Եկեղեցին գտնվում է Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի հարավ-արևելյան հատվածում՝ փոքր բլրակի վրա (նկ. 1)։ 2023 թվականի սեպտեմբերին օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից: Այս մասին տեղեկանում ենք monumentwatch-ից։

Պատմական ակնարկ

Եկեղեցին կառուցվել է 1873 թվականին (Բալայան 2020, 301)։

Առաջին հիշատակումը հանդիպում է Մակար Բարխուտարեանցի աշխատությունում, ով նշում է, որ քահանան գալիս է Առաջաձորից (Բարխուտարեանց 1895, 167)։ Եկեղեցու կառուցման վերաբերյալ որևէ այլ տվյալ հայտնի չէ։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին փոքր միանավ սրահ է՝ կառուցված կոպտատաշ կրաքարով ու կրաշաղախով: Եզրաքարերը և պատուհանների շրջանակները սրբատաշ են։ Եկեղեցու չափսերն են՝ երկարությունը 14 մետր, լայնությունը՝ 8 մետր (նկ. 2, 3)։ Թաղակապ ծածկը, որի չի պահպանվել, հենվել է պատկից կամարաշարերի վրա (նկ. 4, 5): Ոնեցել է երկու մուտք՝ արևմուտքից և հարավից: Արևելյան խորանի մնացորդներից դատելով՝ այն եղել է ուղղանյուն: Խորանին կից՝ հյուսիասյին պատում պահպանվել է մկրտության ավազանը, բուն հորնի հյուսիսային պատում՝ ուղղանկյուն խորշը: Դատելով ընդհանուր տեսքից և նկարագրված մանրամասներից, այն կրկնում է ուշ միջնադարում Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ մասերում լայնորեն տարածված երկթեք տանիքվ միանավ սրահի տիպը (նկ. 6, 7):

Եկեղեցու պատի շարվածքում ներդրվել են 12-13-րդ դարերի խաչքարեր և քանդակազարդ բեկորներ: Շրջակայքում հավաքվել են տարբեր ժամանակներով թվագրվող խաչքարեր, իսկ պատի տակ 2020 թվականին կանգնեցվել է Արցախյան ազատագրական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար (նկ 8-12)։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Հուշարձանը կանգուն է, բացակայում է ծածկը: Հուշարձանն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վնասներ չի կրել։

Մատենագրական քննություն

Համեմատաբար նոր կառուցված լինելու պատճառով եկեղեցու վերաբերյալ պատմական աղբյուրներում տեղեկություններ չկան, հիշատակվում է միայն Մակար Բարխուտարեանցի աշխատությունում (Բարխուտարեանց, 1895, 167)։

Գրականություն

Բալայան 2020 – Բալայան Վ., Արցախի հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, Զանգակ։

Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր: