Այսօր Orange Հիմնադրամը հայտարարեց իր երկրորդ «Մեկ գյուղ» նախագծի մեկնարկը: «Մեկ գյուղ» նախաձեռնությունն ուղղված է ընտրված մեկ գյուղական համայնքի տնտեսական գործունեության և սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանը: Այս տարի նախագիծը կիրականացվի Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում:

 

Պառավաքարում իրականացվող «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում ստեղծվել է գյուղատնտեսական կոոպերատիվ: Համայնքում խաղողագործության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արդեն տրամադրվել է խաղողի այգիները մշակելու համար հատուկ նախատեսված ժամանակակից տրակտոր, ինչպես նաև ոռոգման, վարման, խաղողի տնկիներն էտելու և մշակելու համար անհրաժեշտ սարքավորումներ: Ֆինանսական միջոցներ կհատկացվեն հավելյալ 25հա հողատարածք ոռոգելու համար, ինչը թույլ կտա ընդլայնել խաղողի այգիները և օգտագործել ջրի սղության հետևանքով նախկինում անմշակ հողատարածքը: Նախագծի նպատակն է այսպիսով էապես բարելավել համայնքի տնտեսական վիճակը, քանի որ գյուղում բնակվող ընտանիքների 95%-ը զբաղվում է խաղողագործությամբ:

 

 

«Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում կվերանորոգվի գյուղի մանկապարտեզը, ինչը հնարավորություն կտա կրկնապատկել մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը, բացի այդ, ընդհանուր առմամբ 4տ տարողությամբ ջրային տարաների տեղադրման միջոցով կլուծվի մանկապարտեզի խմելու ջրի խնդիրը: Խմելու ջրի մատակարարումը կվերականգնվի նաև համայնքի դպրոցի սաների և գյուղի բնակիչների համար: Ծրագրով նախատեսվում է նաև ֆուտբոլի խաղահրապարակի կառուցում: Ծրագրի շրջանակներում ֆինանսական և մարդկային ռեսուրսներ կուղղվեն Պառավաքարի, ինչպես նաև հարևան Վարագավան և Վերին Ծաղկավան համայնքների' ընդհանուր հաշվով 3200 բնակիչներին սպասարկող բժշկական ամբուլատորիայի վերանորոգմանն ու սարքավորումներով հագեցմանը:

 

 

Բոլոր աշխատանքներն իրականացվելու են «Շեն» բարեգործական կազմակերպության կողմից, համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ: Ծրագրին Orange Հիմնադրամի հատկացված ֆինանսական աջակցությունը կկազմի 52 միլիոն դրամ:

 

 

«Գյուղական համայնքերն ու դրանց առօրյա խնդիրները՝ հատկապես կայուն տնտեսական գործունեության բացակայությունն ու աշխատատեղերի սղությունը, մշտապես Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: «Մեկ գյուղ» նախաձեռնության միջոցով, որն առաջին անգամ իրականացրել ենք անցյալ տարի Հարթավանում, նպատակ ունենք զգալի և շոշափելի արդյունքների հասնել: Իր աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ սահմանից ընդամենը 2 կմ հեռավորության վրա գտնվող Պառավաքար համայնքը բավական խոցելի է, այդ իսկ պատճառով «Շեն» բարեգործական կազմակերպության և համայնքի գյուղապետարանի հետ միասին մենք մեծ հույսով ձեռնարկում ենք այս նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով էականորեն նպաստել գյուղի բնակիչների կյանքի պայմանների բարելավմանը»,- ասաց Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: