ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են խմելու և ոռոգման ջրի, խոտի մթերման, հողօգտագործողների պարտավորությունների մարման և 2015թ. գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հետ կապված հարցեր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ոռոգման ակտիվ ժամանակահատվածում հանրապետության շատ համայքներում խմելու և ոռոգման ջրի խնդիր կա, ինչը, առկա հիմնախնդիրների հետ միասին, պայմանավորված է նաև տեղումների նվազմամբ:

 

Տեղումների նման սակավություն երկար տարիների ընթացքում Արցախում չի արձանագրվել. ըստ վարչապետի ունեցած տեղեկությունների' տեղումներ չեն սպասվում նաև առաջիկայում: Արա Հարությունյանի գնահատմամբ' ստեղծվել է արտակարգ իրավիճակ, ինչը հաղթահարելու համար պետք է միջոցներ ձեռնարկել:

 

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել համայնքներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հանրապետության 56 համայնքներում խաթարված է կենտրոնացված ջրամատակարարումը:

 

Ըստ շրջվարչակազմերի ղեկավարների' չնայած բնակչությունն ապահովված է խմելու ջրի նվազագույն պաշարներով, այնուամենայնիվ, խնդիրը հրատապ լուծում է պահանջում: Առանձին համայնքներում վիճակն առավել վատթար է, որոնց մասով կմշակվեն առանձին նախագծեր, կստուգվեն և անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն պոմպակայաններ, կուսումնասիրվեն տեղանքները' արտեզյան ջրհորներ փորելու համար:

 

Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ' «Ջրամատակարարում և ջրահեռացում» ՓԲԸ կողմից կնախաձեռնվեն համապատասխան միջոցառումներ, որպեսզի ջրի խնդիր ունեցող բնակավայրերի բնակիչներին' շնչին օրական մոտ 100-120լ ջուր մատակարարվի: Մնացած համայնքներում ջրի հետ կապված խնդիրները կլուծվեն շրջվարչակազմերի և համայնքապետերի միջոցներով և առաջարկվող տարբերակներով:

 

Վարչապետը հանձնարարել է համայնքներում ավարտել հաշվիչների տեղադրման գործընթացը, միաժամանակ երկու սակագին սահմանել' որոշված ծավալից ավելի շատ ջուր օգտագործելու դեպքում նվազեցնելով սակագինը: Երկու սակագնի ներդրմամբ հնարավոր կլինի վերահսկել և կառավարել առկա ջրային պաշարները:

 

Խորհրդակցությանը քննարկվել է նաև ոռոգման ջրի բաշխման հարցը: Հանձնարարվել է ոռոգման ջուրն ուղղել հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաների, պտղատու այգիների և ծխախոտի պլանտացիաների մշակմանը: Ջրի կորուստներից խուսափելու համար առաջարկվել է հետագայում ոռոգման ենթակա տարածքների համար սահմանել համապատասխան չափորոշիչներ:

 

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև անասնակերի մթերման աշխատանքների ընթացքը: Շրջվարչակազմերի ղեկավարները զեկուցել են հավաքված պաշարների, ինչպես նաև ակնկալվող պակասորդի վերաբերյալ: Ըստ զեկուցումների՝ տեղական պաշարները հիմնականում բավարարելու են առկա պահանջարկը, իսկ պակասորդի առկայության պարագայում, վարչապետի հանձնարարականի համաձայն, գյուղացիներին ցուցաբերվելու է համարժեք աջակցություն:

 

Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է բերքահավաքի արդյունքները: Նրա խոսքով՝ առայսօր հնձվել է շուրջ 45 հազար հեկտար ցորենի դաշտ, իսկ միջին ցուցանիշները գոհացուցիչ չեն: Ըստ կառավարության ղեկավարի՝ ընթացիկ տարին աննախադեպ անբարենպաստ է եղել հացահատիկային մշակաբույսերի համար, և երաշտը նշանակալիորեն ազդել է բերքահավաքի արդյունքների վրա:

 

Անդրադառնալով շուկայում գործող ցորենի գնին՝ վարչապետ Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը» 1 կգ ցորենն մթերելու է 150 դրամով' կանխելու համար ցորենի գնի անկումը:

 

Ա. Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է կարճ ժամկետում տվյալներ և առաջարկություններ ներկայացնել հաջորդ տարվա գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ:

 

Նրա խոսքով՝ հաշվի առնելով ընթացիկ տարվա անբարենպաստ եղանակը՝ գործադիրն զգալի աջակցություն ու արտոնություններ է տրամադրելու հողամշակներին: Այդ աջակցությունը կարող է լինել թե՛ վարկերի մարման ժամկետների հետաձգման, թե՛ համապատասխան հարկերից ազատելու, թե՛ սերմացուի և այլ նյութական միջոցների տեսքով: