Նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Էնիրա Բրոնիցկայան հանդիպում է ունեցել դատախազությունում գործող ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խմբի ներկայացուցիչներ ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի և ՀՀ գլխավոր դատախազության՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է համապետական նշանակության ընտրություններին ընդառաջ նման հանդիպումների կայացումը:
Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ գլխավոր դատախազի հրամանով դատախազության համակարգում ստեղծված աշխատանքային խմբի խնդիրն է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումների, քաղաքացիների հաղորդումների և ահազանգերի գրանցումն ու հաշվառումը, դրանց ստուգման, նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելը, ինչպես նաև հանրային իրազեկման մեխանիզմներով այդ աշխատանքների հրապարակայնության ապահովումը:
Սևակ Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ իրավապահ մարմինները վճռական են տրամադրված՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ քվեարկության և քվեների հաշվարկի գործընթացների բնական և հանգիստ ընթացքն ապահովելու, հնարավոր ընտրախախտումները կանխելու, իսկ հանցավոր դրսևորումներ լինելու դեպքում մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել քրեական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին: Նշվել է, որ քրեական հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը խստացվել են, ինչն ունի առաջին հերթին կանխարգելիչ նշանակություն: Բացի այդ փոփոխությունների արդյունքում ընտրական առանձին հանցատեսակներ այլևս համարվում են ծանր կամ առանձնպես ծանր, ինչը թույլ է տալիս այդ հանցագործության փաստերով իրականացնել օպերատիվ-հետախուզական այնպիսի գործողություններ, որոնք մինչ այդ թույլատրելի չէին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչը հետաքրքրվել է նաև 2017թ. տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտման դեպքերի քննության արդյունքներով: Աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից նշվել է, որ քննված բազմաթիվ քրեական գործերով առկա են մեղադրական դատավճիռներ: Դրանցից 5-ով, անհամաձայնություն հայտնելով պատիժը պայմանականորեն չկիրառելու դատական ակտերի հետ, դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոքներ, որոնցից 4-ը բավարարվել է. բեկանել են առաջին ատյանի դատարանի որոշումները և նշանակել ռեալ ազատազրկում: Սևակ Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս հարցում ՀՀ դատախազությունը որդեգրել է ավելի խիստ քրեական քաղաքականություն:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցել ընտրությունների ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շրջանակներում: