Շարունակելով աշխատանքային այցը Սյունիքի մարզ՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Մեղրի և Ագարակ քաղաքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, Մեղրիում ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Մեղրիի զինկոմիսար ի, ոստիկանության և ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոռոգման նպատակով Մեղրիում 5 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի կառուցման հարցը, համայնքին աղբատար մեքենայի տրամադրման, մշակույթի տան, մանկապարտեզի և զբոսայգու տարածքից արտեզյան ջրի հեռացման խնդիրները: Քննարկվել է նաև տարածաշրջանում անտառային հրդեհները մարելու նպատակով տեղի հրշեջ-փրկարարական ծառայությանը մեծ տարողությամբ հրշեջ մեքենայի տրամադրման հարցը: Խորհրդակցության աշխատանքային խումբն անդրադարձել է նաև նոր տրանսֆորմատորային կայանի կառուցման խնդրին:

 

Ագարակ քաղաքի առկա խնդիրների քննարկման ընթացքում, մասնավորապես, խոսվել է համայնքի համար մարզադահլիճի կառուցման մասին: ՏԿԱԻ նախարարը քաղաքապետերին հանձնարարել է հնչեցված խնդիրների լուծման վերաբերյալ ներկայացնել կոնկրետ ծրագիր և հաշվարկներ:

 

Նախարար Երիցյանն այցելել է նաև Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մասը կազմող Սյունիքի 5 համայնքները (Տաթև, Սվարանց, Տանձատափ, Քաշունի, Հալիձոր), հանդիպել տեղի բնակիչների հետ և քննարկել համայնքների խոշորացման ծրագիրը: Պատասխանելով գյուղացիներին հուզող հարցերին՝ նախարար Երիցյանը, մասնավորապես, նշել է, որ համայնքների խոշորացման ծրագիրը որևէ փաստաթղթային բարդություն չի առաջացնելու գյուղացիների համար: «Յուրաքանչյուր գյուղ ունենալու է իր ղեկավարը, որը լիազորված կլինի տեղեկանքներ տրամադրել տեղի բնակչին և գյուղացին ստիպված չի լինի անհրաժեշտ փաստաթղթի համար երկար ճանապարհ կտրել»,-ասել է Արմեն Երիցյանը:

 

Սյունիքի մարզում աշխատանքային այցի 2-րդ օրը ՏԿԱԻ նախարարը մասնակցելու է Սյունիքում մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը և մարզխորհրդի նիստին: