ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր' ապրիլի 2-ին, խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզի Մյասնիկյանի համայնքապետարանում' գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ: Համայնքների ղեկավարները ներկայացրել են ցրտահարությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը:

 

Ինչպես ապրիլի 1-ին Արարատի մարզում կայացած հանդիպմանը, այստեղ եւս հիմնականում բարձրացվել են պետության կողմից աջակցությանը, վարկային պարտավորությունների մեղմմանը, առավել մատչելի ոռոգման ջրով, անհրաժեշտ սերմացուով ապահովմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ մարզի գյուղացիական տնտեսությունների մի մասն արդեն երկրորդ տարին է, ինչ զգալի վնասներ է կրում, եւ համայնքապետների կողմից առաջարկվել է այդ տնտեսությունների նկատմամբ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել:

 

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ վնասի չափերը ճշգրտելու համար ներկայումս աշխատանքներ են իրականացվում տեղերում: Առաջիկայում տուժած գյուղացիական տնտեսությունների աջակցության վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն կառավարություն: Նա խոստացել է, որ Արմավիրի մարզի դեպքում հաշվի կառնվի նաեւ համայնքապետների մատնանշած հանգամանքը: Տեղեկացվել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նույնպես քննարկում է գյուղացիական տնտեսությունների համար առավել մատչելի ոռոգում ապահովելու հարցը, եւ դրա վերաբերյալ եւս առաջարկություններ կներկա յացվեն: Բացի այդ, հանձնարարվել է նաեւ գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին:

 

Վարկային պարտավորությունների խնդրին անդրադառնալով' Արմեն Գեւորգյանը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է Կենտրոնական բանկի ղեկավարության հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կձեւավորվեն աշխատանքային խմբեր' համայնքներում տնտեսությունների հետ անհատական կարգով աշխատանքներ իրականացնելու եւ պարզելու անցած տարի կարկտահարությունից տուժած տնտեսությունների համար կիրառված մեխանիզմների նպատակահարմարության հարցը ստեղծված իրավիճակում:

 

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող' ցրտահարության հետեւանքների մեղմանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի համայնքների ղեկավարներն առաջիկա օրերի ընթացքում հաշվարկեն սերմացուի պահանջարկը եւ համապատասխան տեղեկատվություն ներկայացնեն մարզպետարան:

 

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը նույնպես Արմավիրի մարզի մի շարք համայնքներում հանդիպումներ կունենա գյուղացիական տնտեսությունների հետ' իրավիճակին եւ առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: