«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.


Լեհաստանը, Ուկրաինան և Լիտվան համատեղ ռազմական բրիգադի ստեղծման համաձայնագիր են ստորագրել

 

Լեհաստանի, Ուկրանիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 19-ին Վարշավայում համաձայնագիր են ստորագրել համատեղ ռազմական բրիգադ ստեղծելու մասին, որը կնպաստի տարածաշրջանում համագործակցության ամրապնդմանը և կմասնակցի խաղաղապահ միջոցառումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս միջազգային նոր ռազմական ստորաբաժանումը ստացել է LITPOLUKRBRIG անվանումը:

 

Ինչպես հաղորդում է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը, նոր ռազմական ստորաբաժանումը կգործի ՄԱԿ-ի և Եվրամիության հովանու ներքո: Բրիգադի գործունեության գլխավոր ուղղությունը կլինի մասնակցությունը խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային միջոցառումներին, ինչպես նաև տարածաշրջանում ռազմական համագործակցության ամրապնդմանը:

 

Երեք երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում համաձայնեցվել են նաև համաձայնագրի տեխնիկական պայմանները:

 

***

 

Դանակահարությունից 18 օր անց հիվանդանոցում մահացել էր. հանցագործությունը կատարողին հայտնաբերեցին 7 տարի անց

 

 

***

 

ԵԿՄ-ն՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, հավատարիմ է Վազգեն Սարգսյանի պատգամներին. պատանի երկրապահներ

 

Երկրապահ կամավորականների միությունը արյան կանչով, ժամանակի հրամայականով ստեղծված կազմակերպություն է, որն, ինչպես փաստում են կառույցի բազմահազար անդամները, այսօր էլ կատարում է առաքելությունը: Ուշագրավ է, որ այսօր էլ դեռ ԵԿՄ-ին անդամակցել ցանկացողների ահռելի հոսք կա: Ի կատարումն ԵԿՄ վարչության նախագահի աշխատանքային ծրագրի՝ այս օրերին վարչության անդամները, փոխնախագահների գլխավորությամբ, ստուգայցեր են կազմակերպում մարզային խորհուրդներ և տարածքային բաժանմունքներ:

 

Հանդիպումներն անցնում են ոգևորության մթնոլորտում: Ծաղկադրումներ, ելույթներ, պարգևների հանձնում, անդամության վկայականների տրամադրում: Նմանատիպ միջոցառում էր Իջևան քաղաքում, որն ավանդույթի համաձայն, սկսվեց ազատամարտիկների պատվին կանգնեցված հուշահամալիրին ծաղկադրման արարողությամբ:

 

Հանդիսավոր նիստի ժամանակ տարածաշրջանի եռասերունդ երկրապահները՝ պատերազմի մասնակիցներ, երիտասարդ երկրապահներ և պատանի երկրապահներ, միաբերան խոսում էին այն մասին, որ ԵԿՄ-ն, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, հավատարիմ է Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամներին, անդավաճան ընթանում է Հայաստան պետության հզորացման ճանապարհով:

 

Այսօրինակ միջոցառումների անբաժան մասն է պարգևատրման արարողությունը: Սակայն, ուշագրավ է, որ հատկապես վերջին շրջանում, պարգևներ ստանալուց առավել սպասված է ԵԿՄ անդամատոմսերի հանձնման արարողությունը: Կազմակերպությանն անդամակցել կամեցողների բանակը ստվարանում է օրեցօր, և վարչությունը չի հասցնում բոլոր անդամագրվողներին կարճ ժամկետներում հանձնել անդամատոմսեր: Այս միջոցառման ժամանակ հանդիսավոր պայմաններում ԵԿՄ անդամության վկայականներ հանձնվեց իջևանցի մոտ հազար նորագիրներից մի քանի տասնյակին:

 

Միջոցառման ժամանակ ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը փոխանցեց վարչության նախագահի հանձնարարականները, ներկայացրեց, թե արտակարգ իրավիճակների նախարարության հետ կնքված համագործակցության հուշագրի և ՊՆ-ԿԳՆ-ԵԿՄ եռակողմ հուշագրի ուժի մեջ մտնելով պայմանավորված ինչ կոնկրետ անելիքներ կան տեղերում: Ի դեպ, ԵԿՄ բաժանմունքներում, մարզային խորհուրդներում արդեն ձևավորվում են համապատասխան հանձնաժողովները, իսկ երկրապահական ակտիվի նիստերին, որպես լիիրավ երկրապահներ, մասնակցում են ԱԻՆ, ՊՆ և կրթական համակարգի ներկայացուցիչներ:

 

***

 

Սպիտակ տան տարածք ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել

 

Ուրբաթ օրը անօրինական ճանապարհով Սպիտակ տան տարածք ներխուժած տղամարդը ձերբակալվել է պահակախմբի կողմից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օրինախախտը 42-ամյա մի տղամարդ է:

Նա ձերբակալված է և նրան պատիժ է սպառնում: Գաղտնի ծառայությունը դեռ պետք է զբաղվի նրա արարքի դրդապատճառների մանրամասն հետաքննությամբ: Նրա մոտ զենք չի հայտնաբերվել: Սակայն տղամարդը խոստովանել է, որ իրեն հաջողվել է հասնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նստավայրի գխավոր մուտք՝ նախքան զինված պահակախբի հայտնվելը:

 

***

 

Ուկրաինական բանակը շաբաթ օրը 7 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԴԺՀ

 

Ուկրաինական զորքերը շաբաթ օրը երեկոյան յոթ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը Դոնեցկի մերձակայքում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

«Տեղական ժամանակով ժամը 21:00-22:00-ին Դոնեցկի Պետրովսկի շրջանը երկու անգամ գնդակոծության է ենթարկվել»,- հայտնել են աշխարհազորայինների շտաբից:

Հրետանային հրթիռների գնդակոծությանն են ենթարկվել աշխարհազորայինների դիրքերը և Ֆաշեցկա գյուղի տները:

Դոնեցկի օդանավակայանի կողմից կրակ են բացել ականանետերից և տանկերից Սպարտակի արևմտյան ծայրամասի ուղղությամբ»,-հաղորդել են ԴԺՀ-ի շտաբից:

 

***

 

Ադրբեջանն անցնող շաբաթ հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ

 

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն' սեպտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակո ց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում' առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

 

***

 

Զորամասի ավտոմեքենան շրջվել է ձորը. վարորդը տեղում մահացել է, կան տուժած զինծառայողներ

 

2014թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, N զորամասի «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

Դեպքը տեղի է ունեցել նույն զորամասի թվով 13 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին:

 

Ավտոպատահարի հետևանքով մեքենայի ղեկին գտնվող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը գլխի շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է, իսկ մեքենայի ուղևորներ՝ զինծառայողներ, ավագ լեյտենանտ Հարություն Վարդանի Խաչատրյանը, լեյտենանտ Արմեն Սիսակի Հովսեփյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Վարդանի Գրիգորյանը, Նարեկ Սամվելի Միրզոյանը, Մհեր Սամվելի Վարդանյանը, սերժանտ Բորիս Վիգենի Թունյանը, շարքայիններ Տիգրան Արմենի Օհանյանը, Ավետիք Արայիկի Նազարյանը, Արտյոմ Մանվելի Աբրահամյանը, Աշոտ Արմենի Սարգսյանը, Մուրազ Ժորայի Սադոյանը, Վարդգես Արսենի Խաչատրյանը կյանքին վտանգ չսպառնացող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ:

 

Բժիշկների գնահատմամբ՝ վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

 

***

 

Հրթիռային հարված՝ Դոնեցկում

 

Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության աշխարհազորայինների շտաբից հայտնել են, որ Դոնեցկը հրթիռային հարվածի է ենթարկվել: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:

Նախնական տվյալներով հարված է հասցվել երկու հրթիռով:

Հարվածը հասցրել են այն պահին, երբ Ռուսաստանից ժամանած հումանիտար օգնությամբ բեռնատարի բեռնաթափումն էր իրականացվում:

Զոհերի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվել:

 

***

 

Պատերազմը դեռ չի ավարտվել. Սերժ Սարգսյան

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծումը բոլորի նպատակն է, իսկ դա հնարավոր է միայն քաղաքագիտական և դիվանագիտական հարթության մեջ, բանակցությունների միջոցով: Այս մասին Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի ժամանակ փակման խոսքում նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Պատերազմը դեռ չի ավարտվել: Այն պսակվել է մեր փայլուն հաղթանակն արձանագրված զինադադարով, իսկ այսօր մեր հայրենիքի սահմաները պահպանում է հայկական մարտունակ և անպարտելի բանակը»,- «Ամրմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ցանկացած հայ հպարտ է այսպիսի հզոր և մարտունակ բանակ ունենալու համար, որը կազմակերպվածության օրինակ է ծառայում բոլորի համար: «Համոզված եղեք, որ մեր բանակը կկանխի ցանկացած ոտնձգություն հայրենիքի նկատմամբ, երբեք չի ընկրկի և վստահաբար կպաշտպանի երկու անկախ հայկական պետությունների սահմանները»,- շեշտեց ՀՀ Նախագահը:

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք է միասնաբար պայքարեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և Արցախի Հանրապետությունը միջազգային հանրության լիիրավ անդամ դարձնելու համար:

 

***

 

Հայաստանը 2015թ. կդառնա ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային հարթակ. Վիգեն Սարգսյան

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 2015թ.-ն, մեզ համար չպետք է դառնա սգո և ողբի տարի: Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողության ժամանակ իր ելույթում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Մենք դա թույլ չենք տա առաջին հերթին հենց այն պատճառով, որ դա է եղել մեզ կոտորողների երազն ու ցանկությունը՝ մեզ վերածել վտարանդի, քոչվոր, լափող, ողբացող մարդկային զանգվածի՝ զրկե լով մեզ ժողովուրդ կոչվելու շնորհից և հայրենի տուն ունենալու հնարավորությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը ընդգծեց, որ նրանք չաչաչար սխալվել են իրենց հաշվարկներում, քանի որ աշխարհով մեկ սփռված հայությունը քոչվոր չդարձավ, մուրացկան չդարձավ, չբարոյազրկվեց, այլ համախմբվեց, ինչպես կարող է համախմբվել իմաստուն ժողովուրդը:

 

«Ի՞նչ իմանային Էնվերն ու Թալեաթը, որ հայկական այգին ավերելով, աշխարհով մեկ են ցրում մի այնպիսի սերունդ, որից պիտի ծնվեին համաշխարհային մեծություններ, մարդիկ, ովքեր ակամայից պիտի դառնային հայոց դեսպաններ' դեսպաններ, որ պետություն չունեցող մի ժողովուրդ էին ներկայացնում, որ աշխարհին ասելու և տալու բան ունեին: Ի՞նչ իմանային նրանք, որ հայության իրենց կտրած ծառը վերաբողբոջելու է՝ ծաղկելով Արամ Խաչատրյաններով, Շառլ Ազնավուրներով, Հովհաննես Բաղրամյաններով, Վիլյամ Սարոյաններով: Եթե իմանային, հաստատ երկու անգամ կմտածեին դա անելուց առաջ»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը:Շարունակությունն՝ այստեղ:

 

***

 

Ավտովթար Երևանում. վարորդը հանկարծամահ է եղել մեքենան վարելու ընթացքում

 

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամ 18․30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 34 MՏ 697 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն վարչական շրջանում՝ Բեկ֊ Փիրումյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel Vectra մակնիշի 23 ՍՏ 303 համարանիշի ավտոմեքենային: