Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված փոքրիկը վնասվածքներ չունի։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը։

«Երեխան նորմալ վիճակում է։ Ծնողներն էլ իրենց երեխայի վիճակը նորմալ են գնահատում։ Երեխան հետազոտվել է որովայնը, կրծքավանդակը հանգիստ են»,- ասաց Խաչատրյանը։

Երեխան կմնա հիվանդանոցո՞ւմ, թե դուրս կգրվի՝ հարցին ի պատասխան «Արմավիր» ԲԿ-ի տնօրենն ասաց, որ այս պահին դեռևս պարզ չէ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիր քաղաքում: Մեզ հետ զրույցում ոստիկանությունից փոխանցել էին, որ մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և դանակով հարձակվել աշխատակիցների և երեխաների վրա։ 

Ավելի ուշ հայտարարեցին, որ արդեն հայտնի է, թե ով է զինված տղամարդը և շարունակում է պատանդ պահել երեխաներից մեկին:

Ժամը 20-ի սահմաններում մանկապարտեզի ներսից կրակոցների ձայներ հնչեցին, որից հետո մանկապարտեզից դուրս բերվեց 4 ժամից ավելի նեսում պատանդառված 3-ամյա երեխան

Քիչ առաջ ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook սոցցանցի իր էջում հրապարակել է պատանդառված երեխայի և նրա հոր մասնակցությամբ տեսանյութ, որտեղ երեխայի հայրը հայտնում էր, որ երեխայի հետ ամեն բան նորմալ է։