ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է սուպերէլիտային և էլիտային ցորենի սերմարտադրողների հետ' Հայաստանում սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրերի իրականացման ընթացքն ու առաջիկա խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը, «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

 


Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրապետությունում տեղական սերմնաբուծության զարգացմանը, բերքատվության բարձրացման նպատակով որակյալ սերմացուի արտադրությանը, սերմերի ինքնարժեքի նվազեցման ուղղությամբ իրականացվելիք քայլերին, ոլորտում գյուղատնտեսական նորագույն տեխնիկայի ներդրմանն առնչվող և այլ հարցերի: Քննարկվել է նաև ներկրման համար առավել նպատակահարմար սուպերէլիտային սորտերի սերմերի հարցը, ցանքաշրջանառության ապահովման համար ձեռնարկվող միջոցառումները:

 


Քննարկումների արդյունքում առանձնացվել են սերմնաբուծության ոլորտի հետագա զարգացման համար հիմնարար նշանակություն ունեցող առանցքային կետերը, այդ թվում' հացահատիկի մշակության կարևորությունը ցանքաշրջանառության և պարենային անվտանգության ապահովման նպատակով, պետության աջակցության շարունակականությունը' ուղղված ոլորտի զարգացմանը, տեղական արտադրողների կողմից սելեկցիոն աշխատանքների կազմակերպումը, մեխանիզացիայի պարկի վերազինման անհրաժեշտությունը, ապահովագրության մեխանիզմի մշակումը, պայմանագրային հիմունքներով գնային քաղաքականության կարգավորումը, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի ազատումը ԱԱՀ-ից:

 


Նախարարն առաջարկել է հաշվարկել և Աշոտ Հարությունյանին ներկայացնել 2017 թվականի գարնանացանի և աշնանացանի համար անհրաժեշտ ցորենի և այլ սերմերի պահանջարկը, ինչպես նաև պարբերաբար կազմակերպել նման ձևաչափով հանդիպումներ' ընթացիկ խնդիրները քննարկելու և օպերատիվ լուծումներ տալու նպատակով:

 


ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին