ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հունվարի 23-ի առավոտից մինչ ուշ երեկո Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

 

Արմեն Երիցյանն այցելել է Տավուշի մարզի Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար, Արծվաբերդ համայնքները և զրուցել է տեղի գյուղապետերի հետ, իսկ Չինարիում և Մովսեսում հանդիպել է նաև բնակչության հետ:

 

Քննարկվել են բնակչությանը հուզող բազմաթիվ հարցեր՝ սկսած հարկերից ու տուրքերից, վերջացրած բնակարանների սեփականաշնորհման, նոր ծնվող երեխաներին տրվող նպաստի, հրշեջ-փրկարարական հենակետերի, և, իհարկե, անվտանգության խնդիրներով:Արմեն Երիցյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են, և արվում է ամեն ինչ նրանց հուզող խնդիրներին լուծում տալու համար:

 

2014 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով սոցիալական աջակցություն է նախատեսվում ՀՀ 32 սահմանամերձ համայնքների բնակիչներին: Վերոհիշյալ համայնքներից 24-ը Տավուշի մարզում են. Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ներքին Ծաղկավան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիրաղբյուր:

 

Աջակցություն ստացող համայնքների ցանկը ներկայացվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դրանք, մասնավորապես, հանդիսանում են այն համայնքները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի հանրապետության կողմից ենթարկվել են գնդակոծության: Աջակցությունը նախատեսվում է տրամադրել բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի՝ մասնակի, և հողի հարկի ու գույքահարկի ամբողջությամբ փոխհատուցման ձևով:

 

ՀՀ կառավարությունը 2015 թվականի համար նախատեսում է աջակցություն տրամադրել բաժանորդների սպառած գազի ծավալի (մինչև 30 խմ) 50%-ի չափով, իսկ սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ)՝ 50%-ի չափով: Աջակցություն նախատեսվում է տրամադրել նաև այն բաժանորդների համար, որոնք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ չեն, սակայն հանդիսանում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդներ:

 

Վերոնշյալ բաժանորդների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 2015թ-ի հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համ ար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվելու է 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար:

 

Ոռոգման ջրի համար նախատեսված աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ համայնքներում ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի չափով:

 


Ամբողջությամբ փոխհատուցվելու է նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկը և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկը: