Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը փետրվարի 10-ին աշխատանքային այցով մեկնել էր Արագածոտնի մարզի մարզկենտրոն: Արագածոտնի մարզպետարանի դահլիճում ՏԿԱԻՆ նախարարը անցկացրեց մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որին ներկա էին նաև Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարները:
Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարները ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի առջև բարձրացրեցին համայնքներում վարելահողերի ոռոգման, սելավատարների մաքրման, խմելու ջրի, համայնքներում հակակարկտային կայանների ավելացման և գյուղերի գազաֆիկացման խնդիրները:
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ բոլոր խնդիրներին հետզհետե լուծումներ կտրվեն: «Ես խնդրում եմ համայնքներում առկա խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուց բացի, ինձ ներկայացնել նաև հաշվարկներ, որպեսզի մենք տեղեկանանք, թե որքան գումար է անհրաժեշտ ներկայացված խնդիրները լուծելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ընդգծեց Արմեն Երիցյանը:
Արագածոտնի մարզպետարանի դահլիճում կայացած մարզխորհրդի նիստից հետո Արմեն Երիցյանը այցելեց Արագածոտնի մարզում կառուցվող հակաճգնաժամային կենտրոն: «Հայաստանի բոլոր մարզերում կառուցվող բոլոր մարզային ճգնաժամային կենտրոնները մինչև ապրիլի սկիզբ պատրաստ կլինեն: Ես կարևորում եմ հատկապես այն, որ ճգնաժամային կառավարման կենտրոնները նաև մարզպետներին կզեկուցեն մարզերում տիրող իրավիճակի մասին, բացի այդ, բոլոր մարզերում գործելու է «911» արագ արձագանքնման ծառայություն»,-նշեց ՏԿԱԻ նախարարը:
Նա նկատեց, որ համայնքներում առկա խնդիրներին պետք է տեղում ծանոթանալ: «Ես իմ այցելությունները սկսել եմ սահմանամերձ գյուղերից և կարծում եմ մյուս գյուղերում նույնպես պետք է լինենք: Համայնքների ղեկավարները հարցեր բարձրացրեցին, որոնք գլոբալ խնդիրներ են, և այդ խնդիրների լուծման համար մեծ գումարներ են հարկավոր, սակայն կան հարցեր, որոնք մենք կարող ենք լուծել, և այստեղ կարևոր է հատկապես այն, որ պետք է նաև միջազգային կազմակերպությունների հետ աշխատենք»,- ընդգծեց Արմեն Երիցյանը և հավելեց, որ կարևորում է համայնքների համաչափ զարգացnւմը, ինչպես նաև համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը' հատկապես Թումանյան, Դիլիջան և Տաթև համայնքների խոշորացման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները: «Հայաստանի 915 համայնքներում առկա են գրեթե նույն' վարելահողերի ոռոգման, խմելու ջրի և գազաֆիկացման խնդիրները, և մենք կփորձենք լուծել այդ դրանք»,- հավաստեց ՏԿԱԻ նախարարը:
Արագածոտնի մարզում կառուցվող հակաճգնաժամային կենտրոնում կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո, Արմեն Երիցյանը այցելեց նաև Աշտարակի հիվանդանոց: Բուժհաստատության տնօրեն Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ հիվանդանոցը վերանորոգման, ջեռուցման և տեխնիկական վերազինման կարիք ունի:
Հիվանդանոցի տնօրենը նկատեց նաև, որ վիրաբուժական բաժանմունքի սենյակներից մեկը վերանորոգվել է Յակուտիայի հայ համայնքի միջոցներով: «Բոլոր մարզերում պետք է ստեղծվի ահազանգման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա զանգահարել «911» ծառայություն և տեղյակ պահել արտակարգ դեպքի մասին: Դեռևս դա վերաբերելու միայն 1-03 ծառայությանը, այսինքն մարզերից զանգելով' մարդիկ այլևս չեն կապվի 1-03 ծառայության Երևանի կայանի հետ, այլ կկապվեն իրենց շրջկենտրոնի արագ արձագանքման ծառայությանը»,- հավելեց ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: