«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Արգավանդում վթարվել են տաքսի ծառայությունների մեքենաները
Արարատի մարզային փրկարարական վարչությունում ապրիլի 16-ին ժամը 23:02-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ մարզի Արգավանդ գյուղի առաջին խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Տուժածին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ իրար են բախվել «Դեյվիդ» տաքսի ծառայությանը պատկանող «Հոնդա Էլանտրա» մակնիշի L 4022 պետհամարանիշի ավտոմեքենան, որը վարել է 1991 թվականին ծնված Ա.Դ.-ն եւ «Պեգաս» տաքսի ծառայությանը պատկանող «Դեվյու» մակնիշի 34 VM 198 պետհամարանիշի ավտոմեքենան, որը վարել է 1963 թվականին ծնված Ն.Գ.-ն:
Մինչ փրկարարների ժամանումը, Ն.Գ.-ն տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ' տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները եւ փակել գազի բալոնների փականները:
***
Մեզ մոտ ցեղասպանություն չի եղել, իսկ պատմությունը պետք է պատմաբաններին թողնել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանում հանդես է եկել Եվրախորհրդարանի և դրա ընդունած բանաձևի քննադատությամբ: Այդ մասին հայտնել է Zakon.kz-ի թղթակիցը:
Նա հայտարարել է, որ եվրապատգամավորներ 1915-17թվականի դեպքերը ցեղասպանություն անվանելով՝ ոչ թե մտածում են հայերի մասին, այլ օգտագործում են նրանց:
«Որպեսզի խոսել ցեղասպանության, իրադարձությունների, պատմության մասին, այդ պատմությունը պետք է իմանալ: Եվ այն պետք է գրեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները»,- երեկ Աստանայում հայտարարել է Էրդողանը:
«Մենք միշտ հարգել են հարևան և արտասահմանյան երկների մշակույթն ու արժեքները, բայց մեզ մոտ ցեղասպանություն չի եղել: Այդ տարիներին մեր երկրի ժողովուրդը բոլորից շատ է տուժել: Այդ պատճառով Եվրախորհրդարանի հայտարարությունը, նրանց բանաձևը մեզ համար ոչինչ է»,- ասել է նա:
Էրդողանը նշել է, որ այս պահին Թուրքիայի տարածքում ապրում է 40 հազար հայ, ովքեր լքել են հայրենիքը: Նա հավելել է, որ շարունակում է ջերմությամբ և ընկերաբար վերաբերվել հայերին, ինչպես և երկրում ապրող մնացյալ մարդկանց: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ապրիլի 23-ին Հայաստանին համերաշխության ձեռք է մեկնել, սակայն դրան ոչ ոք չի պատասխանել:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին եվրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին» նվիրված բանաձևը:
Բանաձևը դատապարտում է բոլոր տիպի ցեղասպանություններն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, կարևորում դրանց կանխարգելմանն ուղղված ջանքերը: Շեշտելով Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն անմեղ հայերի կոտորածները, իր եղբայրական աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ և կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին ու Եվրոպայի խորհրդին միանալ հիշատակի արարողություններին:
***
Ցեղասպանության ճանաչումը բարոյականության հարց է, Էրդողանն այն առաջնորդը չէ, որ կլուծի այն. The Guardian-ի անդրադարձը
Գալիպոլիի մարտերի հիշատակի արարողությունների օրվա տեղափոխմամբ Թուրքիան ցանկանում է ստվերել հայերի կոտորածի հարյուրերորդ տարելիցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի լրագրող Կոստանցե Լեչի հրապարակած հոդվածում:
Լրագրողը հիշեցնում է, որ Գալիպոլիի մարտերի տարելիցը մշտապես նշվել է ապրիլի 25-ին'«հաջորդելով Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայերի սպանության տարելիցի օրվան»: «Սա շատ անպարկեշտ քաղաքական քայլ է, սա էժան քաղաքականություն է, որը նպատակ ունի տարալուծել Թուրքիայի նկատմամբ առկա ճնշումը: Բոլորը գիտեն, որ Գալիպոլիի իրադարձությունների շուրջ հիշատակի երկու օրերն էլ ամեն տարի արվել են մարտի 18-ին և ապրիլի 25-ին»,- լրագրողը մեջբերում է պոլսահայ ուսումնասիրող և «Ակոս»-ի թղթակից Օհաննես Քըլըչդաղի խոսքերը:
Լեչը գրում է, որ Մեծ Բրիտանիայի արքայազնը, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետներն արդեն իրենց համաձայնությունը տվել են այդ օրը լինել Գալիպոլիում: Սակայն, միևնույն ժամանակ, հարյուրավոր մարդիկ ապրիլի 24-ին լինելու են Թասքիմի հրապարակում, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ են տեղի ունենում 2010 թվականից ի վեր: Արարողություն տեղի կունենա նաև Դիարբեքիրում, սակայն գլխավոր իրադարձությունն ակնկալվում է Երևանում, որին կմասնակցեն տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից:
The Guardian-ի լրագրողը նշում է, որ միջազգային հանրության ուշադրությունը հայերի կողմից իրականացվող հիշատակի արարողություններից շեղելու թուրքական փորձը հայերն ուղղակի «նողկալի» են բնորոշում: Նա պատմում է, որ Թուրքիան մինչ օրս հրաժարվում է Օսմանյան կայսրությունում կատարվածի համար պատասխանատվությունը վերցնել իր վրա: Ավելին, այն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը սկսեց խոսել այն մասին, որ 1915-ի դեպքերը ճանաչում է որպես ցեղասպանություն, հայտնի դարձավ, որ նա հեռացվել է ամիսներ առաջ զբաղցրած պաշտոնի որպես պատճառաբանություն բերելով տարիքը:
Լրագրողը փաստում է, որ թեպետ այսօր Թուրքիայում բնակվում է ավելի քան 100 հազար հայ, նրանցից շատերը չափազանց շատ են վախենում բացեիբաց խոսել իրենց էթնիկ պատկանելության մասին կամ դավանել իրենց քրիստոնեական հավատը:
Էրդողանի և նրա վարչակազմի նման քաղաքականությունը թուրք լրագրող Օրհան Քեմալ Ջենգիզը մեկնաբանել է ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններով' բրիտանական պարբերականի թղթակցին ասելով, որ իշխող կուսակցությունը ցանկանում է ստանալ երկրի ազգայանական շրջանակների ձայները: «Էրդողանը շատ պրագմատիկ գործիչ է, ով շատ լավ գիտակցում է, թե որ քայլով ինչպիսի քաղաքական առավելություններ կարող է ստանալ: Սակայն հայկական հարցը գիտակցման և բարոյականության հարց է, և հենց այդ պատճառով է, որ Էրդողանն այն առաջնորդը չէ, որ կլուծի այդ հարցը»,- ասել է նա:
***
Արմեն Աշոտյանն ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի տարիքով ավագ անդամ, ակադեմիկոս, բուհի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, խորհուրդը նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնց ից առաջինը վերաբերել է բուհի ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը՝ պայմանավորված բուհի ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորվելու իրավական նոր կարգավիճակով:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կողմից նախագահի թեկնածու է առաջադրվել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ներկայացնելով Արմեն Աշոտյանին՝ Վիլեն Հակոբյանը նշել է, որ նա եղել է բժշկական համալսարանի լավագույն շրջանավարտներից, իր կրթական ու հասարակական- քաղաքական գործունեությամբ նպաստ է բերել բուհի զարգացմանը: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն քվեարկությամբ նախագահ է ընտրել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ նախարարը շեշտել է, որ բժշկական համալսարանը կրթական համակարգում ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է և պատահական չէ, որ նրա դերը առանձնակի կարևորվում է: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է նաև, որ նոր իրավական կարգավիճակով պայմանավորված' լիազոր մարմնի և ռեկտորատի մի շարք իրավասություններ վերապահվում են հոգաբարձուների խորհրդին:
Նիստի ընթացքում ընտրվել է նաև հոգաբարձուների խորհրդի քարտուղար, հաստատվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը: Խորհուրդը քննարկել է նաև ԵՊԲՀ ռեկտորի թափուր տեղի մրցույթի կազմակերպման հարցը, որոշվել է ռեկտորի ընտրության մրցույթը հայտարարել սույն թվականի ապրիլի 20-ին, իսկ ընտրությունն անցկացնել հունիսի 5-ին՝ հաշվի առնելով թեկնածուների փաստաթղթերի ներկայացման 40-օրյա ժամկետի պահպանման կարգը:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհդի նիստում քննարկվել են նաև մի շարք ընթացիկ հարցեր:
***
Կրեմլում չեն բացառում Երևանում Պուտինի հանդիպումը Օլանդի հետ
Կրեմլում չեն բացառում, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպում կունենա Ֆրանսիայի իր պաշտոնակցի՝ Ֆրանսուա Օլանդի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Պուտինի և Օլանդի Երևան ժամանումը համընկնում է, նրանք այնտեղ գտնվելու են միաժամանակ, ուստի չի կարելի բացառել նրանց շփումները հայկական կողմի պատրաստած ծրագրի շրջանակներում»,- ապրիլի 17-ին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
***
Վրաերթ' Երևանում. 17-ամյա երիտասարդն ու 55-ամյա կինը տեղափոխվել են հիվանդանոց
«Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ապրիլի 16-ին՝ ժամը 20.00-ին, Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը՝ ժամը 13.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողատայի թիվ 79 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն:
***
Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. բեռնատար ավտոմեքենան շրջվել է ձորակը. կա 1 զոհ, 8 վիրավոր
Ապրիլի 17-ին՝ ժամը 16.56-ին, ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Լոռու ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 24-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ):
Ժամը 17.40-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1996 թ. ծնված Մ. Շ.-ին, իսկ ժամը 18.36-ին՝ 1995 թ. ծնված Ա. Պ.-ի դին:
Անհրաժեշտությունից ելնելով՝ Սպիտակ քաղաքի ԲԿ է մեկնել Սպիտակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Ուղևորներ՝ 1996 թ. ծնված Մ. Ք.-ը, 1996 թ. ծնված Ն. Ա.-ը, 1995 թ. ծնված Հ. Գ.-ը, 1996 թ. ծնված Ա. Ս.-ը, 1995 թ. ծնված Ա. Օ.-ը, 1995 թ. ծնված Բ. Մ.-ը և 1996 թ. ծնված Ռ. Օ.-ը հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: