«Mediamall.am»  լրատվականն  ամփոփում է  անցնող օրը.













Հակառակորդը շփման գծի որոշ հատվածներում օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր. ԼՂՀ ՊՆ

 

 

Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տակավին նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արձակել է ավելի քան 2000 կրակոց:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը շփման գծի որոշ հատվածներում օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր:

 

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

 

 

 

***

 

 

Ստամբուլում հակաահաբեկչական գործողություն է իրականացվել

 

 

Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի և հետախուզության բաժանմունքը հատուկ գործողություն է իրականացրել քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

 

Թուրք իրավապահ մարմինները գործողությունն իրականացրել են Ստամբուլի տարբեր թաղամասերում: Հայտնի է դարձել, որ ոստիկանության հակաահաբեկչական գործողությունների արդյունքում կան ձեբակալվածներ, թեպետ դրանց թիվը չի հստակեցվում:

 

Հունվարի 10-ին Թուրքիայի անվտանգության ուժերը կանխել էին ահաբեկչության երկու դեպք Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում: Ավելի վաղ կին-մահապարտը Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասի ոստիկանական բաժանմունքի մուտքի մոտ պայթեցրել էր իրեն, ինչի հետևանքով մի ոստիկան մահացել էր, ևս մեկը' վիրավորվել: Ավելի ուշ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, թե մահապարտ ահաբեկիչը ՌԴ քաղաքացի, Դաղստանից Դիանա Ռամազանովան է: Այդուհանդերձ, Ռուսաստանը պաշտոնապես դեռ չի հաստատել այդ տեղեկությունը:

 

 

***

 

 

Սպանություն Գյումրիում. սպանվել են ընտանիքի վեց անդամները

 

Այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում: Սպանվել են ընտանիքի վեց անդամները: Տեղեկությունը Լուրեր.com-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

Նշենք, որ Galatv.am-ի տեղեկություններով Գյումրու Մուսայելյան փողոցում զորամասը լքած ռուս զինվորականը սպանել է գյումրեցի ընտանիքի 6 անդամներին: 

 

 

«Սպանությունը կատարվել է, «ռուս զինվորականի» մասին ոչինչ ասել դեռ չենք կարող: Հանգամանքները պարզվում են»,- մեզ հետ զրույցում ասացին ոստիկանությունից:

 

 

Նշենք նաև, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝ կին, մեկն էլ՝ աղջիկ, որոնց վրա կան հրազենային հետքեր: Դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը և այլ պաշտոնատար անձինք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 3-րդ մասի և 235-րդ հոդվածի հատկանիշներով:





***

 

 

Ոստիկանությունը հրապարակել է Գյումրիում 6 հոգանոց ընտանիքին սպանելու մեջ կասկածվողի լուսանկարը

 

 

 

Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Ոստիկանույունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը:

 

Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

 

 

 

***

 

 

 Գյումրիում վիրավորված երեխան վերք է ունեցել կրծքի շրջանում. վիրահատությունն ավարտվել է

 

 

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել մինչև 1 տարեկան տղա երեխա, որին վիրահատել են: Երեխան կրծքի շրջանում վերք է ունեցել:

 

Նրա մոտ կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն: Արդյունքում պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր:

 

 

 

***

 

 

Գալուստ Սահակյանը ցավակցել է Գյումրիում կատարված սոսկալի ողբերգության կապակցությամբ

 

 

Մեծագույն վշտով տեղեկացա Գյումրիում կատարված սոսկալի ողբերգության մասին: Սպանվել է մի ողջ ընտանիք, այդ թվում՝ մանկահասակ երեխա: Գյումրիի բնակիչներ Ավետիսյանների մանուկներից մեկը, որն անգամ մեկ տարեկան դեռ չկա, Աստծո կամքով եւ հրաշքով ողջ է մնացել:

 

Ազգային ժողովը սգում է ընտանիքի կորուստը, աղոթում ողջ մնացած մանկան առողջության ու կյանքի փրկության եւ զոհերի հոգիների հանգստության համար:

 

Զորակցությունս եմ հայտնում եւ վշտակցում եմ Ավետիսյանների հարազատներին եւ կիսում կորստյան անսահման վիշտն ու ցավը»:

 

 

 

***

 

 

Միջադեպը քննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկվի ՌԴ-ից

 

 

ՀՀ ՊՆ մամլո պատասպանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի, իսկ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ իր պաշտոնակցի հետ:

 

Ռուսաստանցի պաշտոնյաները ցավակցել են Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ եվ դատապարտել կատարված հանցագործությունը:

 

Ավելին խոստացել ամեն ինչ անել հանցագործության հանգամանքների լիարժեք բացահայտման համար:
Բացի այդ միջադեպը քննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկվի ՌԴ ից:

 

 

***

 

 

Գյումրիում վիրավորված երեխան հրաշքով է փրկվել

 

 

Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված մի քանի ամսական Սերյոժա Ավետիսյանի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, փոքրիկին միացված է արհեստական շնչառության ապարատը, սակայն բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը հայտնեց, որ երեխային բերել են ծայրահեղ ծանր վիճակում, նրա կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերք էր: «Երեխայի ծայրահեղ վատ վիճակի պատճառն այնէ, որ նրան արնաքամ վիճակում են բերել հիվանդանոց: Երեխային գտել են մոր դիակի վրա, երեւի ոճրագործին թվացել է, թե նա եւս մահացած է, մինչդեռ երեխան շնչելիս է եղել:

 

Երեխային հիվանդանոց ուշ են հասցրել, նա շոկային վիճակում էր, մրսած ու արնաքամ»,- հայտնեց Կուրղինյանը' հավելելով, որ փաստը, որ վիրահատությունը անցել է բարեհաջող եւ փոքրիկը շնչում է' արդեն հրաշք է:

 

«Այո, կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ փոքրիկը հրաշքով է փրկվել, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նա շոկ է ապրում, գտնվում է վերակենդանացման բաժնում եւ շնչում է արհեստական ապարատի օգնությամբ: Հույս ունենք, որ նա ուժեղ կգտնվի եւ կկարողանա հաղթահարել»,- ասաց Կուրղինյանը:

 

Նշենք, որ փոքրիկը հիվանդանոց է տեղափոխվել է ժամը 12:40-ի սահմաններում, շտապ օգնության մեքենայով՝ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում՝ կրծքավանդակի ձախ կեսի հատվածում կտրած-ծակած վերքերով: ՙԵնթադրում եմ, որ երեխան մեզ մոտ է բերվել դեպքից 4 կամ նույնիսկ 5 ժամ անց: Այդքան ժամանակ երեխան եղել է այդ վիճակի մեջ, եղել է արյան կորուստ և այլն:

 

Տեսնելով, որ երեխայի կենսական օրգաններին այդքան էլ վնաս չկա, կարելի է որոշակի դրական կանխատեսումներ անել, բայց այսօր երաշխավորությամբ խոսելը դեռ շուտ է»,-ավելացրեց Աշոտ Կուրղինյանը:

 

 

 

***

 

 

Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

 

 

ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Միսակ Արմենի Հակոբյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում :

Միջադեպի մանրամասները ճշտվում են: