Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը 2024 թվականի ընթացքում իրականացնում է «Հայաստանի Հանրապետության նախագահության տարին ԵԱՏՄ-ում. նախաձեռնողական քաղաքականության նոր ուղղությունները» խորագրով թեմատիկ քննարկումներ՝ անդրադառնալով ոլորտային նախարարությունների կողմից իրականացվող միջոցառումների ծրագրերին ու դրանց արդյունքներին:
Հանձնաժողովի՝ մարտի 11-ի նիստում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջնահերթություններին ու նախաձեռնողական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշել է, որ այս տարի ընդհանուր շուկաների գործնական կիրառություն չի լինի. նախանշված էր, որ ընդհանուր շուկաները պետք է սկսեին գործել 2025 թվականից, սակայն այս պահին ԵԱՏՄ շրջանակում շրջանառվում է ընդհանուր շուկաների գործարկման հետաձգման որոշումը, եւ այն հավանաբար կհետաձգվի մինչեւ 2027 թվական:
Անդրադառնալով գազի ընդհանուր շուկայի գործարկմանը՝ Հակոբ Վարդանյանը նշել է, որ 5-7 հարցերի խմբերի շուրջ չկա կոնսեսուս: Փոխնախարարը կարեւորել է գազի ընդհանուր շուկայի գնի ձեւավորման սկզբունքային եւ առանցքային հարցը, երբ բոլորի համար պետք է գործեն նույն պայմանները. ՌԴ-ն եւ Ղազախստանը դեմ են այդ մոտեցմանը եւ գտնում են, որ ներքին սպառողների համար սկզբունքների ձեւավորումն այլ պետք է լինի:
Խոսելով էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի գործարկման մասին՝ փոխնախարարը նշել է, որ Հայաստանն ամբողջությամբ չի կարող ինտեգրվել այդ շուկային, որովհետեւ այդ շուկայի հետ չունի ընդհանուր սահման:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Հակոբ Վարդանյանն անդրադարձել է գազի գնի թանկացման հավանականությանը. «2019 թվականի հունվարի 1-ին է վերջին անգամ գազի գինը ՀՀ-ում ֆիքսվել: Ամեն տարի այդ քննարկումներն ու անհանգստությունը կա, սակայն դեռեւս 5 տարի է ՀՀ-ում գազի գինը կայուն է, եւ, կարծում եմ, հավանականություն կա, որ առնվազն եւս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական եւ շուկայական փոփոխություններ աշխարհում տեղի չունենան»,- պարզաբանել է փոխնախարարը:
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հավաստիացրել է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահության շրջանակում կատարելու է իր բոլոր պարտավորությունները:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակում իրականացվող տրանսպորտային քաղաքականությանը՝ նշելով, որ յուրաքանչյուր երեք տարին մեկ ԵԱՏՄ հարթակում մշակվում է ճանապարհային քարտեզ: Նա տեղեկացրել է, որ եղանակային պայմաններից առաջացող խնդիրները լուծելու նպատակով նոր ճանապարհ է կառուցվում Ստեփանծմինդա-Լարս տանող ճանապարհահատվածում՝ ընդհանուր 22 կմ երկարությամբ: Նախատեսված էր, որ 2024 թվականի ավարտին կշահագործվի ճանապարհը, սակայն որոշ տեխնիկական խնդիրների պատճառով ավտոճանապարհը կշահագործվի 2025 թվականին: