Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ում նախաձեռնությամբ գագաթնաժողովը կհյուրընկալվի Երևանում՝ ս.թ. հոկտեմբերի 19-20-ը: Միջոցառումն անցկացվում է «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի հետ համատեղ: Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ նախնական տվյալներով՝ գագաթնաժողովին սպասվում է ակտիվ մասնակցություն:
Գագաթնաժողովը կանցկացվի լիագումար նստաշրջանի և աշխատաժողովների ձևաչափով: Նախատեսվում են քննարկումներ՝ ժողովրդավարական գործընթացներին կանանց մասնակցության մարտահրավերների և հնարավորությունների, խաղաղության և անվտանգության գործում կանանց ներդրման, հակամարտություններից տուժած կանանց խնդիրների և հարակից այլ թեմաների շուրջ:
Հանձնաժողովի անդամները քննարկել են գագաթնաժողովի անցկացմանը վերաբերող բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր: