ղեկավարությամբ է եղել: Գիշերվանից սկսած' կար և ոտնաթաթի ծավալուն դեֆեկտ, այսինքն' հյուսվածքի բացակայություն կրնկոսկրի շրջանում, և սնուցման խանգարում, որը բերում է մկանային զանգվածի մահացմ ան ու ինքնաթունավորման, որը կարող է հիվանդին սպանել:
Ես երեխային նայել եմ հաջորդ օրը, երբ ի վիճակի էի շարժվել, ինձ տարան ուղիղ վիրահատարան, փորձ արվեց վերականգնել արյան շրջանառությունը, բայց այնքան ջնջխված ու վնասված էին հյուսվածքները, որ անհնար էր վերականգնումը: Պատկերացրեք, եթե հյուսվածքներում արյան շրջանառություն չկա, վեց ժամից հետո դրանք սկսում են մահանալ, որը հղի է շատ բարդություններով' այդ թվում' գանգրենայով, հյուսվածքների մեռուկացմամբ»,-ասաց բժիշկը:
Պլաստիկ վիրաբույժը նշեց նաև, որ առաջին վիրահատությունը իզուր չի անցել, հնարավոր է եղել փրկել փոքրիկի ոտքը մինչև սրունքի վերին երրորդ մասը: «Առաջին վիրահատության ժամանակ կարել են ազդրային զարկերակը, և ոտքը մինչև սրունքի վերին երրորդը փրկվել է, եթե ոչ, ոտքը պետք է կտրվեր ազդրի միջին երրորդականից, քանի որ առաջին վնասվածքը այդ մակադակում էր: Ես նայեցի, վիրահատական միջամտությունը գրագետ էր արված: Երկրորդ ու երրորդ վնասվածքները ծնկափոսից ցածր էին, զարկերակի պատն ամբոջովին վնասված էր, բեկորները դրանց մեջ էին, դա է արյունազեղումների պատճառը, ու մկանները քրքրված էին: Չէր կարելի ռիսկի դիմել ժամանակի առումով»,- հայտնեց Արտավազդ Սահակյանը:
Նրա խոսքով' երեխայի վիճակը ներկայում համեմատաբար լավ է, քան մինչ անդահամատումն էր, քանի որ արդեն թունավորման գործընթաց էր սկսվել: «Մի կարծեք, որ այդքան հեշտ է որոշել ու անդամահատել, մենք էլ երեխաներին վերաբերում ենք այնպես, ինչպես նորմալ մարդիկ: Ուրիշ ելք չկար»,- ավելացրեց բժիշկը:
Ինչ վերաբերում է հետագա վիրահատություններին ու պրոթեզավորմանը, բժիշկ Սահակյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա հետագա անելիքի անհրաժեշտությունը:
Փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի է զանգահարել ու հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և հնարավոր է, սպանություն է կատարվել:
Անմիջապես նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1969թ. ծնված Անահիտ Խաչատրյանի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով կինն ու 20 11թ.-ին ծնված Ելենա Դալլաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: