ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի մոտ այսօր' ապրիլի 11-ին կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարությունից տուժած համայնքների վնասը փոխհատուցելու մասին ՀՀ կառավարության որոշման իրականացման հարցը: Ներկայացնելով որոշմամբ սահմանված միջոցառումները' օգնության ձևերն ու դրանց հատկացման կարգը, նախարարի պաշտոնակատարն առաջնահերթ է համարել սերմերով ապահովվածության գործընթացի արագացումը: Հանձնարարվել է շուտափույթ ավարտել սերմերի գների հնարավոր իջեցման մասին պայմանավորվածությունները ներկրողների հետ, հստակեցնել սերմերի պահանջարկի վերջնական ծավալներն ու ապահովել դրանց ձեռքբերման աշխատանքները:
Նշված բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն մինչև ապրիլի 15-ը, երբ պարտադիր պետք է սկսվի բաշխման գործընթացը: Հանձնարարվել է բաշխման գործընթացին ակտիվորեն ներգրավել ԳԱՄԿ-երի աշխատակիցներին, գյուղացիական տնտեսություններին անհապաղ տեղեկացնել, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի, ապահովել բաշխման գործընթացի թափանցիկությունը լրատվամիջոցների և շահառուների համար:
Օրակարգային երկրորդ հարցը կարտոֆիլի և լոլիկի ցեցի դեմ օգտագործվող ֆերոմոնային թակարդների ձեռքբերման և բաշխման, ինչպես նաև խաղողի ֆիլոքսերայի դեմ տարվող պայքարի միջոցառումների իրականացման մասին է եղել: Նշված աշխատանքների արագացման համար, նախարարի պաշտոնակատարը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին և ծառայությունների ղեկավարներին: