Հայաստանում 2015 թվականի ընթացքում կիրականացվի համայնքների խոշորացման երեք պիլոտային ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է համայնքների խոշորացման բարեփոխումների շրջանակում: «Գնալու ենք համայնքների խոշորացման, որտեղ որևէ դժգոհություն, վիճելի հարցեր չկան: Սա կրելու է շարունակական բնույթ»,- ասաց Աբրահամյանը:
Տեղական հանրաքվեներին նախապատրաստվելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվեց 42 մլն դրամ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ՀՀ կառավարության նիստում նշեց, որ նախատեսվում է ընթացիկ տարվա մայիսի 17-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքներում, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքներում, Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքներում անցկացնել տեղական հանրաքվեներ:
Համայնքներում հանրաքվեի կդրվեն հետևյալ հարցերը. «Համաձայ՞ն եք, որպեսզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվեն՝ Թումանյան համայնք անվանմամբ, Թումանյան համայնքի կենտրոնով», «Համաձայ՞ն եք, որպեսզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները միավորվեն՝ Դիլիջան համայնք անվանմամբ, Դիլիջան համայնքի կենտրոնով», «Համաձայ՞ն եք, որպեսզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները միավորվեն՝ Տաթև համայնք անվանմամբ, Շինուհայր համայնքի կենտրոնով»: